Ջիհադ` Երուսաղեմի համար 


 

Ջիհադը հանուն Ալլահի զինված պայքարն է: Եվ Եգիպտոսում այդպիսի կոչ է հնչեցրել «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման գլխավոր առաջնորդ Մուհամեդ Բադիան: Մուսուլմաններին նա «սուրբ պատերազմի» է կոչել` վերադարձնելու սրբավայր Երուսաղեմն ու այնտեղ գտնվող Ալ-Աքսա մզկիթը:

- Երուսաղեմը հնարավոր չէ վերադարձնել ՄԱԿ-ի միջանցքներում կամ բանակցությունների ճանապարհով, որովհետև Իսրայելն ըմբռնում է միայն ուժային մեթոդները,- ասված է բաց ուղերձում, որն անցյալ շաբաթավերջին տարածվել է Կահիրեում:

Բադիան համոզմունք է հայտնել, թե իսրայելցիք չեն վերադարձնի իսլամական սրբավայրը, եթե «նրանց ձեռքերին չհարվածես»:

Երուսաղեմն, իրոք սուրբ քաղաք է, բայց ճանաչված է որպես եբրայական կրոնի կենտրոն: Մինչդեռ դրա պատկանելության հարցը ելակետային է` մերձավորարևելյան բազմամյա ընդհարումները կանխելու առումով: Մասնավորապես` պաղեստինա-իսրայելական հարաբերություններում: Այս քաղաքում են գտնվում ինչպես հրեականության հիմնական սրբավայր Լացիպատը, այնպես էլ իսլամի գլխավոր խորհրդանիշերից մեկը` Ալ-Աքսա մզկիթը: Համայն աշխարհի մահմեդականների կողմից հովանավորվող պաղեստինցիները պնդում են` ստեղծելու անկախ պետություն, որի մայրաքաղաքը պետք է գտնվի Արևելյան Երուսաղեմում: 1967 թվականից քաղաքի այդ հատվածը գրաված իսրայելցիներն էլ Երուսաղեմը հռչակել են «հրեական Իսրայել պետության միացյալ և անբաժանելի մայրաքաղաք»: