«Ախ, Ախպարիկ»


Ամեն անգամ, երբ ես գրում եմ հայերի մասին, իմ ձեռքը, թող դա տարօրինակ չթվա, փնտրում է մի ձայնապնակ, որն ալեկոծում է ունկնդրի հոգին: Ես ուզում եմ լսել ջութակի սրտաճմլիկ հեկեկանքը կամ, ավելի շատ, դուդուկի խեղդված ու սրտահույզ մեղեդին: Ես գիտեմ, որ այս երկրում նրանք չեն սիրում խոսել ա°յս մասին, թեև նրանք անցել են այն ամենաահավոր տառապանքների միջով, որպիսին աշխարհը երբևէ չի տեսել: Եվ, խնդրում եմ, մի' ասեք. «Որովհետև նրանք էլ մեզ էին սպանում»: Պետք է ամոթը կորցրած լինել` այդ ասելու համար: Ի՞նչ կապ կարող է լինել ռուսական սահմանի մոտ ապստամբած հայի և բուրսացի հայուհու, ադանացի ծերուկի կամ սվազցի երեխայի միջև: Բացի այն, որ նրանք բոլորն էլ ազգությամբ հայ են: Միութենականները իրականացրին մի դաժան ցեղասպանություն: Շատ դաժան: Կա°նգ առեք մի վայրկյան… Խնդրում եմ, կա°նգ առեք մի պահ: Եվ` մտածեցե°ք… Մի խաղաղ երեկո, երբ դուք ձեր տանն եք, դուռը բախում են, և ձեզ բռնի դուրս են հանում տնից: Ձեր տան դուռը բաց է մնում: Դուք հայտնվում եք փողոցում: Ձեզ ստիպում են կեսգիշերով կտրել-անցնել լեռնային ճանապարհներով: Ձեզ ստիպում են քայլել խմբերով, անհամար, հոգնած, ցիրուցան խմբերով…. Հենց ձեր կողքին մի տարեց կին հանկարծ ընկնում է ուժասպառ: Նրա գլուխը փշրում են հրացանի խզակոթով: Նա այդպես էլ չոքած է մնում: Նրա լացող զավակին խփում են քարաժայռին: Կարծում եք` այս ամենը առասպե՞լ է: Արդյո՞ք դուք գիտեք, թե ինչ է Թաղքիլաթ Մահսուսան (1915-ին Թուրքիայում ստեղծված հետախուզական հատուկ ջոկատ-ծնթթ. թարգմանչի): Միութենականների խայտառակ կազմակերպությունը: Արդյոք երբևէ ձեր կնոջը բռնաբարե՞լ են ձեր իսկ աչքերի առաջ: Արդյոք երբևէ ձեր ամուսնուն դաշունահարե՞լ են ձեր իսկ աչքերի առաջ: Արդյոք ձեզ երբևէ ձերբակալե՞լ են ուշ գիշերով, երբ դուք խաղաղ ընթրիքի էիք նստած ձեր ընտանիքի հետ. միմիայն այն պատճառով, որ դուք թուրք եք: Հարյուրհազարավոր մարդիկ ենթարկվեցին այս ամենին լոկ այն պատճառով, որ հայ էին: Անսա°նք մեր խղճի ձայնին: Պաշտպանենք միութենականներին և Թաղքիլաթ Մահսուսայի՞ն` միայն նրա համար, որ պատկանում ենք միևնույն ցեղին, թե՞...սգանք մեկ ուրիշ ցեղի նորածնի մահը: Գիտե՞ք արդյոք, թե որքան հայեր են ջարդուխուրդ արվել` խփվելով ժայռերին ու գնդակահարվել: Շա¯տ-շատ: Միայն նրա համար, որ հայ են եղել: Նրանց խեղդամահ են արել գետերում: Երբ նրանք ընկել են հոգնածությունից, նրանց խողխողել են սվիններով: Հայերին սպանելուց հետո թալանել են նրանց ունեցվածքը: Քնքշությամբ մտածեք նոր կլորացած հայ հարսիկի մասին` մի ժպտերես հայուհու: Մտածեք այն քարտաշ հայ վարպետի մասին, որին խփեցին ճիշտ այնպիսի մի կարծր քարի, որպիսիք տաշում էին նրա ջլապինդ ձեռքերը… Սիրահարված հայ պատանու մասին… Մի քնքուշ ու դեռատի հայուհու մասին… Մտածեցե°ք այդ ամենի մասին… Եվ պատկերացրեք նրանց բոլորին գիշերով, լեռներում: Սովահար, հոգնատանջ, խեղճ ու մենակ… Փոշու մեջ կորած: Հիվանդ: Նրանք գիտեին, որ իրենց տանում են սպանելու: Նրանց ստիպում էին քայլել ուղիղ դեպի մահը: Նրանց սպանում էին: Մարդկային էակներ` հարյուր հազարներով: Մարդկային էակներ` հարյուր հազարներով: Նրանց ցեղն իրականում ինչ-որ արժեք ունե՞ր: Պատկերացրե°ք, որ ձեր ամուսնուն խլում են ձեր գրկից ու խփում պատին: Պատկերացրե°ք, որ ձեր կնոջն են խլում ձեր ձեռքերից և քարշ տալիս թփի հետևը: Իրո՞ք այս ամենը ձեզ չի տխրեցնում` սոսկ որովհետեւ նրանք հայեր էին: Մի վայրկյան ձեզ դրեք նրանց տեղը, միայն մի կարճ պահ: Պատկերացրե°ք այդ պահը, այդ հուսաբեկությունը: Սուզվե°ք ձեր հոգու ամենախորքերը` հասկանալու համար, թե ինչ է նշանակում, երբ սպանում են ձեր սիրելիներին: Արդյո՞ք դուք ի վիճակի եք արհամարհել այդ մարդկանց տառապանքները միայն այն պատճառով, որ դուք թուրք եք: Միութենականները շատ են մեղանչել: Նրանք շատ-շատերին են սպանել: Նրանք բնաջնջել են մի ամբողջ ազգ: Եվ մենք այդ մարդկանց մերձավորներին տարիներ շարունակ արգելել ենք լալ իրենց սիրեցյալների մահվան համար, մենք նրանց արգելել ենք անգամ ողբալ իրենց անհետացած հարազատներին: Նույնիսկ ողբը շատ ենք համարել: Նրանք մեզ խաբել են անդադար: Նրանք մեզ ասել են. «Այդ իրե°նք էին մեզ սպանում»: Ռուսական սահմանի մոտ կային հայ ապստամբներ, ովքեր սպանում էին մուսուլման թուրքերի և իրենք էլ էին սպանվում: Նրանք էլ էին դաժան: Բայց ասացե°ք, ի՞նչ կապ ունեն ռուսական սահմանի ապստամբը և Մալաթիայում, Բուրսայում, Սվազում, Մարաշում, Ադանայում ապրող կանայք, տղամարդիկ, ծերերն ու նորածինները: Միութենականները նրանց սպանեցին միայն ու միայն այն պատճառով, որ հայ էին: Վերջապես, մենք բարկացանք մեր զոհերի թոռների վրա, երբ նրանք ուզեցին խոսել այն օրերի մասին: Ձեր մեջ ոռնալու ցանկություն չէ՞ր առաջանա, եթե սպանեին ձեր տատին, ձեր հորն ու մորը: Դուք ձեզ պարտավորված չէի՞ք զգա նրանց առաջ: Մոռացե°ք միութենականներին, մարդասպաններին, գաղտնի ծառայությունների դիպուկահարներին: Դուք այդ մարդկանց բարեկամը չեք. դուք նրա°նց բարեկամն եք, ովքեր սպանվել են: Դուք մարդ եք: Եվ ահա մենք գնում ենք նրանց «երկիրը»: Սակայն արդյո՞ք դա հնարավոր է: Ի հիշատակ անցած օրերի` եթե կարողանայինք գեթ մի կաթիլ արցունք թափել, եթե կարողանայինք շշնջալ. «Ներեցե°ք մեզ»…. Ապա գուցե գեթ մեկ վայրկյանով կընկներ մեր հոգուն ծանրացած քարը, գուցե թավ բեղերով հայ ծերունու հոգին մի պահ կժպտար մեզ այնտեղից, ուր գնում են բոլոր մարդիկ, և ուր մի օր գնալու ենք մենք բոլորս… «Թարաֆ» (06. 09. 2008) Թարգմանեց Զարմիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ ժուռնալիստների միության անդամ