ԷՍ ԷԼ ԵՆՔ ՄԵՆՔ

«ԻՄ ՍՐՏԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄԻՑ ՎԵՐԱԾՎԵՑ ԶԻԲԻԼԻ ՔԱՂԱՔԻ»


 

2012-ը հոբելյանական է ՊՊԳՎ համար. բոլորում է դրա հիմնադրման 60-ամյակը: Շնորհավորել դեռ կհասցնենք, բայց վարչության նոր ու նորոգ տարածք մտնողի ուշադրությունից չի կարող վրիպել, որ այստեղ խնամքով են նախապատրաստվում տոնին: Աշխատանքային հարմարավետ պայմաններն, իհարկե, կապ չունեն տոնի հետ. այդպիսի պայմաններում պարզապես անկարելի է լավ չաշխատել: Ինչ վերաբերում է ծննդյան տոնին` գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մինասյանը հակիրճ ներկայացրեց.

- Այդ հոբելյանը հավանաբար նշելու են նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում. ծառայությունը հիմնադրվել է այն ժամանակներում: Այդ օրը, սակայն, մեզ մոտ կրկնակի տոնական կլինի: ՊՊԳՎ պետ, գնդապետ Ռ. Մկրտումյանի նախաձեռնությամբ վարչության բակում տեղադրվել է Արցախյան պատերազմում և խաղաղ պայմաններում ծառայողա կան պարտականությունները կատարելու ժամանակ զոհված ոստիկանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Եվ հոկտեմբերի 29-ին կկայանա այդ կոթողի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև կնշվի վարչության այս նոր տարածքի նորամուտը:

Այս գրությունը կարդացինք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի էջում: Մեկնաբանություն էլ կար, որը, իսկապես, ցավի զգացում էր ծնում:

Հոկտեմբերի 14-ը շատերի հիշողության մեջ կմնա որպես Երևանի օր, Էրեբունի-Երևան տոնախմբություն, որի հիմքերը դրել էր Կարեն Դեմիրճյանը: Մայրաքաղաքի իշխանություն ները շատ ջանքեր էին գործադրել, որպեսզի գեղեցիկ տոն ու նաև հպարտություն պարգևներ երևանցիներին: Բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներից հետո, օրվա ավարտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գալա-համերգ, որն, ըստ էության, վատ չէր կազմակերպված, չնայած մեծարժեք երաժշտական ստեղծագործությունների կողքին հնչեցին Սիլվա Հակոբյանի, Ռազմիկ Ամյանի «ռաբիսոտ» երգերը, իսկ Ռուսաստանից հրավիրված «Սերեբրո» խումբը երկրի նախագահի, կաթողիկոսի, բազմամիլիոն լսարանի առջև հնչեցրեց հայհոյախառը մի երգ` մթագնելով շատերի բարձր տրամադրությունը…

Բայց այս ամենը ոչինչ էր այն կեղտի ու աղբի բլուրների կողքին, որոնք ձևավորվեցին երկրի գլխավոր հրապարակում, հրապարակամերձ փողոցներում: Հերթական անգամ շատ երևանցիներ ու մարզերից եկած «արվեստասերներ» արևածաղկի, պոպքորնի, զովացուցիչ ջրերի մնացուկներն ու շշերը լցրել էին ու հեռացել` մազաչափ անգամ չմտածելով իրենց տոն պարգևած մայրաքաղաքի տեսքի ու նրա մաքրության մասին: Դժբախտաբար, միայն նշյալ վայրերը չէին կեղտածածկ դարձել: Մի շարք վարչական շրջանների պուրակներ և այգիներ ևս ենթարկվել էին «հարձակումների»` տխուր հետք թողնելով, պարտադրելով մեկ անգամ ևս մտորել մեր կենցաղավարության մասին: Անվերջորեն խոսելով հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչ լինելու մասին` չենք կարողանում պահել-պահպանել մեր ունեցածը, մեզ պահել այնպես, ինչպես վայել է հնագույն ժողովրդին: Մինչդեռ հենց Երևան-Էրեբունի տոնակատարությանը մեր մայրաքաղաքը բազմաթիվ հյուրեր էր ընդունել. մեծ թիվ էին կազմում սփյուռքահայերը, ովքեր եկել էին տեսնելու մեր նորոգ մայրաքաղաքը, ապրելու տոնի զգացում: Հենց նրանք էին զարմացած նայում, թե ինչպես էին երիտասարդներն արևածաղկի սերմի մնացուկները շաղ տալիս ասֆալտին, այս ու այն կողմ շպրտում դատարկ շշերը և պոլիէթիլենե տոպրակները… Այս ամենին ավելացան հրավառությունից հետո հրապարակ ու շուրջբոլոր լցված այրված պարկուճները…

Տոնից հետո` ուշ գիշերին, ես տեսա հրապարակը մաքրողներին, ովքեր չէին կարողանում թաքցնել իրենց արդար զայրույթը: Նրանցից մեկն ասաց.

- Դե, մաքրելը մեր գործն է, դրա համար մեզ աշխատավարձ են տալիս, բայց ամոթ է, որ քաղաքն այս տեսքին է: Գոնե խղճան նրանց, ովքեր ահռելի գումարներ են ծախսում քաղաքի տեսքը լավը դարձնելու համար:

Այս խոսքերը ես երկար պահեցի մտքիս մեջ: Ճիշտ ասված խոսքեր էին: Գոնե մտածեն, որ ահռելի ֆինանսական միջոցներ են ներդրվում, այդ գումարները տրամադրվում են մայրաքաղաքի բյուջեից, այսինքն` մեր փողերն են: Ինքներս մեզ խղճանք ու ափսոսանք: Հարգենք ինքներս մեզ:

Հ. Գ. Տոնակատարությունը անուրախ մեկ այլ փաստ էլ հուշեց. տոնական համերգի ընթացքում հնչած երգերի մեջ չլինելու չափ քիչ էին մեր մայրաքաղաքին նվիրված երգերը: Սե՞րն է նվազել Երևանի հանդեպ, թե՞ երգաստեղծներն այլևս անտարբեր են քաղաքի հանդեպ:

Լ. Մ.