Արմեն ՄԽԵՅԱՆ

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15, 17-19-ում)

- Պարոն Բադալյան, եկեք հիմա դիմենք, չէ՞ որ Տաթևն էլ այդ էր առաջարկում:

- Չէ´, դու ոչ մի բան էլ չես հասկանում,- Սամվելի օձիքից բռնելով գոչեց Բադալյանը, - նրանք սպասում են հարմար առիթի` մեզ բոլորիս գնդակահարելու համար: Նրանք սպասում են սրան,- կրիչը ցույց տալով շարունակեց Բադալյանը:

Բադալյանը խորը հոգոց հանեց ու շարունակեց գրեթե գոռալով.

-Դու հատուկ ընտրված էիր նրա կողմից` իր ալիբին ապահովելու համար և վստահեցնելու, որ իրեն նույնպես վտանգ էր սպառնում, մինչ ինքը ցույց էր տալիս ահաբեկիչներին ապացույցների գտնվելու վայրը: Ինքն ու ամուսինը, վստահ եմ, այս ողջ պատմության գլխավոր հանցագործներն են:

Սամվելի աչքի առաջ եկավ Մհեր Ստեփանյանի ձերբակալությունը, ապա Տաթևի խիստ զգուշավոր նամակներն ու պահվածքը` սկսած այն պահից, երբ մտավ իր աշխատասենյակ: Ո´չ, հենց այն պահից, երբ դուրս եկավ մեքենայից: Նա գիտեր, որ հարձակում է լինելու ու հասցրեց հեռանալ: Ինչո՞ւ հանցագործները չկրակեցին, երբ ինքը դեռ մեքենայում էր: Իսկապես Բադալյանի խոսքի մեջ կար ճշմարտություն: Այնուհետև չհրկիզվող պահարանի մեջ գտնվող հսկայական գումարը:

Սամվելը չէր կարողանում մտաբերել. մինչ մարդասպանի հայտնվելը պահարանը նորից փակեցի՞ն, թե ոչ: Բայց այն, որ այնտեղ մեծ գումար կար` փաստ էր:

- Իսկ ՀՔԾ աշխատակիցը…

- Գաբրիելյա՞նը, վստահ եմ երկար չի մնա, նրան նույնպես կհասցնեն այն աշխարհ ուղարկել:

- Բայց նրանք ահաբեկիչներ էին, կարծում եք` նրանք հրահանգներ են ստանո՞ւմ…

- Այո, հրահանգներ են ստանում Հայաստանից,- շարունակեց Բադալյանը պատուհանից նայելով դուրս:

Սամվելը հայացք ձգեց անկյունում ընկած Տաթևի ուղղությամբ:

«Չէ´, այստեղ մի բան այն չէ, կա´մ Տաթևին իսկապես հաջողվել է իրեն մատների արանքով խաղացնել, կամ է´լ, Բադալյանին նույնպես ձեռնտու է վերացնել վկաներին ու ապացույցը»:

- Այդ դեպում եկեք այսպես անենք,- մի փոքր մտածելուց հետո խոսեց Սամվելը,- կրիչի պարունակությունը ուղարկենք ոստիկանություն, այդպիսով ապացույցը մենք կապահովագրենք:

Բադալյանի դեմքին հայտնվեց մի այնպիսի հեգնական ժպիտ, որ Սամվելը սարսռաց:

«Տղայի գլուխն աշխատում է: Գաբրիելյան, եթե քեզ չհասցնեն մարդասպանները վերացնել, ապա հաստատ կօգնեմ, որ բանտ ընկնես: Բադալյանը չի կարող մոռանալ քո վատությունը»:

Լսվեց Տաթևի ձայնը:

«Հավանաբար ուշքի եկավ»,- անցավ Սամվելի մտքով:

- Հիմարություններ չանես,- ատրճանակը նորից Սամվելի ուղղությամբ պահելով` մոտեցավ Բադալյանը,- ոտքի կանգնիր ու առաջ ընկիր, - հրամայեց նա:

Սամվելը կարող էր մեկ անգամ էլ փորձել զենքը խլել Բադալյանի ձեռքից, բայց վերքը թույլ չէր տա, և հետո ինքը լրիվ խճճվել էր արդեն: Ո՞վ էր արդար, ո՞վ` մեղավոր: Սամվելը դուրս եկավ սենյակից: Նրան հետևեց Բադալյանը, որը դուռը դրսից բանալիով փակեց:

- Առաջ անցի´ր,- հրեց դեպի դիմացի դուռը Սամվելին,- բաց դուռն ու մտիր ներս:

Սամվելը կամաց բացեց դուռն ու առաջ գնաց:

- Հիմա կտեսնենք, թե ինչ կա սրա մեջ,- քթի տակ խոսելով Բադալյանը միացրեց համակարգիչը:

Բադալյանը Սամվելին նստեցրեց համակարգչի դիմաց, ապա կրիչը մեկնեց նրան, որ միացնի համակարգչին:

«Տեսնես ո՞րն է լինելու հաջորդ քայլը»:

Սամվելը հայացք գցեց շուրջը: Պատուհաններ չկային, միակ ելքը դուռն էր: Սենյակն ավելի շուտ աշխատասենյակ էր հիշեցնում` գրապահարաններով, գրասեղանով, առանձին բազմոցով ու փոքրիկ սեղանիկով: Հասկանալի էր, որ այստեղ հյուրեր հաճախ են լինում: Սեղանին դրված կիսադատարկ կոնյակի շիշը վկայում էր Սամվելի ճշմարտացիության մասին:

Համակարգիչը միացավ, և արդեն հնարավոր էր տեսնել կրիչի պարունակությունը:

Բադալյանն ավելի մոտեցավ` ատրճանակն ավելի ամուր բռնելով:

Սամվելը զայրույթից կգոռար, եթե Բադալյանն ու ատրճանակը չլինեին իր թիկունքում:

Նա հավատալ չէր կարող իր տեսածին: Կրիչն ամբողջովին դատարկ էր:

***

ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակում լարված իրադրություն էր: Մի շարք պաշտոնյաներ արագ մտնում էին ու հրահանգներ ստանալով` դուրս գալիս: Ոստիկանապետն անձամբ զրուցել էր Մհեր Ստեփանյանի հետ ու հիմա շատ հարցերի պատասխաններ պարզ էին դարձել: Մնում էր հայտնաբերել հանցագործներին ու ահաբեկչական խմբավորման անդամներին: Հանրապետությունից դուրս եկող բոլոր օդային ու ցամաքային ճանապարհները խիստ հսկողության տակ էին վերցված: Անգամ հայտնի են դարձել հանցագործների անունները և գտնվելու վայրը: Օրեր առաջ լուր էր ստացվել դիվերսիոն խմբավորման հանրապետության տարածք ներթափանցման մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքներն արդյունք չէին տվել: Առավել ցավալի էր ընդունել, որ ողջ այս խառնաշփոթի ու նախադեպը չունեցող հանցագործությունների ետևում նաև հայ պաշտոնյաներ կան:

«Գողը տանից չլինի` եզը երդիկից չի փախչի», ժողովրդական ասացվածքը տեղին է այստեղ նշել: Հիմա ողջ օդուժն ու զինված ուժերը կբերվեն մարտական պատրաստության: Կտրուկ մեծանում է պատերազմի հավանականությունը, քանի որ հանցագործ խմբավորումը հանրապետության տարածք է ներխուժել հակառակորդի կողմից:

«Բայց ինչպե՞ս»,- ինքն իրեն հարցնում էր ոստիկանապետը ու սպասում զեկույցին, թե որտեղ են այժմ գտնվում այս գործի հետ անմիջական կապ ունեցող անձինք` նախարարը, վարչության պետը, ՀՔԾ- ի հատուկ գործերով բաժնի ղեկավարը, հանցագործների խումբը և միակ ապացույցը, եթե այն դեռ չի ոչնչացվել:

Ստեփանյանները, կարելի է ասել, հերոսներ են:

«Հատկապես Տաթևը: Բայց ինչո՞ւ հենց սկզբից չի դիմել ոստիկանություն»,- խորհում էր ոստիկանապետը:

Մհերը բացատրում էր` բարձրաստիճան պաշտոնյայի վախից: Իսկապես, առանց ապացույցի մեղադրելը կարող էր այլ ավարտ ունենալ, իսկ ապացույցը փոխնախարարի աշխատասենյակում էր: Ահա թե ինչու էր Տաթևն առաջին հերթին նետվել փոխնախարարի աշխատասենյակ:

Ոստիկանության ու ԱԱԾ պահանջով կարճ ժամանակամիջոցում գաղտնազերծվել էին փոխնախարարի, Տաթևի և այլ աշխատակիցների հեռախոսազրույցները: Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ մեծ օժանդակություն ցույց տվեց ու ամբողջովին ներգրավվեց գործի ընթացքին: Թեպետ ՀՔԾ հատուկ գործերով բաժնի ղեկավարն այդքան էլ մեղք չուներ, քանի որ պարզվել` էր նրա համակարգիչն ու բջջայինը գաղտնալսվել են ահաբեկիչների հետ կապ ունեցող ցանցահենների կողմից, և արդյունքում պաշտոնյան դարձել էր մի շարք շաղկապված հանցագործությունների պատճառ` տեղեկատվության արտահոսքի պատճառով: Հնարավոր է, որ ահաբեկիչ ների հաջորդ թիրախը լինի հենց ինքը, սակայն նա դեռ պատասխանատվության կենթարկվի` պետության դեմ հանցանք գործելու համար, իր ընտանիքի անդամները կկանգնեն դատարանի առջև` հանցավոր կերպով առանձնապես մեծ չափով պետությանը վնաս հասցնելու, պետության հաշվին իր ընկերության միջոցով վտանգավոր սերմերի ներկրման համար: Իսկ սերմացուն իսկապես վտանգավոր էր: Լոնդոնից եկած պատասխանը թերևս ամբողջական չէր այն հիմնավորմամբ, որ իրենք չեն կարող ամբողջական հաշվետվությունը ներկայացնել, սակայն կարճ եզրահանգում տվել էին: Փաստ էր, որ այդ կերպ ազգաբնակչությունը կարող էր կանգնել մեծ վտանգի առջև: Թեև ինքն այդքան էլ գլուխ չէր հանում գենետիկ ձևափոխություններից, բայց մասնագետներն արդեն իսկ հասցրել էին զեկուցել ազգային անվտանգության սպառնալիքի մասին:

Միակ ամբողջական տարբերակն ահաբեկիչներին հաջողվել էր ձեռք բերել, սակայն Մհեր Ստեփանյանի պնդմամբ կար նաև այդ ամենի թվային տարբերակը, որը Տաթևի մոտ պետք է լիներ, քանի որ նա ու այս պատմության մյուս հերոսը` լրագրող Սամվել Գևորգյանը, կարողացել էին ձեռք բերել` մինչ ահաբեկիչների հարձակումը: Համենայնդեպս` այդպես էին կարծում բոլորը: Եթե կարողացել են ճողոպրել մարդասպանների ձեռքից, ուրեմն ունեին թաքցնելու բան:

Այլևս համբերել չէր կարող: Մի հայացք գցեց պատուհանից դուրս: Ամենուր լրագրողներ էին, տեսախցիկներ:

Դուռը թակեցին:

- Մտե´ք:

Դռան շեմքին հայտնվեց ոստիկանության ծառայության պետի տեղակալը:

- Պարոն ոստիկանապետ, հայտնաբերվել են հետքեր: Օպերատիվ խումբն արդեն մեկնել է, դուք միանո՞ւմ եք:

- Անխոս:

Մեքենայում ոստիկանապետին ներկայացրեցին մանրամասները: Նախարարի զանգը գաղտնալսվել էր, պարզվել գտնվելու վայրը: Շնորհիվ Գաբրիելյանի բջջայինի` հայտնի էր նաև նրա գտնվելու վայրը: Նա հավանաբար շտապում էր Բադալյանի մոտ, իսկ հանցավոր խմբի հետքերով դեռ աշխատում են:

Դատելով նախարարի ձայնից ու խոսելաձևից` ամեն ինչ կարող էր այլ կերպ զարգանալ ու այդ դեպքում կտուժեին Տաթևն ու Սամվելը: Գաբրիելյանը կարողացել էր համոզել նախարարին, որ վերջինս վերացնի ապացույցը, գուցե նաև վկաներին: Իսկ ապացույցը շատ կարևոր էր` միջազգային հանցագործ կազմակերպության և մարդասպանների մեղքն ապացուցելու համար:

Այս պահին նժարին դրված էր ոստիկանության և ուժային այլ կառույցների օպերատիվության հարցը: Վարանել չէր կարելի…

(Շարունակելի)