<Շատ բան իմանաս` շո՞ւտ կծերանաս>

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Այսօր աշխարհում բազմաթիվ իրադարձություններ են լրահոսի տեսքով թափանցում մարդկանց գիտակցության մեջ, առաջացնում ակնկալիքներ, տագնապներ: Նաև ներազդում են մարդկանց տրամադրության, առողջության վրա: Մոլորակի վրա, իհարկե, ուրախալի իրադարձություններ էլ են կատարվում, սակայն լրատվության նյութ դառնում են հիմնականում այնպիսիք, որոնք բացասական տեղեկություն են հաղորդում: Տեղեկատվության միջոցներն այնքան են շատացել, որ հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով ամեն միջոցի դիմում են, և կարծես թե ուրիշ ելք չեն գտել, քան խաղալ մարդկային տագնապների հետ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մերօրյա լրատվամիջոցները հիմնականում ինչ-որ ուժի կամ անհատի պատվերն են կատարում: Այս պարագայում մնում է մտածել, որ ավելի շատ բացասական բնույթի լուրեր տարածելով` ոմանք փորձում են առավել կառավարելի դարձնել վախեցած հանրությանը: Երևի մեր մեծերը այս մասին են ասել` շատ բան իմանաս, շուտ կծերանաս: Մենք փորձեցինք մեր քաղաքացիներից պարզել. լուրերի թողարկումներ լսելով` ինչպե՞ս է փոխվում իրենց տրամադրությունը:

Ռուբեն ՊԵՏՐՈՍՅԱՆ, մանր ձեռնարկատեր.

- Մեր օրերում առանց լուրեր լսելու կյանքը հնարավոր չէ պատկերացնել, այնքան բաներ են կատարվում, միշտ ուզում ես տեղյակ լինել աշխարհի գործերից ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից գլուխ հանել: Փառք Աստծո` հիմա լրատվամիջոցներն այնքան շատ են` առանց դժվարության կարող ես հասկանալ, թե ինչ է կատարվում: Ինձ առավելապես հետաքրքրում են Արցախում ու Հայաստանի սահմաններին կատարվող դեպքերը: Մի ժամանակ այդ տեղեկատվությունը հակասական էր, բայց ինձ թվում է` սկսել են համակարգել, երևում է` գոյություն ունի պետական որոշակի մոտեցում: Իսկ այ, հայկական որոշ լրատվամիջոցներ` հիմնականում կայքեր, առանց մեկնաբանության արտատպում են ադրբեջանական քարոզչամեքենայի սուտ ու սադրիչ լուրերը: Կարծես այդ կայքերի պատասխանատուները պատկերացում չունեն, թե նման խեղաթյուրված լուրերն ինչ ազդեցություն են ունենում զինվորների ընտանիքների ու հենց իրենց` զինվորների հոգեբանության վրա: Կուզենայի, որ այս հարցում խիստ կանոններ գործեին:

Արմանուշ ՍԱՀԱԿՅԱՆ, ճարտարագետի մասնագիտությամբ տնային տնտեսուհի.

- Լրատվությանը հետևելու համար մարդ պետք է գերամուր նյարդեր ունենա, գերխելոք գլուխ ու գերսառը հոգի: Ինչո՞ւ: Ամեն անգամ լուրեր լսելիս` մտածում եմ, թե հատուկ այնպես են պատրաստել, որ մարդկանց սթրեսի ենթարկեն, խուճապ առաջացնեն: Մանավանդ հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը խոսքները մեկ արած` եթերն սկսում են աղետների, հանցագործությունների, հակամարտությունների, գզվռտոցների մասին տեղեկություններով: Չգիտեմ` իրենք մտածո՞ւմ են, որ դիտողի ամբողջ ներաշխարհը խախտում են: Ես չեմ ասում, թե այդ տեղեկությունները պետք է գաղտնի պահել, իհարկե` այդ ամենի մասին պետք է խոսել: Բայց մի՞թե շեշտը պետք է դրանց վրա դնել, մի՞թե առաջնայինը դրանք են: Կարող են, չէ՞, լրատվությունն սկսել դրական բովանդակություն ունեցող նյութերով, հետո նոր աստիճանաբար անցնել մյուս լուրերին:

Մի բան էլ ասեմ: Լուրերի ժամին շատ է լինում, որ սկսում են խոսել աշխարհի որևէ կորած-մոլորած վայրում ներցեղային ինչ-որ կենցաղային մանրուքների մասին: Իմ կարծիքով պարտադիր չէ, որ մենք աշխարհը ճանաչենք այդքան մանրամասնորեն, մանավանդ որ` հիմնականում ընտրվում են բացասական երանգներ ունեցող դեպքերը: Առհասարակ, եթե ուզում ես Հայաստանում տարածվող լուրերի մեջ դրական բան գտնել, պետք է ձեռքիդ մի մեծ լուսարձակ ունենաս: Ու հիմա ուզում եմ չարչրկված հարցը ես էլ տամ` ո՞ւմ է դա ձեռնտու:

Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, օպերատոր.

- Հեռուստացույցով հաղորդվող լուրերին չեմ հետևում, ինձ թվում է` հեռուստացույցը միայն ֆուտբոլ նայելու համար է ստեղծված: Իսկ այ, ինտերնետից շատ եմ օգտվում ու տեսնում եմ` ինչ է կատարվում: Շատ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել` սոցիալական ցանցերի ցանկացած օգտատեր լուր գրող էլ է, տարածող էլ, մեկնաբան էլ, հետն էլ` սպառող: Սրա հետևանքով մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ իրար է խառնվել, ով ինչ ուզի, որպես լուր կմատուցի: Ինձ օրինակ շատ են բարկացնում բազմաթիվ կայքերից տարածվող նյութերը, որոնք ընթերցող գրավելու համար ահավոր վերնագրեր են դնում: «Շտապ», «Հրատապ», «Մեկ մարդու նման տարածել», «Տեսեք, թե քիչ առաջ ով է վթարից մահացել», «Դուք չեք հավատա...» և այլ այսպիսի վերնագրեր, որ կարծես ընթերցողին «Էստի համեցեք» են անում, բայց երբ բացում ես, բովանդակությունն ու վերնագիրը բոլորովին իրար չեն բռնում: Մի քանի անգամ ծուղակն եմ ընկել` ինձ շատ հետաքրքրող թեմային առնչվող վերնագիր տեսնելով` փորձել եմ այդ էջը բացել ու կրակն եմ ընկել: Էջում այդ նյութից բացի` ինչ ասես չկար... Մի տեսակ սահմռկում եմ նաև բժշկական նյութերին ուղեկցող նկարներից: Մարդու ներքին օրգաններն այնպիսի լուսանկարչական ճշգրտությամբ են ներկայացնում, շատ տհաճ է: Ինձ համար գոնե դա ոչ թե վախ է, այլ զզվանք, բայց շատերն էլ երևի վախ զգալիս կլինեն: Չեմ կասկածում` բժիշկների համար դա շատ սովորական է, անատոմիա ուսումնասիրողների համար էլ` օգտակար: Բայց եթե դու ընդամենը ընթերցող ես կամ քեզ անհրաժեշտ տեղեկությունն ես փնտրում, ավելի լավ է քո նյարդերը խնայեն: Բայց ի՞նչ նյարդեր խնայել. ինձ թվում է` լուրեր տարածելիս հենց մարդու նյարդերն էլ թիրախ են դարձնում: Գուցե հենց սրա հետևանքն է, որ շատ նյութերի տակ մեկնաբանություններ գրողների խոսքում չափից դուրս շատ ատելություն է զգացվում: Այդ ատելությունը կա´մ նյութում նշված դեմքին է վերաբերում, կա´մ հեղինակին, պատահում է` նյութը տարածողին են հայհոյում, պատահում է` մեկնաբանություն գրողներից մեկին: Մեկ-մեկ մտածում եմ` այսքան էներգիան մի կարգին տեղ ծախսեին` օգտակար գործ կանեին, իսկ այսպես... Ամեն անգամ այդպիսի մեկնաբանություններ կարդալիս տրամադրությունս ընկնում է, ցավ եմ զգում, ինչքա՞ն կարելի է: Մի բուռ ազգ ենք, փոխանակ իրար սիրենք, ատելությամբ ենք վերաբերվում: Մեզնից դուրս մեզ քի՞չ ատողներ կան, ի՞նչ է: Կարող էինք մի քիչ հանդուրժող լինել, մի քիչ իրար հասկանալու փորձ անեինք: Բայց չէ, եթե տվյալ մարդը քո ծանոթ-բարեկամը չէ, կարող ես անխնա քարկոծել, վարկաբեկել: Թացն ու չորն իրար խառնած վառելուց մենք ոչ մի շահ չունենք: Իսկ ինտերնետը դա լավ էլ անում է:

Հիմա հիշեցի, թե ապրիլյան այն չորս օրերի ընթացքում մեր լրատվամիջոցներն էլ, օգտատերերն էլ ինչքան զգույշ էին, ինչքան զուսպ: Մի տեսակ համերաշխություն էր եկել բոլորիս վրա: Ուղղակի չեմ ուզում, որ այդպիսի զսպվածությունն ու համերաշխությունը միայն օրհասի օրերին դրսևորվեն: Լավ կլիներ` միշտ այդպիսին լինեինք:

Տիգրան ԲԱԲԱՅԱՆ, 74 տարեկան.

- Լուրեր լսելը թարգել եմ: Ծխելը թարգել չկարողացա, բայց այս մեկը հաջողացրի: Տեսա, որ ավելի լավ է թոքերդ թունավորես, քան թե ուղեղդ: Ճիշտ եմ ասում, բայց ինչքան էլ չուզենամ, կատարվող բաների մասին այստեղից-այնտեղից լսում եմ ու տխրում:

Վարուժան ՄԻՐԶՈՅԱՆ, անասնաբույժ.

- Որպեսզի հասկանաս, թե Հայաստանում ու աշխարհում ինչ է կատարվում, պետք է քաղաքականապես հասուն մարդ լինես: Մատուցվող տեղեկատվությունը ոչ թե սպասումներդ արդարացնում է, այլ եղածն էլ խառնում է կամ գլխիվայր շրջում: Ես որևէ լուրի հավաստիությունը ստուգելու համար մեկ լրատվամիջոցով չեմ բավարարվում, նայում եմ հեռուստատեսային մի քանի ալիքներ, տարբեր կայքեր: Փորձիս հիման վրա կարող եմ ասել, որ սուտը, խուճապը, հայհոյանքն ու զրպարտությունն ավելի շատ են, քան անաչառ, իրականությանը մոտ լուրերը: Ու ամենագարշելին այն է, որ չեմ տեսել, որ մի ստախոս կամ բանսարկու իր արած չարիքի համար պատժվի: Քանի դեռ այսպիսի անպատժելիությունը մեր լրատվական մակարդակում գերիշխում է, ճշմարտության ու որակի մասին չի կարող խոսք լինել: Հետո էլ ես կարծում եմ` մեր երկրում տարածվող լրատվությունը քաղաքական շեշտված բնույթ ունի, ամեն մեկը տարածում է այն տեղեկությունը, ինչն իր կուսակցությանը կամ պատկանած կազմակերպութ յանն է ձեռնտու: Այստեղ կողմնորոշվելը շատ դժվար է, և եթե ինքդ նշված ուժերին չես պատկանում, ուղղակի կմոլորվես: Մի տարբերակում, համենայնդեպս, նկատել եմ` պետական լրատվամիջոցները թույլ են, փոխարենն ուժեղ են ընդդիմադիր կեցվածք ունեցողները: Դժվարանում եմ ասել` սա լավ է, թե վատ: Ինքս փորձում եմ լուրեր լսելիս սեփական տրամաբանությամբ առաջնորդվել:

Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ, ուսուցչուհի.

- Լուրերից ավելի լավ է չխոսենք: Չնայել չեմ կարողանում, անտեղյակ ինչպե՞ս ապրեմ: Բայց ամեն անգամ նայելուց հետո հուսահատվում եմ: Ահաբեկչություն, վթար, սպանություն, վեճուկռիվ, արյունահեղություն, համաճարակ, գողություն, իրար սևացնել... Ո՞ր մեկն ասեմ, միայն այսպիսի բաների մասին են հաղորդում: Այդպիսի պահերին Թումանյանի քառատողն է միտքս գալիս.

Լիներ հեռու մի անկյուն,

Լիներ մանկան արդար քուն...

Բայց երևում է` մեր մոլորակի վրա ոչ մի հեռու անկյուն չի մնացել, ամեն տեղ թե´ կապի միջոցներն են թափանցում, թե´ գերհզոր զինատեսակները: Ամեն անգամ տարբեր հեռուստաալիքների լուրերն իրար հետևից լսելուց հետո ասում եմ` Աստված ջան, դու փրկես մեր այս խելագարված մոլորակը: Քանի որ իմ մասնագիտությունը հայոց լեզուն է, մի բանի մասին էլ եմ ուզում խոսել: Ինչ տեսակի հաղորդում էլ լինի, ինձ համար ամենակարևորը գրագիտությունն է: Մեր լրատվամիջոցներն իրարից առաջ անցնելու համար այնքան են շտապում, որ հրապարակում են հում, անմշակ, խրթին նյութեր: Զարմանում եմ, որ սրա դեմն առնող չկա, ոչ մեկին չի մտահոգում, թե ինչ մակարդակի հայերենով են նյութերը մատուցվում: Սա անթույլատրելի է, հարկավոր է լեզուն անգրագետներից պաշտպանել: Դրա պատճառով շատ ժամանակ փաստերն էլ են աղավաղվում, չես հասկանում` Լիբիայի մասին են խոսում, թե Լիբանանի, Շվեդիա՞ն նկատի ունեն, թե՞ Շվեյցարիան, հնագետի՞ մասին է խոսքը, թե՞ հնէաբանի:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ