Համագործակցության սկզբունքով


ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հավաստմամբ` համայնքներում և մարզերում իրականացված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերում և համայնքներում «արքիլլեսյան գարշապար» է գնումների գործընթացը և դա ընդհանրական բնույթ ունի. - Այդ գործընթացում առկա թերություններն ու խախտումներն ուղղակի արտառոց են: Խնդրի առնչությամբ մենք պատրաստվում ենք կարևոր առաջարկներ ներկայացնել Կառավարությանը` ի վերջո հստակեցնելու, թե այդ օղակն ի՞նչ կերպ պետք է իրականացնի իր գործառույթները: Հաջորդ տարի Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնելու գնումների գործակալությունում: Հարկ է նշել, որ իսկապես գործնական են դարձել Վերահսկիչ պալատի` պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, համայնքային սեփականության կառավարման և օգտագործման ուղղությամբ իրականացվող քայլերը: Իշխան Զաքարյան պետական գործիչը շնորհակալ գործ է համարում պետության, ժողովրդի շահերին ծառայող գործունեությունը: Վերջին շրջանում բավական հետաքրքիր քննարկումների առիթ դարձան նրա ելույթները, որոնք վկայություն են այն իրողության, որ նրա ղեկավարած Վերահսկիչ պալատը հավատարիմ է որդեգրած սկզբունքին: Ի մասնավորի` «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով դատախազություն են ուղարկվել «Սոկոլ-գրուպ»-ի գործերը: «Սոկոլ-գրուպ»-ից բացի, ծրագրին մասնակցել են նաև ուրիշ 2 ընկերություն` «Կարեն-Z»-ը և «Արփայ գրուպ»-ը: «Կարեն-Z»-ը 35 բնակարան գնելու համար պետբյուջեից ստացել էր 140 միլիոն դրամ: Սակայն ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրա հանձնած 11 բնակարանների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին: «Արփիայ գրուպ»-ը 45 բնակարան գնելու համար պետբյուջեից ստացել է 344 միլիոն 744 հազար դրամ, որով գնած 19 բնակարանների տեխնիկական վիճակն անմխիթար է: Ի դեպ, Վերահսկիչ պալատի ահազանգերից հետո սոցապնախարարությունը հրաժարվել է այդ բնակարաններից: Այդ գործերն արդեն ուղարկվել են դատախազություն` «համապարփակ քննության և պետությանը հասցված վնասը վերականգնելու համար»: Տարեմուտին Վերահսկիչ պալատի արտագնա նիստը Գեղարքունիքի մարզպետարանում ևս, մի վկայություն է, որ ոլորտի պատասխանատուները փորձում են առավել գործնական ու արդյունավետ դարձնել աշխատանքները: Հատկանշական է, որ հենց այդ նիստում էլ որոշվեց մի քանի կոռուպցիոն գործեր ուղարկել դատախազություն: Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ մանկապարտեզները չպետք է վաճառվեն, սակայն Սևանի քաղաքապետարանը մանկապարտեզի շենք է վաճառել: Վաճառվել են նաև մեկ գիշերօթիկ և մեկ միջնակարգ դպրոց: Ի դեպ, կրթօջախների վաճառք թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այդ կառույցները օգտագործվելու են կրթական նպատակների համար: Մինչդեռ այս առումով ևս, օրենքը խախտվել է: Քաղաքապետարանի կողմից թույլ տված մյուս կոպիտ խախտումն արձանագրվել է Սևանի Ազգային պարկում: 47 հեկտար տարածք` տարեկան 14 դրամով վարձակալության է տրվել Արայիկ Հայրապետյանին, ով էլ ափամերձ այդ տարածքում կառուցել է «Լավանդա-Սիթին»: Իշխան Զաքարյանը մտահոգիչ է համարում այս փաստը. Կառավարության որոշման համաձայն` 1907 մետր նիշից ցածր հողատարածքներում չի կարելի հիմնական շինություն կառուցել, սակայն կառուցվել է, այն էլ մի քանիսը, իսկ կադաստրի պետական կոմիտեն անձնագրեր է հատկացրել: Այնուհետև այդ շինությունները վաճառվել են` կրկին շրջանցելով հարկային օրենսդրությունը: Փաստաթղթային ձևակերպմամբ վաճառքի գումարը կազմում է 1,5-8 միլիոն դրամ, մինչդեռ շուկայական արժեքը 40-60 հազար դոլար է: 42-45 միլիոն դրամի խախտումներ են արձանագրվել նաև Վարդենիսի քաղաքապետարանում: Նախկին քաղաքապետը ժամանակացույց չի ներկայացրել դրանք վերականգնելու համար, ուստի այդ գործը ևս ուղարկվելու է դատախազություն` գումարները պետբյուջե վերադարձնելու պայմանով: ՎՊ նախագահը արտառոց է համարում Գեղարքունիքի մարզի Գեղասար գյուղում բացահայտված փաստը: 3 ուղղությամբ խմելու ջրագիծ է կառուցվել, սակայն վերջում պարզվել է, որ «մայր» ջրագիծը չկա: Ուշարժան է, որ Վերահսկիչ պալատը ոչ թե սոսկ վերահսկող ու պատժող կառույց է, այլ ինչպես ոլորտի ղեկավարն է ընդգծում` համագործակցության առաջարկով է դիմում բոլորին և պատրաստ է ստուգումներից առաջ օգտակար լինել` հնարավոր թերություններն ու բացթողումները համատեղ շտկելու. - Ես առաջին հերթին կարևորում եմ համայնքների ֆինանսական կարգապահությունը և ցանկանում եմ, որ Վերահսկիչ պալատը չդիտարկեն իբրև պատժող օղակ: Պետք է նշեմ, որ ինչպես այս մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում անուշադրության են մատնված համայնքների հաշվապահական հաշվառման կուլտուր-օգտագործման, գնումների, ունեցվածքի հետ կապված խնդիրները: Համայնքի ղեկավարը կարող է ինչ-որ կարիքների համար գումար ծախսել, որի իրավունքը չունի, իսկ մեզ մատնանշում է ավագանու որոշումը: Դիցուք` գյուղապետը կարող է իր անձնական կարիքների համար 8 միլիոն դրամով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա գնել, իսկ վաղը ձեռքը պարզել պետությանը, թե ինձ 3 միլիոն տվեք` գյուղի լուսավորության հարցերը լուծելու համար: Սա համարում եմ բացարձակ անընդունելի: Իսկ առանց մրցույթների, առանց նախապայմանների և գնումերի ընտրակարգը պահպանելու, ահավոր ցածր գներով ձևակերպված հողերի վաճառքը չի կարող ապահովել նորմալ պետական բյուջե: Մինչդեռ, եթե համայնքի ղեկավարները սրտացավորեն տեր կանգնեն պետական ունեցվածքին, կունենանք զարգացող ու հպարտության արժանի մի երկիր: Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ «Երբ գիշերները գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ձեր ազգի մասին: Այնուհետեւ մտածեցեք ձեր հարեւանի մասին, հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, եւ բարի մտածեցեք...»: Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ