ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ


 

Այս փաստը, մեր կարծիքով, պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության քննարկման նյութը: Մեր դիվանագիտական գերատեսչությունը կամ պետք է, հետևելով ադրբեջանցիների օրինակներին, բողոքի նոտա հղի, կամ էլ պիտի հրապարակայնորեն դատապարտի կատարվածը` միևնույն ժամանակ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի անկախության կամ առնվազն` նրա ինքնորոշման գործընթացի օրինականության ճանաչման մասին: Եթե Ալիևը հայտարարել էր, որ ինքնահռչակ և ագրեսիայի միջոցով ձևավորված հանրապետության ճանաչման հարցը կքննարկեն ԼՂ հարցի լուծումից հետո միայն, նշանակում է` Ադրբեջանը լուծված է համարում Ղարաբաղի հարցը, իսկ մեզ համար միակ լուծումը Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչումն է: Որոշ վերլուծաբաններ այն միտքն են հայտնում, թե Թուրքիան և Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց են դնում իրենց լկտիությունը և իրենց շարքում նստեցնելով ՀԿԹՀ-ի արտգործնախարարին` ծաղրում են ողջ աշխարհը: Եթե դա այդպես է, ապա մեր դիվանագիտական նախարարութ յունն էլ չպետք է նստի ձեռքերը ծալած և մտածի համարժեք քայլի մասին:

Տարբեր առիթներով Ադրբեջանի իշխանությունները, փոքր-ինչ հակադրվելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչելու Թուրքիայի պահանջներին` հայտարարել են, թե ճանաչումը կլինի միայն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո: Հիմա կարծես թե Ադրբեջանն արդեն ճանաչում է այդ հանրապետությունը` նրա արտգործնախարարին ընդունելով իր երկրում:

Երեկ Բաքվում իր աշխատանքները սկսեց Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են այդ կառույցի անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահներ, վարչապետներ, արտգործնախարարներ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Բաքու պիտի ժամաներ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն նա փոխել է իր մտադրությունն ու հրաժարվել: Հավանաբար, Պուտինը չի ցանկացել իջեցնել իր «նշաձողը»: Բայց ահա, ի թիվս այլ երկրների ղեկավարների, Բաքվում է նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարը, որն ընդգրկվել է Թուրքիայի պատվիրակության կազմում: Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն արդեն լուսաբանում են այս պաշտոնյայի այցը, գրում այն մասին, որ նրան ընդունել են մեծ պատիվներով: Գագաթնաժողովի բացման ժամանակ այս պաշտոնյան նստել է ճանաչված երկրների ղեկավարների կողքին, ինչը նշանակում է, որ առնվազն Թուրքիան և Ադրբեջանը ճանաչում են այս երկիրը: Եթե նա գագաթնաժողովի մասնակից է, ուրեմն ճանաչում են նաև այն բոլոր երկրները, որոնք հանդիսանում են Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ: