ՎՍՏԱՀՈ´ՒՄ ԵՆ 
Ուրեմն` հավատում են 


 

Դեռ մեկ տարի էլ չի բոլորել Հայաստանի ոստիկանությունում սկիզբ առած բարեփոխումների մեկնարկից, բայց համակարգային փոփոխություններն արդեն որոշակի արդյունքներ են արձանագրել: Այդ բարեփոխումներից, բնականաբար անմասն չէ և Պետական պահպանության գլխավոր վարչությունը: Նախկինում հանրության կողմից սոսկ որպես «պահակային ծառայություն» կոչվող այս օղակը փաստորեն շատ ավելի կարևոր գործառույթներ ունի, որոնք նոր-նոր իրագործվում են` հաճելիորեն զարմացնելով մեր համերկրացիներին և մեծացնելով այնտեղ աշխատելու ցանկությունը:

Գլխավոր վարչության պետը` գնդապետ Ռոմա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ, որքան էլ սակավախոս, բայց այսօր այնքա˜ն ասելիք ունի, որ լրագրողիս համար դժվար է առավել կարևոր փաստերն առանձնացնել:

- Ձեր աշխատանքում առաջնահերթ է ամեն խնդիր: Այդուհանդերձ, փորձենք անդրադառնալ առաջնայինին (կամ` առաջնայիններին):

- Դրանցից մեկը կադրային քաղաքականությունն է: Կադրերի համալրվածությունը չէր համապատասխանում արդի պայմաններին, պահպանվող օբյեկտների քանակին: Անհապաղ միջոցներ ձեռնարկեցինք, որպեսզի կարողանանք մեր անձնակազմի վերապատրաստման 6-ամսյա դասընթացների ժամկետը նվազեցնել մինչև 2 ամիս: Իհարկե` դա չէր կարող լինել ուսուցման որակի հաշվին: Եվ դա հաջողվեց:

- Այսինքն` կադրերի պակա՞ս չունեիք:

- Մեր ծրագրերն իրականացնելու համար, բնականաբար, եղած կադրերով բավարարվել չէինք կարող: Այս կարճ ժամանակահատվածում վարչությունը համալրել ենք մինչև հազար մարդով: Նրանք բոլորը, մասնագիտական պատրաստականություն անցնելուց հետո, տեղավորվել են համապատասխան տարածքային ստորաբաժանումներում: Եռօրյա գործնական պարապմունքներ են կազմակերպվել հրամանատարական կազմի համար. սա իսկապես նորություն էր` վարչության պատմության մեջ: Դասընթացներից հետո բոլորը ստուգարքներ են հանձնում, իսկ իրենց գիտելիքներով հանձնաժողովին չբավարարելու դեպքում վերստին մասնակցում են դասընթացներին` հմտությունները լիարժեք դարձնելու:

- Մեր նախորդ զրույցում Դուք նշել էիք մոնիթորինգի կենտրոն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը նույնպես նորություն կլինի համակարգի համար:

- Այդ կենտրոնի գոյությունն իսկապես կարևոր է: Դրա շնորհիվ Հանրապետության ողջ տարածքը կլինի մեր ամենօրյա հսկողության տակ. նույնիսկ` ծառայություն իրականացնող` երթուղիներում գտնվող մեր մեքենաները: Փորձնական քայլեր արդեն կատարվել են. արդյունքն, իրոք, գոհացուցիչ է: Վարչության պահպանությանը հանձնված բոլոր օբյեկտները հսկվում են ավտոմատ համակարգով: Շուտով կկազմավորվի բռնող խմբերի վաշտ, որն էլ ստանալու է հանցագործության մասին հաղորդումը` վայրկյանների ընթացքում: Եվ նույն օպերատիվությամբ ոստիկանները հասնելու են դեպքի վայր` կանխելու կամ տաք հետքերով բացահայտելու հանցագործներին: Ի դեպ` բավական մեծացել է հետաքրքրությունը` ոչ միայն պետական, այլև անձնական գույքի պահպանությունը մեզ հանձնելու ուղղությամբ: Անհամեմատ ավելացել է այս ծառայությունից օգտվել ցանկացողների քանակը:

- Թիկնապահները գուցեև անհրաժեշտություն են որոշակի պաշտոնյաների համար, բայց ոչ` այս վարկանիշով ու պահվածքով, որով հարուցում են մարդկանց վրդովմունքը: «Հարսնաքարի» տխրահռչակ միջադեպից հետո «Ավանգարդը» կարծիք հնչեցրեց, որ ճիշտ կլինի, որպեսզի այդ ծառայությունը ևս ստանձնի Ոստիկանությունը: Վերջին հաշվով` ոստիկանները գոնե դաժան ծեծի չեն ենթարկի, չեն սպանի անձնական թիկնապահների տերերին դուր չեկողներին:

- Այդ ուղղությամբ ևս ծրագրեր ունենք: Ընդ որում, ոչ միայն պաշտոնյաների անձը պաշտպանելու, այլ թեկուզ միայնակ ապրող հիվանդ մարդկանց ահազանգերին արագ արձագանքելու: Գործածության մեջ կդրվեն «տագնապի կոճակ» ունեցող սարքավորումներ: Ցանկացած պահի` մեր օգնության կարիքն ունեցողները սեղմում են այդ կոճակը, և ահա զանգն անմիջապես հնչում է օպերատորի էկրանին, ապա` տվյալ հասցեի մոտակայքում հերթապահող մեքենայում, որն էլ 3-5 րոպեում հասնում է դեպքի վայր: Մեր այս ծրագրի մասին իմացողներից արդեն շուրջ 150 մարդ դիմել է` պահպանության կամ պաշտպանվածության այդ տեսակից օգտվելու: 2-3 ամիս հետո մենք կմատուցենք և այդ ծառայությունը: Մոնիթորինգի միջոցով կարող ենք նաև երեխաների անվտանգությունն ապահովել: Ծառայությունների գները մատչելի են, ցանկացողներն էլ քիչ չեն: Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, հիմա մեզ դիմում են նաև թիկնապահական ծառայություն մատուցելու խնդրանքով: Դրա պատճառը հավատն է Ոստիկանության պետի, Ոստիկանության հանդեպ: Մեզ համար աշխատանքային սկզբունք է դարձել Ոստիկանության պետի հետևյալ խոսքը` «Ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին»: Յուրաքանչյուրը ամեն օր պետք է գերազանց կատարի իր պարտականությունները, կատարելագործի իր կամային հատկանիշներն ու ապահովի այն պրոֆեսիոնալիզմը, որը մեզանից պահանջում է մեր համակարգի ղեկավարը: Մեր թիկնապահներն իրավասու են սահմանված կարգով, այդ թվում և զենքի գործածմամբ, կանխել պատվիրատուի կյանքի, առողջության և գույքի դեմ ուղղված բոլոր ոտնձգությունները: Ինչ խոսք, ոստիկան-թիկնապահը պատվիրատուին պիջակ կամ հեռախոս մատուցող չէ և կարող է հրաժարվել իրեն ներկայացվող հակաօրինական պահանջներից: Նա նախ ոստիկան է, ապա միայն` թիկնապահ...

- Այդ կերպ` նաև պավիրատուն կսովորի ենթարկվել օրենքին:

- Պարտադի´ր: Իսկ արտակարգ իրավիճակներում, պատվիրատուի անվտանգության ապահովման նպատակով, մեր թիկնապահն իր նախաձեռնությամբ կարող է փոխել նրա աշխատանքային օրվա ռեժիմը: Ի վերջո, ոստիկանը պետության ներկայացուցիչ է, ով լավագույնս տիրապետում է զենքին, գիտե դրանից օգտվելու, հասարակական վայրում այն ճիշտ կիրառելու կանոնները և հարկ եղած դեպքում գիտե, թե ում ահազանգել: Նա իրավասու է և պարտավոր է համագործակցել մեր բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ, իսկ վերջիններն էլ` պարտավոր են անհապաղ արձագանքել թիկնապահի ցանկացած ահազանգի:

- Ներեցեք, բայց ընդամենը մեկ տարի առաջ այս ծառայությունը ճանաչված էր որպես «պահակային»:

- Մենք պահակ չենք: Վերջին 10-11 ամիսների ընթացքում կատարված ծավալուն բարեփոխումները նաև մարդկանց կարծիքն ու վերաբերմունքն են փոխել: Փոխվել է նաև այստեղ ծառայողների վերաբերմունքը` թե´ իրենց կատարած աշխատանքի, թե´ իրենց կոչման հանդեպ: Այսօր նրանք էլ են խոստովանում, որ ընդամենը 1 տարի առաջ այստեղ աշխատելու էին ուղարկում «պատժակիրներին»: Հիմա տեսեք, թե որքան որակյալ կադրեր, ինչ հարուստ փորձով մարդիկ են ծառայում: Ոչ մեկն այստեղ չի գալիս` թոշակի գնալուց առաջ ժամանակ սպանելու: Հայաստանը փոքր երկիր է, և ինչպես ամեն ինչ` մեր աշխատանքն էլ աննկատ չի մնում: Անհատ անձինք էլ են ձգտում մեզ հետ համագործակցել: Եվ այդ համագործակցության աշխարհագրությունը ձգվում է Մեղրիից մինչև Նոյեմբերյան, մինչև Այրում` բեռների զինված ուղեկցմամբ: Նաև գնացքներ ենք ուղեկցում: 

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ