ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՌ-ի Ա. Մերանգուլյանի անվ. ժողգործիքների վաստակավոր համույթի գեղարվեստական ղեկավար «ԵՐԳՆ ԻՆՁ ՇԱՏ ԲԱՆ Է ՍՈՎՈՐԵՑՐԵԼ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Համակերպվել մի կառույցի հետ, որի գաղափարախոսությունը հակասում է հոգեբանությանդ. պետական դիրքորոշումը նկատի ունեմ£ Բարեբախտաբար` հիմա շատ բան փոխվել է դեպի դրականը և դա ոչ միայն խրախուսում է, այլ նաև պարտավորեցնող է£ Կյանքին պետք է նայել ոչ թե ուրիշ հայացքով, այլ շարունակել մնալ այնպես` ինչպիսին որ դու եղել ես£ Պարզապես պետք է շատ բաներ դու քո մեջ հաղթահարես£ Հնարավոր է, որ հակադրվես ընդհանուրին£ Ես հարգում եմ ընդհանուրի կարծիքը և գտնում եմ, որ այն անհրաժեշտ է£ Իհարկե` անհատի տեսակետն էլ պետք է կարևորվի, սակայն այնպիսի մարդիկ պետք է հրապարակավ կարծիք հայտնեն, ովքեր դրա իրավունքը նվաճել են, ովքեր մտածել գիտեն, և կարող են իրերի դրությունը ճիշտ գնահատել£ Ամեն մեկի դատողությունը դեռ կարծիք չէ£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Չէ¯, ես միայն հայ կմնայի£ Ոչ միայն նրա համար, որ մայրենիս և բնականաբար դրա միջոցով զարգացած մտածելակերպս հայերենն է£ Շատ ազգեր կան, որոնց ես երբեք էլ չեմ նախանձում£ Չգիտես ինչու ինձ համար ավելի շատ կարևորվում է հայը£ Գուցե այն է պատճառը, որ ամբողջ աշխարհում տարածված ենք£ Մանավանդ չէի ուզենա լինել թուրք£ Չէի ցանկանա լինել նաև այնպիսի մի ժողովրդի ներկայացուցիչ, որը մինչև օրս գերտերությունների կողմից գրեթե արհամարհված է£ Ես ունեմ իմ երկիրն էլ, իմ պետականություն էլ, իմ Դրոշն էլ, իմ երգն էլ, իմ ժողովուրդն էլ և ինչո՞ւ պետք է ուրիշ ազգի ներկայացուցիչ լինելու մասին մտածեմ£ Եվ ոչ էլ այլ երկրի քաղաքացի կնախընտրեի լինել£ Բայց համակրում եմ ճապոնացիներին, ովքեր ստեղծել են այնպիսի հզոր տեխնոլոգիաներ, որոնք զարմացնում են աշխարհին£ Այսուհանդերձ` ես հպարտ եմ, որ հայ եմ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, որ այժմ կբարձրաձայնեիք£ - Ես նվիրված, սիրահարված եմ եղել իմ երգին£ Երգն ինձ շատ բան է սովորեցրել, որովհետև հարյուրից ավելի երգ եմ կատարել և այդքան հոգեվիճակներ եմ ապրել` սիրահարվել, հիասթափվել, բարկացել£ Այդ զգացումները իրենց հետքն են թողել իմ թե° առողջության, թե° մտածելակերպի, նաև, իհարկե` աշխարհընկալման վրա£ Յուրաքանչյուր երգ մի պատմություն է և այդ պատմությունը ճիշտ զգալու, վերարտադրելու և ունկնդրին հաղորդակից դարձնելու կարևորությունը կա£ Երգիչը հենց դրանով է տարբերվում երգողից£ Իհարկե, ինչ որ չափ նաև հոգումս թաքուստված գաղտնիքներն ու հույզերը արտահայտվում են երգի միջոցով£ Մի պահ եղավ, որ զայրացած էի շատ երևույթներից և բարձրաձայնելու անհրաժեշտությունը կար, մանավանդ, որ մազերս էլ արդեն սկսել էին ճերմակել… Որոշեցի երգել աշուղ Ջիվանու «Ձախորդ օրերը»£ Մինչ այդ, ոչ թե ռիսկ չէի անում, այլ գտնում էի` ժամանակը չէ, որ բողոքելու պետք չունեմ£ Բայց պահը հասունացավ` երգեցի և այն դժբախտաբար գրեթե համընկավ արհավիրքի հետ£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Մարդու ծնունդն ու մահը£ Այդ երկուսը միշտ առեղծվածային էլ կմնան երևի. ոչ ոք չգիտե` ով է ծնվելու, և ծնվողն էլ չգիտե, թե երբ է հրաժեշտ տալու կյանքին£ Բա առեղծված չէ ի՞նչ է£ Մարդուց մարդ է ծնվում. դրանից մեծ առեղծված կարո՞ղ է լինել£ Բնականաբար, մենք գիտենք` ինչպես, բայց բոլոր դեպքերում, սպասում ես ծնունդին` զավակի, թոռնիկի. ուզում ես տեսնել` ինչ արտաքին ունի, ո՞ւմ է նման, և արդյո՞ք նա կարող է դառնալ այն մարդը, ում դու երազում ես մեծացնել£ Ոչ մի ծնող իր երեխայի վատը չի ցանկանում£ Բոլորը ծնվում են միանման, սակայն շրջապատի դաստիարակությունն էլ է դեր խաղում, որը կարող է և° բարենպաստ, և° կործանանար լինել£ Մեկ անգամ Վեհափառ Վազգեն Առաջինին այցելության էի գնացել` 60-ամյակը լրացել էր£ Ասացի. «Վեհափառ, շնորհավորում եմ Ձեր ծնունդը, Աստված օրհնի և պահապան լինի Ձեզ»£ Նա պատասխանեց. «Ես ապրել եմ Աստծո տված կյանքը£ Նա տալիս է նաև 10 տարի, որը դու պետք է տնօրինես, իսկ նրանից հետո Աստված է ցանկանում քո ներկայությունը երկրային կյանքում»£ Այնպես որ, ես չգիտեմ` երբ Աստված կցանկանա մարդուն հրավիրել իր մոտ, կամ հեռացնել այս աշխարհից, որը չէի ցանկանա£ Կցանկանայի, որ պարզապես անէանար մարդը, ոչ թե վերանար£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպքեր շատ են եղել£ Հենց մեր կյանքն էլ, ինքնին, արդեն զավեշտ է, ուր մնաց էպիզոդներ, որ ավելի ցայտուն են£ Ավելի շատ բեմական կյանքից են£ Օրինակ` տեքստի մոռացում. տեղում` հանպատրաստից չգիտես, թե ինչպես վարվես, ստիպված իմպրովիզի ես դիմում£ Ինձ հետ քիչ են պատահել նման դեպքեր, քանի որ միշտ պատրաստ եմ եղել ելույթին, այսինքն, ամբողջ օրվա մտածումներս համերգի շուրջն են պտտվում£ Այնպես չի եղել` քնից արթնանամ ու վազեմ բեմ£ Երբեք£ Ընդհակառակը. նույնիսկ մի քանի օր պետք է քո ելույթի մասին մտորես£ Հիշում եմ` Ղազախստանում համերգ էր, մեր խմբից երկուսին հանձնարարել էին ղազախական երգ կատարել£ Մեր գեղարվեստական ղեկավարը ճարել էր նման մի երգ, որը մշակվեց նոտաներով և հրաշալի ստեղծագործության վերածվեց£ Բայց մինչև այդ կատարումը, մենք արդեն մի երեք համերգ ունեցել էինք մեկ օրվա ընթացքում` հեռուստատեսությամբ, հանդիպմանը և սրահում£ Հանկարծ դահլիճում երգելուց հետո նրանց լուրջ քննադատներից մեկը մոտեցավ, իր գոհունակությունը հայտնեց ելույթի առիթով, բայց անդրադարձավ այդ երգին և ասաց. «Շատ ներողություն, դա ինչ լեզվով էր, որքան հասկացա, հայերեն չէր»£ Մենք պատասխանեցինք, որ ղազախերեն է, և նա շարունակեց. «Հա¯, երևի դա մեր հին ղազախերենն է, որն այժմ ոչ ոք չգիտի»£ Իհարկե, սա ավելի շատ կատակ է, բայց զավեշտի հասնող մի դեպք եղավ բեմում£ Հովհաննես Բադալյանի հետ զուգերգ ունեինք, իսկ նա լուրջ արվեստագետ էր£ Մինչ համերգի սկսվելը մոտեցավ ինձ և ասաց. «Գիտե՞ս` տեքստը չեմ հիշում»£ Ես էլ պատասխանեցի, որ ոչինչ, ես կհուշեմ£ Մտածեցի, որ առաջին տողի երկու բառերը հուշես, ինքը արդեն մեխանիկորեն կշարունակի, որովհետև այնքան է երգել այդ ստեղծագործությունը, որ անկարելի է տեքստը չհիշի£ «Չէ,¬ ասեց,¬ էդպես չի լինի»£ Փորձեցի ելք գտնել և հարցրեցի, թե տեքստը ունի՞ արդյոք, պատասխանեց. «Հա, մոտս փոքրիկ նոթատետրի վրա գրված է»£ Ես էլ ասացի. «Ի՞նչ է եղել, բեմում ակնոցդներ կդնես, բլոկնոտդ առջևդ կպահես, կերգես»£ Համաձայնվեց` «Լա°վ, ճիշտ ես ասում£ Այդպես էլ կանեմ»£ Համերգը սկսվեց, այնպես էր կաշկանդվել բեմում, քանզի առաջին անգամ էր իր հետ նման դեպք պատահում, որ բեմ ելնի և տեքստը չիմանա£ Նոթատետրը կրծքին սեղմած, ակնոցն աչքերին, շրջվեց դեպի ինձ և… «Տեքստը չեմ բերել»£ Ասում եմ. «Ձեռքիդ է»£ Շարունակում է պնդել. «Չեմ բերել»£ Ես էլ եմ համառում` ասելով` «Հես ա», ու ձեռքով քաշում եմ առջևը այդ նոթատետը, որպեսզի կարդա£ Անարդյունք է. նա նորից, թե. «Չգիտե°մ»£ Ճարակված ասեցի` լավ, ոչինչ կհուշեմ£ Բայց խոսում եմ ցածր, ատամների տակից, որպեսզի բարձրախոսը չկլանի ձայնային ալիքը, և հանդիսատեսը չլսի մեր «բանակցությունները», թեև, եթե դահլիճում հայեր լինեին, գլխի կընկնեին£ Դահլիճում միակ հայը Խաչատուր Ավետիսյանն էր` իր կնոջ ու տղայի հետ, իսկ մնացյալը հոլանդացիներ էին£ Ինչևէ, ես հուշեցի` շշուկելով. «Սարից թռան»£ Պետք է շարունակեի. «Երկու կաքավ, թռան սրտիս պես», իսկ նա ստեղծագործեց. «Սարից թռան երկու ծիտիկ, թռան, նստեցին£ Ա¯խ, դու, ախ դու, ախ դու, ախ դու, ծիտիկ, ծիտիկ, ծիտիկ, ծիտիկ»£ Այդպես քառյակը ավարտեց, երաժիշտները չգիտեին` ինչպես զսպեն իրենց ոչ թե ծիծաղը, այլ կչկչոցը£ Նրանց հա¬հա¬հա¬ն խառնվել էր նոտաների հետ, և մեղեդին այլակերպվել էր£ Ես էլ էի սրտանց ծիծաղում, իսկ դիրիժորը, փոխարեն կանգնած չափ տար, նստել էր կանգնահարթակին£ Եկավ իմ խոսքի պահը, որոշեցի զավեշտը երկարաձգել. միանգամից ակնոցը խլեցի, դրեցի իմ աչքերին, բլոկնոտ կոչեցյալն էլ հափշտակեցի, իր նման սեղմեցի կրծքիս և անգիր երգեցի£ Դահլիճը ուշաթափվել էր£ Եվ ասեմ, որ մեր համերգային շրջագայության ավարտին նրանց երգչախումբը մեզ համար կատարեց Կոմիտասի երգերից, ինչպես նաև վերջում իրենց դուր եկած այդ ստեղծագրծությունը` ճիշտ տեքստով£ - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ£ - Մանկության հուշերս գնում եմ դեպի բակ, մանկապարտեզ, դպրոց, ինչպես նաև թատրոններ, համերգասրահներ, ուր ամեն շաբաթ մայրս էր տանում: Յուրաքանչյուր համերգի ժամանակ, երբ որևէ մեկի անունն էր հայտարարվում իմ սիրելի կատարողներից, թվում էր, թե ես եմ բեմում կանգնած£ Ամբողջ կյանքում երազել եմ երգիչ լինել£ Պատահականությունը ինձ բերեց ռադիո, և մնացի արդեն ոչ թե իբրև պատահականություն, այլ` պարզապես երգիչ£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ