Հա՞ որ...


ՀԻՐԱՎԻ, երկաթյա նյարդեր են անհրաժեշտ` «ԱրմենԹելի» հետ անգամ ամենահպանցիկ առնչություն ունենալու պարագայում: Հարկատուների ցուցակում նկատելի արագությամբ անվերջ դեպի հետին հորիզոնականներ գահավիժող այս ընկերությունը վերջին շրջանում բոլոր առումներով է իրեն կորցրել: Թեպետ աշխարհ գալու օրվանից է այն գլխացավանք դարձել սպառողներիս համար, ու բոլորս ենք շատ վաղուց ձանձրացել այս կազմակերպության կամայականությունների դեմ ընդվզելուց, այնուամենայնիվ, դարձյալ ստիպված ենք այս մի իրողության մասին ևս խոսել: Այսպես, մեր խմբագրության աշխատակիցների բջջային հեռախոսների համարները, որոնք «ամփոփված» են մեկ փաթեթում, ցավոք, սպասարկում է տհաճ անակնկալներով հայտնի այս անկանխատեսելի ապրանքանիշը: Ի դեպ, խմբագրությունը երբևէ «ԱրմենԹելին» պարտքեր չի ունեցել: Ավելին, քանի որ առիթը եկել է, խոստովանենք, որ ցանկացած ամսվա սկզբին նախորդի համար վճարելիք գումարների չափը հայտնի դառնալուն պես, նույնիսկ կանխավճարով, կանոնավորապես վճարվել է հեռախոսային ծառայության վարձը… Իսկ նախորդ ամսին, ի պատասխան մեր պարտաճանաչության, լրագրողներից մեկը պարզել է, որ կարճ հաղորդագրության միջոցով ստացված և «ԱրմենԹելի» հրամցրած վճարաչափերի միջև նկատելի անհամապատասխանություն կա… Եվ, բնականաբար, ի վնաս բաժանորդի: Ապրանքանիշի օպերատորն այս մասին տեղեկանալուց հետո, ինչպես և կարելի էր սպասել, սկսել է Գյուլնազ տատի հեքիաթներից պատմել: Ու ոչ հեքիաթանման այս պատմությունը մեզ օրինաչափորեն հիմքեր է տալիս վերջնականապես համոզվելու, որ այս կազմակերպությունում նման հավելագրումները վաղուց արդեն աշխատաոճի անբաժանելի մաս են դարձել, կրկնվել են նախքան մեր բացահայտումը ու բնականաբար համատարած բնույթ են կրել: Այստեղ է, որ դարձյալ ստիպված ենք արձանագրել, թե հարկերն աչքաչափով վճարող կառույցը շարունակում է զանգվածաբար խաբել բաժանորդներիս ու այսպես շարունակվելու դեպքում մենք էլ ենք ճարահատյալ հրաժարվելու մեր հին ու սիրելի հեռախոսահամարներից` դառնալով բարեգործություններով հայտնի և, որ պակաս կարևոր է, նման խարդախությունների հակում չունեցող «Վիվասելի» բաժանորդներ: ԵՎ մինչ անհայտ է մնում, թե ի վերջո ինչով են ավարտվելու արմենթելյան ոդիսականները Անգլիայի դպրոցներից մեկում մի ուսուցչուհի կորցրել է աշխատանքը` երեխաներին խաբելու համար: Նա յոթնամյա երեխաներին հավատացրել է, թե Ձմեռ պապը հորինված կերպար է ու իրականում գոյություն չունի: Ավելի ուշ դպրոցականների ծնողները բողոքել են, և ուսուցչուհու համար ամեն ինչ ավարտվել է աշխատանքից ազատվելով: ԻՆՉ արած, պատահում է, որ նույնիսկ մարդասպանությունն է անպատիժ մնում: Լինում է նաև այնպես, որ լոնդոնցի ուսուցչուհու անմեղ խոստովանության համար մարդը կարող է ստիպել գործազուրկների շարքերը համալրել: Ու այս ամենը մեզ կրկին համոզում է, որ աշխարհում տիրող բարքերը որքան նման, նույնքան էլ տարբեր են: Այսպես, մի քանի օր առաջ ոստիկանության պատասխանատուներից` ոչ անհայտ Հովհ. Թամամյանը փաստել է, որ անցնող տարվա ընթացքում մեր հանրապետությունում գրանցված անօրինականությունների շարքում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 11 տոկոսով: Աճ է արձանագրվել հատկապես սպանությունների, սպանության փորձերի, առողջությանը ծանր վնաս հասցնող հանցագործությունների գծով: Հակառակ այս մտահոգիչ վիճակագրության` բացահայտման ցուցանիշներն են նվազել: Ոստիկանության գործունեությունում աստիճանաբար ավելի ու ավելի զգալի դարձող թերացումները մեզ զարմանալու բազում առիթներ տվել են: Եվ տարօրինակ է, որ նման իրավիճակում ոստիկանության տեսադաշտում հատկապես այսպես կոչված «օրենքով գողերն» են հայտնվել, ու նրանցից հինգի ձերբակալումը Հովհ. Թամամյանը շատ մեծ նվաճում է համարում: Մինչդեռ իրականում նման ինքնակոչների անկախ ու անկապ գոյությունը, թերևս, հանրությանն այնքան չի վնասում, որքան մեր շուրջը վխտացող զինված, թե անզեն հանցագործների, հանրային փոխադրամիջոցներում վխտացող գրպանահատների ահագնացող քանակը: Համենայն դեպս նույն վիճակագրությունը բազմիցս է փաստել, որ որպես կանոն` շարքային քաղաքացիներս հատկապես վերջիններիս գործունեությունից ենք տուժում: Ու թերևս կարիք չկա սրանում համոզվելու համար ասվածն ապացուցող մանրամասներ քննարկել: