«Գունապնակ` արյունով»


Գույների խաղ` այս անգամ մռայլ, մուգ երանգների£ Կարմիրի և սևի համադրություն` սև կատուներ, դիմակներ, մարդու արյունով նկարված կտավ… և յուրահատուկ , խիստ ընդգծված ու տարբերվող ձեռագիր£ «Գունապնակ` արյունով» խորագիրը կրող ցուցահանդեսը երիտասարդ նկարչուհի Լիանա Բատորիի (Մկրտչյան) երրորդ անհատականն էր£ Մեծ տարածում գտած, իրարից գրեթե չտարբերվող հրավիրատոմսերի ընդհանուր ֆոնի վրա իր ձևավորմամբ, գունային յուրօրինակ լուծումներով առանձնացող այս ցուցահանդեսի հրավիրատոմսն արդեն իսկ հուշում էր նկարչուհու յուրահատուկ ոճի մասին£ Նրա հույզերի կիզակետը «Գունապնակ` արյունով» աշխատանքն էր` իր համար ամենաթանկ և հարազատ նկարը£ Հասարակ կտավի վրա` մարդկային արյան շիթեր£ Նկարչուհու` խորհրդավորությամբ և լռությամբ պարուրված մեկնաբանություններից միայն այն պարզ դարձավ, որ կտավի համար որպես գունաներկ ծառայել է իր նախկին ընկերոջ արյունը, և այն խորհրդանշում է մեծ, բայց մարած սեր և վիրավորանք… Առաջին հայացքից անհասկանալի, ինչ¬որ տեղ նույնիսկ վախի մթնոլորտ ստեղծող կտավներում գերիշխում էին մռայլ գույները` ավելի մռայլ պատկերներով. կանացի մարմիններ, դիմակներ, կատուներ, առանձին նկարներում` նաև ազգային զարդանախշեր£ Նկարչուհու ներաշխարհի յուրօրինակ արտահայտությունն էին նաև վերնագրերը` «Կատվի աչք», «Կին¬կատու», «Ինը կյանք»… Լիանայի նկարներում մարդկային «դեմքերը» դիմակներ են, որ թաքցնում են մարդու փոփոխական էությունը£ Իսկ որպես ընդգծված խորհրդանշական կերպար, առանձնանում է սև կատուն£ - Կատուն իմ թալիսմանն է. ես հիվանդագին կերպով սիրում եմ այդ կենդանուն£ Նրան նույնացնում եմ կայացած, հասուն կնոջ հետ£ Կատվի մեջ մեծ խորհրդավորություն կա,¬ ասում է նկարչուհին£ Ներկաների կարծիքներն ու տպավորություններն իրարամերժ էին£ - Գույները հատկապես ինձ շատ դուր եկան, չնայած շատ մռայլ են£ - Յուրօրինակ ձեռագիր եմ տեսնում£ - Ինքնատիպ նկարներ են, բայց չեմ հասկանում` այսքան երիտասարդ է, որտեղից այս հոռետեսությունը և մռայլությունը£ Կտավի վրա յուրաքանչյուր վրձնահարված, յուրաքանչյուր երանգ արտացոլում է նկարչուհու ներաշխարհը, ուր ասես ընդվզում ու ցասում է կուտակված միայն£ Համենայն դեպս, ամեն ստեղծագործություն հեղինակի զգացմունքների պոռթկում է, և Լիանայի այդ պոռթկումն արնածոր է ու սևամութ£ Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդ նկարչուհու կտավներից ժայթքող մռայլը£ - Կյանքի ընթացքում յուրաքանչյուրիս մեջ հսկայական էներգիա է կուտակվում և դա ինչ¬որ ձևով պետք է դուրս հորդի£ Եթե նկարիչն անկեղծ է ինքն իր հետ, նրա կտավների վրա տեսնում ենք հոգու իրական արտացոլանքը£ Ես մշտական պայքարի մեջ եմ ինքս իմ դեմ£ Պարզվում է` ինձ վրա մեծ ազդեցություն են թողնում հատկապես բացասական երևույթները, և այդ մռայլությունն արտացոլվում է իմ կտավներում,¬ ասում է նա£ Մեկնաբանություններն, ինչպես ասում են` ավելորդ են£ Պարզապես, էլի մեկ անգամ հիշում ես, որ արվեստը գեղեցիկին առնչվելու, նաև արվեստով չապրողների հայացքին անտես մարդկային հույզներն ու ապրումները հանրությանը փոխանցելն է£ Այս պարագայում ակամա մտածում ես` արդյո՞ք արժե պատկերահանդեսում ևս առնչվել այսքան ցավին£ Ի դեպ. ցուցահանդեսը բարեգործական բնույթ էր կրում£ Նկարների վաճառքից գոյացած գումարը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին£ - Այսօր Հայաստանում հազարից ավելի քաղցկեղով հիվանդ երեխա կա£ Տրամադրված գումարով դեղորայք կգնենք անապահով ընտանիքների հիվանդ երեխաների համար,¬ ասաց «Քաղցկեղով հիվանդ երեխաների բարեկամներ» ՀԿ ծրագրային մենեջեր Տաթև Բադալյանը` շնորհակալագիր հանձնելով նկարչուհուն£ Նպատակն, իհարկե, բարի է£ Սակայն, առավել ևս` հիվանդ երեխաներին, թերևս, ավելի լավատեսական հույզերով պետք է համակել£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ