Հակավրացական խժդժություն


Անցյալ շաբաթ Թբիլիսիում, Վրաստանում Հայասատանի դեսպանության շենքի առաջ, տեղի ունեցավ վրաց ազգայնամոլների կազմակերպած հակահայկական ցույց: Դրա մի քանի տասնյակ մասնակիցները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց պահանջում էին, ոչ ավելի, ոչ պակաս` «Վրաստանին վերադարձնել Լոռիում և Տաշիրում գտնվող և (իբրև թե) վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանող 6 եկեղեցիները»: Ավելի անհեթեթ պահանջ դժվար էր պատկերացնել: Որովհետև Հայաստանում երբեք վրացական որևէ եկեղեցի չի եղել ու չկա: Ազգային ճարտարապետությունն ամենուրեք իր, այսպես կոչված, «ձեռագիրն» է ունենում, այդպիսի յուրահատուկ «ձեռագրի» կնիքն են կրում նաև մեր ու վրաց եկեղեցիները, մյուս հոգևոր շինությունները: Դա պարզելն ամենևին դժվար չէ: Բացի այդ, Հայաստանում այդ ե՞րբ է եղել որևէ հոծախումբ վրացական համայնք, որ այդ համայնքն էլ, իբրև թե, իր համար վրացական ճարտարապետության ավանդույթ ներից բխող եկեղեցիներ կառուցեր: Մինչդեռ Վրաստանում դարեր շարունակ եղել ու այսօր էլ կա հոծախումբ հայկական համայնք, որը սերնդեսերունդ օտար հողում իր համար և' եկեղեցիներ է կառուցել, և° դպրոցներ, և° մշակույթի օջախներ, և° բնակարաններ: Վրաստանը վիրահայերի համար երկրորդ Հայրենիք է եղել, վրացական հողում դարերով ծաղկել է հայկական մշակույթը, այնտեղ կենտրոնացել են թե' հայկական կապիտալը, թե' մեր մշակույթի, արվեստի ու գրականության երևելի գործիչներից շատերը: Վրաց մշակույթի որևէ գործիչ երբևէ ապրել կամ ստեղծագործե՞լ է Հայաստանում, վրացական կապիտալի որևէ ներկայացուցիչ երբևէ գործունեություն ծավալե՞լ է Հայաստանում: Իհարկե ո°չ: Պատմականորե°ն է այդպես ստացվել: Ոչ թե մենք ենք մեր դուռն ու լուսամուտը փակել վրացիների առաջ, այլ Վրաստանը պետականություն է ունեցել, իսկ մենք` ոչ, ահա և մեր նախնիները ապահովություն են փնտրել վրացական հողում: Մենք խորապես շնորհակալ ենք Վրաստանի տարբեր դարերի մեծ ու փոքր ղեկավարներին, ովքեր իրենց հայազգի քաղաքացիներին պետական հովանու տակ առնելու իմաստությունն են ունեցել: Իսկ Վրաստանի այդ հայազգի զավակներն էլ լիուլի փոխհատուցել են իրենց վրաց հովանավորների այդ հոգատարությունը` անձնվիրաբար ծառայելով վրաց պետականությանը: Նրանք իրենց արյունով պաշտպանել են վրաց երկրի անկախությունը, ծաղկեցրել, շենացրել են վրացական հողը, մշակույթը, արժանացել վրաց ժողովրդի խոր երախտագիտությանը, սիրուն ու հարգանքին: Հազիվ թե այսօր Վրաստանում կա մի մարդ, ով, անկախ ազգությունից, գլուխ չի խոնարհում մեր հանճարեղ Սայաթ Նովայի առաջ: Բայց ո՞վ չգիտե, որ հայ մեծ գուսանի ստեղծագործության մեջ ավելի մեծաթիվ են վրացական և անգամ ադրբեջանական երգերը, քան հայկականները: Բայց ինչու՞ այդքան հեռու գնանք: Ընդամենը այս օգոստոսին, վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ, վրացական Բորժոմ առողջարանային քաղաքը ռուսական տանկերի ներխուժումից ուղղակի փրկեց հայազգի մի կապիտան, ում Վրաստանի նախագահը պարգևատրեց այդ երկրի բարձրագույն պետական շքանշանով: Ավա¯ղ, հակառակ սեփական ժողովրդի, Վրաստանում միշտ եղել են նաև վրաց թթու ազգայնամոլներ, ովքեր կարճամտաբար թշնամանք ու անհանդուրժողականություն են հրահրել վիրահայ համայնքի, ամեն հայկականի նկատմամբ, Վրաստանի հայության մեջ երևակայական վտանգ են տեսել իրենց պետականության համար: Այսօրվա Վրաստանում նման կարճամիտների առաջնորդի դերին է հավակնում Տարիել անունով ոմն խելագար մի քահանա, ում հրահրմամբ քստմնելի ոտնձգություններ են կատարվում Վրաստանում գտնվող հայոց մշակութային հուշարձանների, առաջին հերթին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող հայկական եկեղեցիների նկատմամբ: Հենց վերջերս այդ խելագար քահանայի սադրանքով քստմնելի գերեզմանապղծումներ կատարվեցին Թբիլիսիի հայկական եկեղեցում: Վրաց ծայրագույն պատրիարք Իլյա երկրորդի ուղղակի թողտվությամբ, ով Տարիել քահանային անհապաղ կարգալույծ անելու փոխարեն` իր անհասկանալի լռությամբ ուղղակի խրախուսում է այդ վանդալիզմը, որոշ վրացի ազգայնամոլներ փորձում են «վրացականացնել» 15-րդ դարում կառուցված Թբիլիսիի հայկական եկեղեցին: Օրերս Վրաստան կատարած իր մեկօրյա այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նման խայտառակության առթիվ ուղղակի բողոքեց նախագահ Սահակաշվիլուն, նրա ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ այդ կարգի հակահայ դրսևորումները խիստ բացասական արձագանք են գտնում Հայաստանում: Սահակաշվիլին խոստացավ իր հսկողության տակ առնել հարցի հետագա կարգավորումը (իբր թե անտեղյա¯կ էր), և նույն օրը Հայաստանի վարչապետն ու նրան ուղեկցող անձինք հնարավորություն ստացան այցելել ու մոմ վառել Թբիլիսիի այդ հայկական եկեղեցում: Տեսնելով, որ իրենց ծրագրած սադրանքը ձախողվում է, որ եկեղեցու պատկանելության հարցը ճշտելու համար ստեղծվելիք երկկողմ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում իրենք անվերապահորեն տանուլ են տալու, տարիելականները, ինչպես այս հրապարակման սկզբում նշեցինք, այլ սադրանք են սկսել` պահանջում են… վրաց եկեղեցուն վերադարձնել Լոռու և Տաշիրի իբրև թե 6 «վրացակա¯ն» եկեղեցիները: Ասենք թե` «վերադարձրինք»: Բայց ու՞մ: Եկեղեցին նախ և առաջ հավատացյալներինն է: Ո՞վ պիտի աղոթի դրանցում, եթե Հայաստանում թեկուզև մեկ վրացի հավատացյալ չի ապրում: Պարզ է, որ այս սադրանքը հորինվել է թաքուն դիտավորությամբ: Քանի որ Լոռու և Տաշիրի «վրացակա՜ն» եկեղեցիները Իլյա 2-րդը չի կարող «շալակով» Վրասատան փոխադրել, այս կերպ հիմք են ուզում ստեղծել, որ այնուհետև առաջարկեն դրանք «փոխանակել» Թբիլիսիի հայկական եկեղեցու հետ: Պարզ ասած, սա Թբիլիսիի հայությանն իր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց կտրելու, Վրաց հողից հայության հետագա դուրսմղումը նախապատրաստելու դիվային ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն է: Բայց դա միայն հակահայ խժդժություն չէ, միգուցե նույնիսկ` դրսից հրահրված խժդժություն: Դա նախ և առաջ Վրաստանի դեմ ուղղված սադրանք է, միտված է Վրաստանի թուլացմանը, այդ երկրում ապրող հայ և վրաց ժողովուրդների միջև սեպ խրելուն, որը անվերապահորեն կհանգեցնի նաև Հայաստանի ու Վրաստանի միջև հակամարտության: Վրաստանին, կատարյալ երջանկության համար, հենց միայն հայ-վրացական այդ հակամարտությունն էր պակասում: Ճիշտ է ասված` երբ Աստված ուզում է մեկին պատժել, նախ և առաջ… խելքն է ձեռքից առնում…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ