Նախագահական հակառեկորդ


Հակառեկորդն էլ ռեկորդ է, մանավանդ` քանի դեռ այն չի գերազանցվել. Ֆրանսիայի բոլոր ժամանակների նախագահների շարքում այսպիսի «հաղթանակ» է սահմանել Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիացիների 87 %-ը դժգոհ է նրա աշխատանքից:

Նախագահ Օլանդի աշխատանքը դրական է գնահատում քաղաքացիների ընդամենը 11 տոկոսը` (գրել է «Ֆիգարո Մագազին-ը»` վկայակոչելով կատարված հարցման արդյունքները): Իսկ այդ արդյունքներով` 87 %-ը դժգոհում է, 2 %-ն էլ դժվարացել է պատասխանել: Մեկ ամիս առաջ իրենց նախագահից գոհ էին ֆրանսիացիների 13 %-ը:

Պարբերականն արձանագրել է նաև, որ գործող նախագահի վարկանիշն ամենացածրն է` այս թեմայով հարցումների պատմության մեջ:

Ի տարբերություն Օլանդի` երկրի վարչապետի վարկանիշը բարձրացել է. նրանից գոհ է 25 %-ը, իսկ հոկտեմբերին նրան բարձր էր գնահատել 22 %-ը: Փորձագետ ների կարծիքով` Մանուել Վալսը իր հանդեպ վստահությունը վերադարձրել է շնորհիվ այն բանի, որ ընտրել է նախագահից տարաբաժանվելու մարտավարությունը:

Այսուհանդերձ, Օլանդը չի թաքցնում, որ հավակնում է նախագահական 2-րդ ժամկետին ևս, մինչդեռ երեսփոխանները նախագահի պաշտոնանկությունն են պատրաստում:

Արդեն պատրաստի բանաձևի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավորներից է:

Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակ Կլոդ Բարտոլոնեն Ելիսեյան պալատում գործադիր իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնանկության բանաձևը (տեղեկացրել է Le Monde-ը): Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ-պատգամավոր Քրիստիան Ժակոբի ներկայացրած և ԱԺ նույն կուսակցության 79 պատգամավորների հավանությանն արժանացած նախագիծն ուղարկվել է նաև երկրի վարչապետին: Մինչդեռ ցանկացած փաստաթուղթ Ելիսեյան պալատում քննարկվելու համար անհրաժեշտ է 58 պատգամավորի ստորագրություն: Եթե բանաձևն ընդունվի քննարկման, այն կուղարկվի խորհրդարանի ստորին պալատի օրենսդրության հարցերով հանձնաժողով: Իսկ Ելիսեյան պալատում հավանության արժանանալու դեպքում` այն կփոխանցվի օրենսդիր իշխանության երկու պալատներ:

Ասել է թե` պետության առաջնորդի պաշտոնանկության պահանջն ընթացքի մեջ է: Ֆրանսիայի օրենսդրությամբ` երկրի նախագահը պաշտոնանկ կարող է հայտարար վել իր պարտականությունները չկատարելու դեպքում. պաշտոնազրկումն էլ վավերացնում է խորհրդարանը:

Ինչ վերաբերում է պաշտոնանկության բանաձև նախապատրաստելու շարժառիթին` ապա նշվում է մեկը. ուրիշ երկրներում առանձնակի վտանգավոր իսլամիստ արմատականներին վերացնելու նպատակով ֆրանսիական հատուկ ծառայությունների գործողությունների վերաբերյալ Օլանդի կարծիքները: Հանրապետականները նման հաղորդագրությունները համարել են «ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկությունների հրապարակում»: Հանգամանք, որը «վկայում է նախագահի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարում»: