ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՎԱՐՊԵՏԸ

(երգիչ Դավիթ Պողոսյանի ծննդյան 105-ամյակը)

Հայ օպերային արվեստում նվիրյալներ են եղել, ովքեր ոչ միայն իրենց ինքնատիպ կատարումներով, այլև առհասարակ ստեղծագործական ողջ գործունեությամբ նկատելի ավանդ են ունեցել մեր երգարվեստի զարգացման ընթացքի վրա: Այդպիսի նվիրյալներից էր անվանի երգիչ (բաս), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1947-ից), Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Միքայելի ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Նա ծնվել է Թիֆլիսում 1911 թ.: Դեռ պատանեկության տարիներից սիրում էր թատրոնն ու երաժշտությունը, և այդ սերը 1934-ին նրան ուսանելու տարավ Մոսկվայի Հայկական կուլտուրայի տանը կից գործող երաժշտա-դրամատիկական ստուդիա: 1937-ին ավարտելով ստուդիան` որպես մեներգիչ, Դ. Պողոսյանն աշխատանքի անցավ Երևանի Պետօպերայի թատրոնում, որտեղ աշխատեց կես դարից էլ ավելի` մինչև 1988 թ. (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնը մինչև 1939 թ. կոչվում էր Պետօպերայի թատրոն): Առաջին դերը, որը Երևանի Պետօպերայի թատրոնում վստահվեց երիտասարդ երգչին, իշխան Ռուբենի դերն էր` Ալ. Սպենդիար յանի «Ալմաստ» օպերայում: Բայց լայն ձայնածավալով օժտված երգչին բնորոշ էին հարուստ ու ինքնատիպ հնչերանգները: Դա նրան հնարավորություն էր տալիս կատարելու ոչ միայն բասի, այլև բարիտոնային ձայնի համար գրված որոշ դերերգեր: Ուստի հետագայում Դավիթ Պողոսյանն սկսեց հանդես գալ այնպիսի լուրջ ու պատասխանատու դերերով, ինչպիսիք են Նադիր շահը` նույն «Ալմաստ» օպերայում, Մոսին (գրված բարիտոնի համար) և Մելիքը` Ա. Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ-Բեկ» օպերաներում, Բարխուդարը` Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս»-ում, Իսմայիլը` Վ. Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերայում, Ավոն` Ա. Բաբաևի «Արծվաբերդ»-ում, Գրեմինը` Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին»-ում, Ամոնասրոն` Ջ. Վերդիի «Աիդա», Մեֆիստոֆելը` Շ. Գունոյի «Ֆաուստ» և Դոն Բազիլիոն` Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերաներում:

Օպերային դերերգերից զատ` Դավիթ Պողոսյանը հանդես էր գալիս հայ ու եվրոպացի կոմպոզիտորների ռոմանսների և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություն ների կատարումներով: Դրանցից հիշատակության են արժանի հատկապես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և Մոցարտի «Ռեքվիեմ»-ը, որտեղ նա կատարում էր բասի պարտիաները: Դ. Պողոսյանը հանդես էր գալիս նաև էստրադային երգերի կատարումներով, նկարահանվում ֆիլմերում: Հիշենք 1943 թ. նկարահանված «Դավիթ-Բեկ» ֆիլմը և հատկապես 1960-ին ռեժիսոր Կիմ Արզումանյանի նկարահանած «Սայաթ-Նովա» ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել պարսիկ աշուղ Ֆաթուլլայի դերում: 1967 թ. նկարահանված «Կարինե» ֆիլմ-օպերետում (ըստ Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հորհոր աղան» օպերետի) Հորհոր աղայի դերերգը ևս կատարել է Դ. Պողոսյանը:

Տարիների ընթացքում վարպետանալով ու հմտանալով` Դավիթ Պողոսյանը դարձել էր հանրապետության սիրված ու գնահատված երգիչներից մեկը: Բազմազան ու բազմաբնույթ էին նրա գործունեության շրջանակները. ողջ էությամբ նվիրված էր մշակույթին և իր տիկնոջ` նկարչուհի Քնարիկ Վարդանյանի հետ մշտապես ակտիվորեն մասնակցում էր մշակութային միջոցառումներին: Դ. Պողոսյանը նաև մանկավարժական գործունեություն էր ծավալում, զբաղվում երիտասարդության մշակութային դաստիարակության խնդիրներով: 1961 թվականից իբրև վոկալի դասատու նա աշխատում էր Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում: 1972-ին ինքն էլ այդ բուհն ավարտեց` էքստեռն կարգով քննություններ հանձնելով, իսկ 1992-ին նրան Կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում շնորհվեց:

Դավիթ Պողոսյանը վախճանվեց 2004 թվականին` մշակութասեր հանրության հիշողության մեջ մնալով որպես ինքնատիպ ու շնորհալի երգիչ ու դերասան:

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ