Արդյո՞ք նորից չենք սխալվի


Որքան էլ խոսքը ոչ թե ինչ-որ հեռավոր, սահմանային բնակավայրի, այլ, ինչպես վիճակագիրներն են հավաստիացնում, միլիոնանոց բնակչությամբ մայրաքաղաքին վերաբերվի, միևնույն է, գոնե մեր օրերում ընտրողներն առանձնապես ակտիվ ու ոգևորված չեն: Ուստիև, սպասվող խառնաշփոթի «գլխավոր մեղավորը» ո°չ մեր սիրելի քաղաքն է, ո°չ էլ ընտրողների յոթնիշանոց թիվը: Այստեղ նույնիսկ նշանակալի չէ այն իրողությունը, որ մեր քաղաքում է կենտրոնացած հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը: Հիմա, երբ Երևանի քաղաքապետի` վաղուց նախատեսված ընտրությունների ժամկետը համեմատաբար տեսանելի է թվում, ավելի պարզորոշ է դարձել, որ երևանցիներս, այնուամենայնիվ, մեր ապագա քաղաքապետին ուղղակիորեն այդպես էլ չենք ընտրելու: Դեռևս 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ մայրաքաղաքին համայնքի կարգավիճակ տրվեց, այլևս պարզ էր, որ ինչ-որ ժամանակ հետո նշված պաշտոնն զբաղեցնող անձը ոչ թե պետք է նշանակվի, այլ փորձի զանգվածների վստահության քվեին արժանանալ: Դժվար էր պատկերացնել սակայն, որ համապատասխան օրենքի ընդունումն Ազգային ժողովն այնքան պետք է ձգձգի, որ, ասենք, հարցին նվիրված լսումները միայն 2009-ի տարեմուտից առաջ կազմակերպվեն: Այսուհանդերձ, այլևս մեծ են հույսերը, թե մի քանի ամիս հետո վաղուց նախատեսված այս քվերակութ յունը վերջապես կկայանա: Իսկ թե «ինչու մի քանի տարի պահանջվեց` ընտրովի քաղաքապետ ունենալու գործընթացի մեկնարկը «հասունացնելու» համար» հարցը բազմաթիվ հիմնավոր ու հավանական պատճառաբանություններ ունի, որոնց այլևս չարժե անդրադառնալ: Այնուամենայնիվ, եթե հայրենի խորհրդարանականները կարծում էին, թե եկող տարվա կեսերին մեզ նոր ընտրություն պարտադրելով` նման բոլոր գործընթացներից վերջանականապես ձանձրացած ընտրազանգվածին մեծ լավություն են անում, հաստատ սխալվում էին: Կասկածից վեր է, որ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն արդեն լավագույնս կվկայի, թե ո՞ւմ և ո՞ր քաղաքական ուժերին է ավելի շատ անհրաժեշտ այս ամենը… Խնդիրն այն է, որ վստահ չենք, թե երևանցիներիս քվեարկությամբ ընտրվելիք ավագանու 65 անդամներն ավելի ուշ իրենց քվեն մեզ համար նախընտրելի քաղաքապետի թեկնածուի օգտին են տալու: Վերջին հաշվով, դեռևս հեռավոր 90-ականներից մենք վարժել ենք մեզ հայտնի ամենատարբեր ու տարեցտարի կատարելագործված ընտրական անօրինականություններին, բայց գոնե հնարավորություն ունեցել ենք քվեաթերթիկներում մեզ համար նախընտրելի անուն-ազգանվան դիմաց նշում կատարել: Այս պարագայում, սակայն, ամեն ինչ թողնվելու է համամասնական ընտրակարգով անցկացվելիք քվեարկության արդյունքում հաջողության հասած քաղաքական ուժերի կամքին: Եվ ինչպես վերևում ակնարկեցինք, շատ հավանական է, որ այդ ուժերի ու ընտրողների նախապատվությունն այդպես էլ չհամընկնի: Թե ինչպես է կայանալու այդ խիստ ցանկալի փոխհամաձայնությունը կամ կայանալո՞ւ է արդյոք, դեռ վաղ է ասել: Փորձենք քննարկել քաղաքապետի ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի հաջողության հասնելու հեռանկարները: Եթե խորհրդարանական ընտրություններում այդ հաջողության երաշխիքը հինգ տոկոսանոց սահմանագծի հաղթահարումն էր, ապա այս դեպքում ավելի հաջողակ համարվող 7 տոկոսանոց նշաձողի «բարձրացումն» է` հայրենի կուսակցություններին քաղաքապետի ընտրությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք կորոշեն դաշն կազմած մասնակցել քվեարկությանը, արդեն 9 տոկոսը հաղթահարելու մասին պետք է մտածեն: Կարելի է հուսալ, որ այս մտորումներն, իհարկե, ընտրություններին մասնակցելու մտքից հրաժարվելուն չեն հանգեցնի: Ավելին, որքան հայտնի է, կուսակցությունները գերազանցապես մայրաքաղաքում են կենտրոնացած: Ասել է թե` կուսակցականացված Երևանում ընտրության մասնակցելը այն հարմար առիթն է, երբ մարզային անպտուղ շրջագայություններին տրվելու փոխարեն քաղաքական ուժերին առիթ է ընձեռվելու քվեների տեսքով ամփոփել սեփական հեղինակության իրական «ծավալները»: Իսկ այնպիսի յուղոտ պատառը, ինչպիսին քաղաքապետի պաշտոնն է, դրա համար նախանշվող կատաղի մրցապայքարը միայն ու միայն կնպաստի քաղաքական վարկանիշների «բացահայտման» գործին: Իր հերթին` թեկուզև անուղղակիորեն, քաղաքապետի պաշտոնի ընտրովի դառնալն անխուսափելիորեն մեծացնելու է Երևանի առաջին և հետագայում ընտրվելիք քաղաքագլխի լիազորությունները: Մնում է հույս տածել (տա Աստված, որ այն սին չլինի), որ ընտրովի քաղաքապետին գոնե լիազորությունների չափով չի լքի պատասխանատվությունը: Ինչ խոսք, Երվանդ Զախարյանից երևանցիների դժդգոհությունը ամենևին էլ նրա նշանակված լինելու հանգամանքով չի պայմանավորվում: Բայց նման պաշտոն զբաղեցնող անձի կարգավիճակի վերանայման հնարավորությունը (երբ ավագանու 22 անդամների ստորագրության առկայության պարագայում հնարավոր է դառնալու նոր քաղաքապետին անվստահություն հայտնել) արդեն իսկ աղոտ հույսեր է ներշնչում, թե հատկապես խայտաբղետ կուսակցական ներկայացվածությամբ ավագանին միգուցե իր տեղն ու անելիքները լավ չպատկերացնող քաղաքապետին զրկի պաշտոնը հավերժական համարելու պատրանքներից: Սակայն մինչ այդ` քաղաքական ուժերին ոչ թե ապագա քաղաքապետին հնազանդեցնելու անօրինակ հնարավորությունը պետք է ոգևորի, այլ ավելի շատ Երևանին ու երևանցիներիս արժանի քաղաքատիրոջ թեկնածու առաջադրելու մտահոգությունը: