Բանտային ճգնաժամ

որտեղի՞ց կալանավորներ հայթայթել

Մինչ աշխարհի բազմաթիվ երկրներում ճգնում են բանտերը փոքր-ինչ «թեթևացնելու» ելքեր որոնել` Նիդերլանդներում ճիշտ հակառակն է. բանտարկյալների պակաս կա: Եվ այնչափ մեծ պակաս կա, որ վերջին մի քանի տարում իշխանություններն ստիպված 19 բանտ են փակել, մի քանիսն էլ կփակվեն եկող տարի:

Ընդամենը 10 տարի առաջ այս երկրում բանտարկյալների տոկոսային ցուցանիշն ամենաբարձրն էր Եվրոպայում, այսօր` ամենացածրը. 57 կալանավոր` 100 հազար բնակչից: Համեմատության համար` Անգլիայում և Ուելսում յուրաքանչյուր 100 հազարից 148-ն է մեկուսացված հասարակությունից:

Ուրեմն` ի՞նչ է կատարվել Հոլանդիայում:

Բանտարկյալների ճիշտ վերադաստիարակությունը կարևոր նախապայմաններից է, բայց ոչ միակը: 2005 թ. կտրուկ ուժեղացվել էր հսկողությունը Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում, ուր աննախադեպ քանակով կոկային տեղափոխողներ էին ձերբակալվել: Այդուհետ ոստիկանության համար առաջնահերթ խնդիր մնաց թմրադեղերի, մարդկանց մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարը:

Բացի այդ, հոլանդական դատարանները բանտային ազատազրկման փոխարեն մեղավորներին դատապարտում են հանրային աշխատանքի և էլեկտրոնային թևնոցների, պատժում են տուգանքներով:

Կալանքի ժամկետները կարճացվելուն զուգընթաց նվազել է և հանցագործությունների մակարդակը: Ինչպես արձանագրել է բանտապահների արհմիության ներկայացուցիչ Ֆրանս Կարբոն` երիտասարդները չեն ցանկանում բանտերում աշխատել, որովհետև այդ աշխատանքը հեռանկար չունի. կալանավայրերը փակվում-վերանում են:

Վերանում են ազատազրկման հաստատությունները, իսկ դրանց շենքերը, բնականաբար, անգործության չեն մատնվում: Գործարարները դրանց նոր շունչ ու նշանակություն են հաղորդում: Օրինակ, Ամստերդամի հարավում գտնվող երբեմնի բանտը հաջողությամբ վերածվել է հյուրանոցի, որի ամենաթանկարժեք համարները կրում են «Փաստաբան», «Դատավոր», «Տնօրեն», «Բանտապահ» անունները: Որոշ նախկին բանտեր էլ վերածվել են ներգաղթյալներին ընդունող կենտրոնների:

Իսկ աշխատատեղեր չփակելու մղումն անակնկալ մեկ այլ որոշման է հանգեցրել` կալանավորներ «ներմուծել» Նորվեգիայից ու Բելգիայից: Նիդերլանդների արտգործնախարարը Նորվեգիայի արդարադատության նախարարին առաջարկել է վարձակալել դատարկ պատժախցերը: Եվ Նորվեգիան արդեն կալանավորներ է «արտահանում» Բելգիա: