Արցախի խնդրում կարևոր է նաև Իրանի գործոնը


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տարեվերջին առկա ակտիվացումը, թերևս, պայմանավորված է ընդհանրապես Հարավային Կովկասում վերջնականապես կայուն խաղաղության հաստատմանը հասնելու` միջազգային հանրության ձգտմամբ: Սակայն, նկատենք` որպես առանձին տարածաշրջան Հարավային Կովկաս հասկացությունը գոյություն չունի: Այն իրականում Մերձավոր Արևելքի մի հատվածն է, և այդ մեծ տարածաշրջանում առկա զարգացումները սերտորեն փոխկապակցված են` դրանցում ներգրավված դերակատարների հետապնդած շահերով ու գործողություններով: Իր վերջին ելույթներից մեկում դեռևս գործող նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, թե Իրաքի դեմ պատերազմը ճիշտ չէր, որ այն Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին ամերիկյան հետախուզության սխալ տեղեկատվության արդյունք էր: Իսկ նորընտիր նախագահ Բարաք Օբաման գտնում է, որ այդ երկրից ամերիկյան զորքերը հարկավոր է հնարավորինս շուտ դուրս բերել: Կարծես մեղմացման միտումներ են նկատվում նաև վրաց-ռուսական խնդիրներում. համենայնդեպս, այդ են վկայում Ժնևում ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող երկու երկրների բանակցությունները: Եվ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվացումը պետք է դիտարկել այն իրողության համատեքստում, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Հարավային Կովկասի վրա. այստեղ են խաչվում Հյուսիսն ու Հարավը, Արևմուտքն ու Արևելքը միացնող ուղիները: Ռուսաստանը ձգտում է իրենով անել` իր վերահսկողության տակ դնել Արևելքից Արևմուտք մատակարարվող և մատակարարվելիք էներգակիրները. խոսքը մասնավորապես թուրքմենական գազի մասին է: Եվրոպայում այսօր քննարկում են այդ գազամուղը Հայաստանով անցկացնելու հարցը: Մանրամասնելու կարիք, թերևս չկա, թե տնտեսական և քաղաքական ինչ շահաբաժիններ կարող է ստանալ մեր երկիրն այդ ծրագրի իրականացման շնորհիվ: Նշենք միայն, որ այդ դեպքում գազամուղը կանցնի Ղարաբաղով` այդպիսով ամրապնդելով նաև նրա անվտանգությունն ու դիրքը միջազգային թատերաբեմում: Նշված երթուղով գազամուղի անցկացումն ավելի էժան է և, որ ոչ պակաս կարևոր է` անվտանգ: Թերևս, նաև այս հանգամանքն է պատճառը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարևորում են հատկապես մադրիդյան սկզբունքները, որոնցում խոսվում է, այսպես կոչված, գրավյալ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին: Սակայն, միջազգային հանրությունը հակամարտության կարգավորման գործընթացում կարծես «մոռանում», անտեսում է մի կարևոր հանգամանք, այն է` հակամարտության կարգավորումը չի կարող լիարժեք ու վերջնական լինել` առանց տարածաշրջանում հարևան երկրների շահերը հաշվի առնելու: Ղարաբաղի խնդրում միշտ չեզոք դիրքերից է հանդես եկել Հայաստանի անմիջական հարևան Իրանը: Սակայն, պաշտոնական Թեհրանն ամեն առիթով հայտարարել է` տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Այս առումով, պատահական չէր, որ երբ շրջանառության մեջ մտավ Գոբլի ծրագիրը, որով ենթադրվում էր Ադրբեջանի հետ Ղարաբաղը փոխանակել Հայաստանի Մեղրիի շրջանով, Իրանը լսելի դարձրեց, թե զորք կմտցնի Մեղրի` այդ փոխանակումը կանխելու նպատակով: Հասկանալի է, որ չէր հանդուրժի այդ փոխանակումը. առանց այդ էլ Ադրբեջանը չարդարացված հավակնություններ ունի Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ, որոնք Բաքվում անվանում են հյուսիսային Ադրբեջան, չնայած այդ տարածքը պատմական Ատրպատականն է: Իսկ այսօր արդեն Իրանը պատրաստակամ է` խաղաղարար զինված ուժեր տեղակայել «գրավյալ» կոչվող տարածքներում` դրանք Ադրբեջանին չվերադարձնելու համար: Այս մասին բացահայտ չի հայտարարվել, սակայն իրավիճակն այդ է հուշում: Եվ զարմանալու կամ անակնկալի գալու հարկ չի լինի, եթե մի օր պարզվի, որ այս մասին ակնարկվել է ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում... Այսպիսով, կարելի է ասել, որ Կովկասում առկա զարգացումներն այսօր առավել, քան խորքային բնույթ ունեն: Եվ չի բացառվում, որ դրանց արդյունքում առաջանան անսպասելի նոր իրողություններ: Օրինակ, ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերի համընկնում, մանավանդ, որ այսօր Նյու Յորքում շարունակվում են ամերիկա-իրանական գաղտնի բանակցությունները: Իսկ այն առումով, թե ինչ կեցվածք որդեգրելը շահավետ կլինի Հայաստանի համար, կարելի է հիշել Թամերլանին, ով ասել է` քաղաքական բարդ իրավիճակներում, երբ սխալվելը շատ հեշտ է, ավելի լավ է սպասել… Սպասենք, բայց Արցախի հարցում չմոռանանք Իրանի` կարևոր գործոն լինելու մասին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ