Ինքնաճանաչում

ԼՐԱԳՐՈՂԻ ԽՈՀԵՐ

Դելֆյան տաճարի վրա արված գրությունն ասում է`«Ճանաչիր ինքդ քեզ»: Կարծում եմ` ոչ ոք չի կասկածում, որ դրանք, իրոք, ամենակարևորն ու ամենագլխավորն են կյանքում: Սովորաբար ասում են` գործ ընտրել նշանակում է կյանք ընտրել: Սովորաբար ո՞վ է օգնում` գտնել, բացահայտել ընդունակությունները: Ե´վ ընտանիքը, և´ դպրոցը, և´ ընկերները, և´ կոլեկտիվը` ամենքը: Բայց գլխավոր «օգնականը» պետք է լինի ինքը` որոնողը: Դրա համար նրան անհրաժեշտ է որոշակիորեն իմանալ իր օրգանիզմի «մեխանիկան» և սեփական «ես»-ի վերլուծության գիտական սկզբունքները: Հենց այդ մասին եմ ուզում կիսվել ընթերցողի հետ` տագնապ ունենալով, որ ամեն օր Հայաստանում արթնանում է երեք միլիոնից ավելի հանրապետության նախագահի, գրեթե նույնքան էլ վարչապետի թեկնածու:

Կառավարման վերին օղակներում կադրային ամեն մի փոփոխություն արթնացնում է հույսեր: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ հուսախաբ չենք լինելու: Շատ եմ ուզում, որ մասնագիտա-կան ու նաև ինքնաճանաչման պրիզմայով պրոֆեսիոնալ դպրոց անցած մարդիկ մոտենան կառավարման ծանրաձողին:

...Յուրաքանչյուր նորմալ մարդ ծնողներից ժառանգում է մեծ կամ փոքր մտահորիզոն, որը քիչ կամ շատ պայծառ «գագաթներ» է ոււնենում: Գտնել կոչումը, նշանակում է շոշափել «գագաթը»: Մոլորություն է, անշուշտ, նույն երեխայի մեջ տեսնել ապագա երաժշտի, շախմատիստի, ճարտարապետի, նկարչի, գրողի, գիտնականի, ֆուտբոլիստի և այլն: Այդպես է լինում հատկապես, երբ ընտանիքում մեկ երեխա է մեծանում: Բայց կյանքում նման բացառություններ կարող են հանդիպել մեկ-երկու եզակի դեպքերում: Այդ «գագաթ» կոչվածը ոչ բոլորի համար է նախարարական պորտֆել կամ օլիմպիական չեմպիոնի կոչում, պատգամավորական մանդատ: Բայց անգամ այդ քչերը պիտի լավ ճանաչեն իրենց, ու ոչ մի պահի չմոռանան ինքնաճանաչման հսկայական ուժի մասին: Ունակությունները ճանաչելու համար անհրաժեշտ ջանք պիտի գործադրես ու փորձարկես դրանք: Բոլորին էլ, անշուշտ, հարկավոր է փնտրել` գտնելու շոշափելու իր բաժին գագաթը, գտնելու իր կոչումը: Այդժամ միայն «հացը կգնա հացարարի մոտ»: Այդժամ 1-2 դասաժամ ուսուցչի պաշտոն զբաղեցնելու համար ձևական մրցույթների կարիք չի լինի...

Մրցույթների և քննությունների մասին խոսելիս միշտ հիշում եմ կարդացածս` հանրահայտ Չեխովը դպրոցական շարադրությունների համար երբեք բարձր գնահատական չի ստացել: Շչեդրինը շարադրություն էր գրել դպրոցական դստեր համար, և աղջիկը «2» է ստացել, հետն էլ մի գրություն` «Ռուսերեն չգիտեք»: Իսկ Շալյապինին կոնսերվատորիա չեն ընդունել: Սա` իմիջիայլոց: Բայց ուղղակի պետք է ընդունել, որ ինքնաճանաչումը մի կարևոր առաքելություն ունի` ապահովել, որ քննության գնան (ընտրությունների ժամանակ` թեկնածու դառնան) նրանք, ովքեր իրենց կոչումն ընտրելու ճիշտ ճանապարհին են: Ի վերջո` ամենադժվարը ինքն իրեն ճանաչելն է: Խորհենք միասին, որ հետո գերանը մեր աչքում` մատնացույց չանենք ուրիշների աչքի փուշը: Խորհենք միասին, որ մեր անկախության 30-ամյակին ստիպված չլինենք կրկին խոսել տխուր իրողությունների մասին:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ