ԲՈՑ` ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ԿԱՅԾԻՑ


Հայ և հույն ժողովուրդների` տարբեր ժամանակներում ապրած ողբերգությունների արդյունքում երկու ազգերի ճակատագրերը հաճախ զարմացնելու չափ նույնանում են: Իսկ նախորդ շաբաթ Աթենքում ոստիկանի կողմից սպանված պատանու մահը միաժամանակյա ու երկկողմանի դարձրեց այդ ողբերգությունը: Անդրեաս Գրիգորոպոուլոսի հայրը հույն է, մայրը` հայ: Անկախ սրանից` հեռավոր Եվրոպայում տեղի ունեցած դեպքը, անշուշտ, այդչափ հետաքրքիր չէր լինի, եթե այն շուրջ մեկ դար առաջ Ֆրանց Ֆերդինանդի սպանության «էֆեկտին» այդքան մոտ չլիներ: Հունաստանի խոշոր քաղաքներում, իսկ ավելի ուշ նաև եվրոպական մի շարք այլ երկրներում սկիզբ առած բողոքի խոշորամասշտաբ ալիքը առաջին րոպեներին պատճառած զարմանքից հետո հիմա մեզ արդեն ենթադրել է տալիս, որ պատանու սպանությունը ոչ միայն տասնյակ հազարավոր երիտասարդների զայրույթի, այլ ավելի շատ վաղուց կուտակված պոռթկման հարմար առիթը դարձավ: Եվ իրոք, մոլորակի ցանկացած աշխարհամասում բնակվող երիտասարդների հոգու խորքում ամեն վայրկյանի բռնկվելու պատրաստ ըմբոստություն կա թաքնված: Մենք, իհարկե, թեկուզև մեր կենցաղային պայմաններից ելնելով, է°լ ավելի դժգոհ ու բռնկուն կարող ենք ներկայանալ, քանի որ ավելի տաք ու լուսավոր երևացող եվրոպաներում մարդու կյանքի իրավունքն անհամեմատ ավելի գերակա պետք է լիներ: Սակայն նույնիսկ մեր արդեն ապրված ու սպիացող հերթական ողբերգության` մարտի 1-ի հետ անցկացվող ցանկացած զուգահեռ այս պարագայում անընկալելի է: Ինչ խոսք, զուգահեռ ասելով` բոլորովին էլ հեռուստաէկրաններին կրկնվող կադրերը` ավերված խանութներն ու գիշերային փողոցները լուսավորող ինչ-որ պայթող սարքերից արձակված կրակն ու ծուխը չպետք է նկատի ունենալ: Իրադարձությունների նշված պատկերները աշխարհի բոլոր քաղաքներում հար և նման են միմյանց: Մեր պարագայում` եվրոպական բոլոր քաղաքներում ահագնացող ընդհարումները մեզ ակամա անցնող տարվա արյունոտ գարնանամուտն են առավելապես հիշեցնում: Սակայն այս զուգահեռն էլ իր հերթին ինքնաբերաբար ավելի պարզորոշ է դարձնում, որ ավերածություն ու մարդկային կյանքեր արժեցած երևանյան ողբերգությունը հայտնի քաղաքական շրջանակի գիտակցված, թե ակամա նախաձեռնությամբ տեղի ունեցավ: Աթենքում իրադարձությունները հակառակ ծայրից սկիզբ առան. երիտասարդի սպանությունը պատճառ դարձավ հազարավորների համբերության սահմանահատման: Մինչ հունական «մարտի 1-ը» դեռ նոր-նոր է մարում, Հայաստանում շատ շուտով սկսվելու է այսպես կոչված «7-ի գործով» դատավարությունը: Եվ որքան էլ գործում ամփոփված իրադարձությունները մեր աչքի առաջ տեղի ունեցած լինեն, այդուհանդերձ, հետաքրքիր ու զարմանալի է, թե ի՞նչ է գրվել այս ամենի մասին արդեն 42 հատոր ու 12 հազար էջ զբաղեցրած քրգործում… Ըստ ամենայնի, նման անհավատալի թվացող ծավալուն էջերը վերստին ու ամենայն մանրամասնություններով վերապատմելու են այն ամենը, ինչին անցնող ամիսներին մեզանից ամեն մեկն էլ հասցրել է այս կամ այն չափով ծանոթանալ: Սակայն ցավալի այդ պատմության առնչությամբ մեկնարկելիք դատական գործընթացին ուղեկցելիք քաղաքական շոուն ավելի դրամատիկ է դարձնելու սպասվող անցուդարձը: Բայց նշանակալին այստեղ ոչ թե նոր սենսացիաների փնտրտուքն է, այլ այն, որ հունական ողբերգությունը, (որքան էլ քաղաքական նախահիմքեր չունենա) առայժմ չի քաղաքականացվում, ինչ-որ ուժ չի փորձում տեղի ունեցածը շահարկելով` իր համար քաղաքական եկամուտ ապահովել: Իսկ ընդհանուր առմամբ` Երևանում ու Աթենքում կատարվածները, ինչպես ամենասկզբում ակնարկեցինք, նույնատիպ տրամաբանության անուղղակի, չշաղկապված կրկնությունն է, ինչն ակամայից հիշեցնել տվեց երկու ժողովուրդների պատմական ճակատագրերի նման լինելու փաստը: