Հայրենանվեր ու ազգաշահ


«Հայ օգնության միության» Դավթաշենի մասնաճյուղը, որը կրում է զոհված ազատամարտիկ Էդիկ Մելքումյանի անունը, հիմնադրվել է 2001-ին: 2002 թվից կառույցը ղեկավարում է ազատամարտիկ Գնել Հակոբյանի կինը` Սուսաննա Թովմասյանը: Կառույցը համալրված է եռանդուն, գործունակ և հայրենասեր պարմանուհիներով, ովքեր ատենապետուհու հետ միասին իրագործում են հայրենաշեն և ազգաշահ ծրագրեր: Լինելով արցախյան ազատամարտի ակունքներում` ատենապետուհի Սուսաննա Թովմասյանը կարևորում է ազատամարտիկների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները, ինչպես նաև նրանց ֆիզիկական և բարոյական պաշտպանվածությանն ուղղված ձեռնարկումները, միաժամանակ լուրջ աշխատանք է կատարում բարձրացող սերնդի և հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակության առումով: ՁՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղը նաև իրականացնում է որբախնամ ծրագիր, աջակցում է տաղանդավոր ուսանողներին: - Հայոց պատմական հողերը ազատագրած քաջորդիները, նրանց հարազատները, զոհվածների ընտանիքները պետք է լինեն պետության և հասարակության սիրո և հոգածության առանցքում, նրանց սխրանքը պետք է պատշաճորեն արժևորվի,- ասում է Սուսաննա Թովմասյանը: Նրա կարծիքով` հայրենիքի պաշտպանության գաղափարը, որպես բացարձակ, անվիճարկելի արժեք, պետք է արմատավորվի յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է գործնականում կարևորել հայրենիքի համար կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքը` ոգեկոչելով նրանց հերոսությունն ու փառքը, ներկա սերնդին դարձնելով նրանց նվիրումի ու հպարտության բաժնեկիցը, ոգու ժառանգորդը, գործի շարունակողը: ՁՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղը պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ ռազմահայրենասիրական միջոցառումներ, ազատամարտիկների մեծարման երեկոներ, հանդիսություններ պետական տոների կապակցությամբ, փաստագեղարվեստական ցերեկույթներ, միջոցառումներ` նվիրված ազատամարտիկների զինվորացող որդիներին, հուշ-երեկոներ և այլն: Միջոցառումները ունեն հուզական մեծ լիցք, շնչում են խորին հայրենասիրությամբ, տոգորված են ռազմահայրենասիրական մեծ ներուժով: Սուսաննա Թովմասյանը և «Էդիկ Մելքումյանի» անվան կառույցի ակտիվ անդամներ` Լիլիթ Մկրտչյանը, Սեդա Անանյանը, Անահիտ Բերբերյանը, Գոհար Հակոբյանը, Մարինե Կարաբաբյանը և մյուսները, անուն առ անուն գիտեն Դավթաշենի տարածքի բոլոր ազատամարտիկներին և նրանց ընտանիքների անդամներին: Կանանց տոնի կապակցությամբ` զոհվածների մայրերը և այրիները ստանում են ծաղկեփնջեր և նվերներ, զոհվածների ծննդյան օրը ծաղիկներ է դրվում նրանց շիրիմներին: Օգնություն են ստանում ազատամարտիկների սոցիալապես անապահով ընտանիքները, նրանց դպրոցական և ուսանող երեխաները: Պետք է նշել, որ Սուսաննա Մելքումյանի ընտանիքը հովանավորում է բարեգործական ծրագրերի զգալի մասը, սեփական միջոցների հաշվին կազմակերպում զանազան ազգասիրական ձեռնարկումներ: ՁՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի ատենապետուհին երախտապարտ է բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են ազատամարտիկներին ու նրանց համար կազմակերպվող սոցիալական և մշակութային միջոցառումներին, նա իր երախտագիտությունն է հայտնում «Բրաբիոն ֆլորա սերվիսին», «Համազգային», «Կամերային», «Սունդուկյան» թատրոններին, երգահաններ Ռուբեն Հախվերդյանին, Դավիթ Ամալյանին, «Ակունք» և «Կարին» համույթներին, երգիչներ Աղասի Իսպիրյանին, Արսեն Համբարյանին, Գոհարիկ Հովհաննիսյանին, Ռուբեն Սասունցուն, Լեյլա Սարիբեկյանին, Արսեն Գրիգորյանին (Մրո), Վարուժ Աղաջանյանին, Գայանե Ներսիսյանին` անշահախնդիր օգնության համար: ՁՕՄ-ի Դավթաշենի մասնաճյուղի աշխատանքը միշտ բարձր գնահատանքի է արժանանում կառույցի կենտրոնական վարչության կողմից, ատենապետուհի Սուսաննա Թովմասյանը քանիցս արժանացել է խրախուսանքի ու շնորհակալագրերի: Նա լի է եռանդով և պատրաստակամ է` շարունակելու իր, ինչպես բարեգործական, այնպես էլ գաղափարախոսական ու քարոզչական ծագրերը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ