ԵՐԱՆԻ ՆՐԱՆ, ՈՎ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ՀԱՎԱՏԸ ՄԵՐ


Հրաշքներ, իհարկե´, չեն լինում: Սակայն անսպասելի հանգուցալուծումներ ու անակնկալներ են լինում, որոնք հրաշքի են նման: Հենց այսպիսի հրաշքի անհրաժշտությունը կա այսօր. հանրության հավատի, վստահության վերազարթոնքը «կազմակերպելու» անհրաժեշտությունը: Ու քանի որ բառակույտերի բոլոր քարերն իշխանութ յունների «պարտեզն» են նետվում, ուրեմն այդ հրաշքն էլ նրանցից է ակնկալվում:

Իրականում դա ոչ այլ ինչ է, քան պետության ընթացքը հուսալի ռելսեր տեղափոխելը: Ճիշտ եք` նախ ռելսեր են պետք, իսկ մեր բյուջեն աղքատիկ է, վարկ տրամադրողներն էլ իրե´նց ռելսերն են պարտադրում, որոնք մեզ ոչ մի տեղ չեն տանում: Ա˜յ հենց դրա համար էլ ուզում ենք, որ դու էլ սեփականատեր դառնաս, սիրելի Պետություն: Թե չէ` արժանի-անարժան ամեն ճարպիկ, փողերի քսակներին կանգնած` քեզ ու քո ժողովրդին վերևից է նայում: Քո հարստությունը մեր ունեցվածքն է, իսկ նրանցը իսկի իրենցն էլ չէ, որովհետև անչափելի այդ ունեցվածքը ո˜վ է վայելել…

Իսկ մինչ հարստանալդ և հարստանալու համար` քեզ լքել չցանկացող ժողովրդիդ հավատն ու վստահությունը վերականգիր, Պետությո´ւն: Դու գիտես, որ տևական սուր սթրեսները, անբարենպաստ ազդեցությունները մարդկանց անհուսության ճահիճն են մղել, որի տիղմը բթացրել է դրական բոլոր զգացմունքները` հույս, հավատ, սեր: Եվ, տաղտկալի ճամփորդությունից հոգնած ուղևորի նման, մարդիկ ուզում են հանգրվանել տաքուկ մի կայարանում: Բայց վախենում են նորից սխալվել ու նորից իրենց որոնած հանգրվանում չիջևանել: Մոլորվել են այնքան, որ պաշտելու չափ մեր Բանակն ու Զինվորին սիրելով, այսօր դժգոհում են, զլանում` ամեն ամիս 1000 դրամ մասհանել նրանց ապահովության համար: Զինվորի համար իրենց կյանքն էլ չեն խնայի, էլ ուր մնաց` իրենց ծակ քսակներից, իրենց վերջին պատառ հացից զինվորին բաժին չհանեն: Չեն հավատում պարզապես, որ դա հասցեատիրոջը կհասնի: Ուրեմն ճիշտ ժամանակն է` հավատը վերադարձնելու հրաշքը գործես, Պետություն: Իսկ հրաշքն այդ սովորական ընթացքի հուն բացելն է. աշխատանք, նվազագույն կենսազամբյուղն ապահովող թոշակ կամ գոնե` աղքատ ազգաբնակչությանը համապատասխանող համեստ վարձավճարներ, առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատչելի գներ: Մատչելի հիվանդաբուժություն (հոգեցնցում ապրող ժողովրդի համար առողջապահություն ասվածն անիրական է):

Այս ամենն անպայման լինելու են, ազգային զարթոնք ապրած ժողովրդի հավատն ու վստահությունն էլ մի օր արթնանալու են, և երանի նրան, ում ձեռքով կկատարվի այդ հրաշքը: