ԲԱԲԿԵն ՍԻՄՈՆՅԱՆԻ ԲԵԼԳՐԱԴՅԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Սերբահայ խճանկար

Այս օրերին սերբական մայրաքաղաքում իր մշակութային բազմաբնույթ ծրագրերով հանդես է գալիս բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆԸ: Բելգրադում ավանդաբար անցկացվող գրքի միջազգային 61-րդ տոնավաճառում նա ծանոթացել է շատ հրատարակիչների հետ, նրանց համագործակցություն առաջարկել, որը դրական արձագանք է ունեցել: Ներկայումս նա հրատարակման է պատրաստում 20-րդ դարի սերբական պոեզիայի անթոլոգիան, միաժամանակ ձեռնարկել է նաև 20-րդ դարի հայ պոեզիան սերբերեն թարգմանելու ծավալուն աշխատանքը:

Օրեր առաջ բելգրադյան «Բալկան-ինֆո» հանրահայտ հեռուստաընկերությունը հյուրընկալել էր նրան: Մեկ ժամանոց հեռուստաեթերում Բաբկեն Սիմոնյանը մանրամասնորեն խոսել է հայ-սերբական շուրջ 800-ամյա բարեկամության մասին, անդրադարձել է սերբահայ համայնքի անցյալին ու ներկային: Հայ մտավորականի ուշադրութ յունից զերծ չեն մնացել անվանի սերբահայերին վերաբերող պատմությունները: Մասնավորաբար նա անդրադարձել է հայ ժողովրդի պանծալի զավակ Սողոմոն Թեհլիրյանի կյանքին ու գործին, քանի որ Թալեաթին ահաբեկելուց և գերմանական դատարանի կողմից արդար ճանաչվելուց հետո նա 28 տարի ապրել է Սերբիայում, այնուհետև տեղափոխվել Մարոկկո, որտեղից էլ` Միացյալ Նահանգներ, ուր և կնքել է մահկանացուն:

Բելգրադում Բաբկեն Սիմոնյանը հանդիպել է Թեհլիրյանի թոռնուհու և մյուս ազգականների, ինչպես նաև այլ սերբահայերի հետ, որոնց կյանքին ու գործունեությանը նվիրված «Սերբահայեր» մենագրությունն է պատրաստում և մտադիր է հատարակել մոտ ապագայում: Հեռուստահաղորդման ժամանակ նա խոսել է Հայոց մեծ եղեռն մասին, նշել, որ 100-ամյա տարելիցին Հայաստան էր այցելել նաև Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը` հարգանքի տուրք մատուցելու հայոց անմեղ զոհերի հիշատակին: Իր հեռուստաելույթում նա բաց չի թողել առիթը` ներկայացնելու նաև մեզ մտահոգող ազգային հիմնահարցերը. հանգամանորեն խոսել է Արցախի և Նախիջևանի մասին, անդրադարձել 1921 թ. խորհրդային իշխանությունների կայացրած հայատյաց որոշմանը, որով հայկական այդ տարածքները միացվեցին երբեք գոյություն չունեցած ադրբեջանական նորաթուխ պետությանը: Խոսել է Արցախի ու Կոսովոյի հիմնահարցերի մասին` բացատրելով, որ դրանք բացառապես տարբեր խնդիրներ են և երբեք հավասարության նշան պետք չէ դնել այդ երկու տարածքների միջև:

Հեռուստադիտողի ուշադրությունը Բ. Սիմոնյանը հրավիրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական պարբերաբար ոտնձգություններին և ապրիլյան ոճիրներին, որոնց անմեղ զոհը դարձան Արցախի հողը պաշտպանող բազմաթիվ հայորդիներ: Օգտվելով հեռուստաելույթի առիթից` նա հնարավորինս հնչելի է դարձրել մեր ժողովրդի արդար պահանջատիրությունը` դրանով ներկայացնելով իրադարձությունների իրական պատկերը: Բնականաբար, անդրադարձել է նաև բարբարոս ադրբեջանցիների ձեռքով «նահատակված» Նախիջևանի հայկական հուշարձաններին, Ջուղայի խաչքարերին, հայոց մշակութային ժառանգությունն իրենց վերագրելու ստին ու կեղծիքներին: Հեռուստաելույթը լայն արձագանք է ունեցել Սերբիայում:

Բաբկեն Սիմոնյանի մշակութային ծրագիրն ավարտվել է սերբական Տոպոլա քաղաքում անցկացված նրա հեղինակային երեկոյով, որին մասնակցել են սերբ անվանի դերասանուհի, ասմունքող Ելենա Ժիգոնը և սերբ բանաստեղծ Պրեդրագ Բոգդանովիչը: Նրանք խոսել են Սիմոնյանի գրական-մշակութային ավելի քան 40-ամյա գործունեության մասին, սերբերեն թարգմանաբար հնչել են նրա բանաստեղծությունները, որոնք ուղեկցվել են հայկական երաժշտությամբ: Մեր հայրենակցի մշակութային գործունեությանն են անդրադարձել նաև սերբական զանգվածային այլ լրատվամիջոցներ` բարձր գնահատելով նրա ոչ միայն գրական-մշակութային, այլև հյուպատոսական գործունեությունը: