Նախագահին վիրավորողի…

Անկախական պաշտամունք

Քննադատելն ու հայհոյելը, պետության առաջին դեմքի սխալները պարսավելն ու նրա անձը վիրավորելը Տաջիկստանում ևս, երևի, սկսել են նույնացնել: Չի բացառվում նաև, որ այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշել է բացառել դժգոհություններն իրենից և հենց այդ նկատառումով է ստորագրել կառավարության որոշումներից մեկը: Իսկ այդ որոշմամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում պետության ղեկավարի հասցեին վիրավորանքների համար:

Վիրավորանք ասվածն էլ հարաբերական է. սովորական քննադատությունն էլ կարող են վիրավորանք համարել:

Մի խոսքով, նախագահին վիրավորողին սպառնում է ազատազրկում` մինչև 5 տարի կամ խոշորաչափ տուգանք:

64-ամյա Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի անփոխարինելի առաջնորդն է 1992 թվականից. ընտրվել ու վերընտրվել է 4 անգամ անընդմեջ: Երկրում նախագահական հաջորդ ընտրությունը 2020 թ. է լինելու, և, վերլուծաբանների կարծիքով, դրա նախապատրաստական աշխատանքներն արդեն լիաթափ ընթացք են առել:

Անցյալ տարի դեկտեմբերին պատգամավորները միաձայն հավանություն են տվել «Խաղաղության և ազգային միասնականության հիմնադիրի` ազգի Առաջնորդի մասին» օրենքին: Այլ խոսքով` օրենք 1 անձին նվիրված: Օրենք, որը գործող նախագահին պաշտոնապես հռչակում է տաջիկների ցկյանս առաջնորդ: Իսկ անցյալ շաբաթ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները քվեարկել են նախագահ Ռահմոնին անկախ Տաջիկստանի հիմնադրի կարգավիճակ տալու օգտին: Եվ, իհարկե, նույնպես միաձայն (հոգիդ փառավորվի, Սովետական Միություն):

Այս ամենից հետո բա ո՞նց թույլ տալ` մինուճար թիվ 1 տաջիկստանցուն չհարգել ու կանոնակարգվել ևս մեկ հրովարտակով` «ազգի առաջնորդի նկատմամբ հարգանքի դրսևորման կարգը»: Սրանից էլ բխող պատասխանատվությունը` ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքում (գրել է BBC-ն):

Հա, ազգընտիրները նաև հայտարարել են, որ Ռահմոնին ազգի առաջնորդ հռչակելը լիովին արդարացի է` «փրկչի պատմական առաքելությունը կատարելու և ազգի առջև հսկայական վաստակի համար»: