Թուրք մտավորականը` ցեղասպանության մասին


Թուրքիայի դատական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարունակում է իր հալածանքները. նրա «զոհերից» վերջինը թուրք լրագրող Ահմեդ Ալթանն է, որին հետապնդում է իսլամական ազգայնական «Մեծ միություն» կուսակցութան` BBP-ի Անկարայի մասնաճյուղը «Ախ, Ախպարիկ» հոդվածի համար: Ֆրանսիայում գործող Collectif VAN («Զգոնություն ընդդեմ հակահայկական ժխտողականության») կազմակերպությունը Համացանցում տարածել է Ահմեդ Ալթանի հոդվածի թարգմանությունը, որը կատարվել է Taraf թերթի 2008 թ. սեպտեմբերի 6-ի համարում տպագրված թուրքերեն բնօրինակից: Ահմեդ Ալթանը համարձակություն է ունեցել (քանի որ խոսքն իրոք հենց այդ մասին է) օգտագործել թուրքերեն soykirim բառը, որը նշանակում է ցեղասպանություն, մի հոգեցունց տեքստում, որտեղ նա կոչ է անում իր հայրենակիցներին հրաժարվել անցյալի թուրք հանցագործներից. «Մոռացե°ք միութենականներին, մարդասպաններին, գաղտնի կազմակերպությունների նշանառուներին: Դուք այդ մարդկանց բարեկամը չեք. դուք նրա°նց բարեկամն եք, ովքեր սպանվել են: Դուք մարդ եք»: Հիշեցնենք, որ Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը հաստատելը թուրքական դատական օրենսգրքի 301-րդ հոդվածով ենթակա է հետապնդման. «օրինազանցը» կարող է դատապարտվել բանտարկության կամ մահվան` թուրք ազգա յնականների կողմից: Այդպես պատահեց թուրքահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ, որը սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին` Ստամբուլում, 301-րդ հոդվածը քննադատելու պատճառով: Ի դեպ, Դինքի ողբերգական մահվան առիթով նույն Ահմեդ Ալթանը Համացանցի gazetem. net կայքէջում թուրքերեն և անգլերեն տարբերակներով հանդես էր եկել «Ոճիրից հետո. 1915-2007» վերտառությամբ հոդվածով: Իր միանգամայն ինքնատիպ գրելաոճին հարազատ` նա գրել է. «Թվում է, թե շատ բան չի փոխվել: Նրանց սպանեցին 1915-ին: Նրանց սպանում են նաև 2007-ին: Ի՞նչ էր ասվում այդ կոտորածի մասին անցյալ դարի սկզբին. «Նրանք սպանեցին մեզ, մենք էլ նրանց սպանեցինք»: Ի՞նչ ենք ասելու, ուրեմն, Հրանտի սպանության պարագայում. «Հրանտը մեզ սպանեց, մենք էլ սպանեցինք Հրանտի՞ն»...

Ահմեդ ԱԼԹԱՆ