Մեկ բառով` անձրևահարկ 


 

Զավեշտալի է ու տարօրինա՞կ: Այո, անձրևը բնության պարգև է` ինչպես հողը, խմելու ջուրը: Դե, Լեհաստանի իշխանություններն էլ, որոնց աչքը ժողովրդի գրպանին է, երևի մտածել են, թե ինչո՞ւ պետք է հողի հարկ վճարողն այդ հողը ջրող անձրևն անհատույց ստանա: Մտածել են ու որոշել: Հիմա էլ լեհական մի շարք քաղաքների բնակիչները վճարում են այդ հարկը: Արդեն մի քանի տարի Պոզնանի, Կոշալինի, Բելսկո-Բյալի գանձարանները հաջողությամբ համալրվում են նաև այդ հարկատեսակով: Եվ ահա օրենսդիրները որոշել են այդ փորձը տարածել ամբողջ երկրում: Հետո՞ ինչ, որ մասնավոր տների բնակիչները միաձայն դեմ են նման նորարարությանը: Ժողովրդի ձայնը, ախր, ամենուր է անլսելի:

Համաձայն օրինագծի` այսուհետ անձրևահարկ կվճարեն ձեռնարկատերերը, առևտրականները, առանձնատների սեփականատերերն ու նույնիսկ բազմաբնակարան շենքերում տուն ունեցողները, եթե նրանք օգտվում են կոյուղուց: