Ազգային արմատներից հառնելով


Փայլուն ստեղծագործական տարեգրություն ունի Էդգար Հովհաննիսյանը£ Երևանի կոնսերվատորիայում վաստակաշատ Գրիգոր Եղիազարյանից ստացած մասնագիտական կրթությունը խորացնելով Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, Արամ Խաչատրյանի անզուգական ղեկավարությամբ` նա համարձակորեն դիմել է նորարարական արտահայտչամիջոցների ներմուծման երաժշտության ասպարեզում£ Ճիշտ ըմբռնելով ապրած ժամանակին համարժեք առկա ավանդույթների զարգացման էությունը` ժողովրդական ու պրոֆեսիոնալ երաժշտագանձարանից ամենաարժեքավորը սեփական «ես»¬ի պրիզմայով անցկացրել ու մարմնավորել հարազատ ժողովրդի պատմությունն ու ներկան խստաշունչ վիպականությամբ, ցցուն հերոսական, քնարախոհական կերպարներով£ Սոնատային ալեգրոյի, պասակալիայի ու ծավալուն ադաջիոյի ընդգրկմամբ ստացված սիմֆոնիկ վարիացիաներով ակնառու նրա բալետների ինքնատիպությունը խորին ակնածանք է արթնացնում բնատուր շնորհների և ուրույն գեղագիտության հանդեպ («Մարմար»-1957, «Երկնագույն նոկտյուրն»-1964, «Հավերժական կուռք»-1966, «Անտունի»-1969)£ «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան (1976) անկրկնելի է ժանրային ներդաշնակ սինթեզով պարի, երգի, ասմունքի£ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային երաժշտալեզվի նորացումը բնորոշ են Հովհաննիսյանի դաշնամուրային կվինտետին (1955), սիմֆոնիային (1957), թավջութակի սոնատ-էպիտաֆիային (1975)£ Սիմֆոնիկ-կամերային երկերում հնարամտորեն զուգակցված են ազգային ավանդական ձևաշարերը Արևելքի երաժշտությանը£ Միանգամայն իմաստավորված են հայ ժողովրդական երաժշտության տարբեր շերտերի կիրառությունները գաղափարական հենքում կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործության. Իսահակյանի խոսքերով երգերը` բանաստեղծին ձոնված թիվ 2 կվարտետում, «Կռունկ» երգը` «Անտունի»¬ում, էպոսի երգային հատվածները` «Սասունցի Դավիթ» բալետ-օպերայում, միջնադարյան «Հավիկ» տաղը` սիմֆոնիկ բալետապատումում... Լայնաշունչ մեղեդայնությունն է բնորոշ Հովհաննիսյանի վոկալ-սիմֆոնիկ և երգչախմբային երկերին£ Քաղաքացիական բարձր հնչողությամբ են առանձնանում նաև ցիկլային ձևով գրված «Երկու ափ» պոեմը (1952). ա կապելլա երգչախմբի համար, լայն ժողովրդայնություն վայելող «Երևան-Էրեբունի», «Արփա¬Սևան» ու «Սարդարապատ» երգերը, կինոերաժշտությունը («Հյուսիսային ծիածան», «Հույսի աստղ» և այլք)£ Բարձր գնահատվելով որպես ստեղծագործող արվեստագետ` Երիտասարդության համաշխարհային մոսկովյան VI փառատոնի (1957), ՀԽՍՀ (1967) և ԽՍՀՄ (1979) պետական մրցանակների դափնեկիր կոմպոզիտորը հասարակական լայն գործունեություն է ծավալել հընթացս£ ՀԿՄ փոխնախագահն է եղել (1956-73), Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենը (1962-68), Հայաստանի երգի¬պարի պետական անսամբլի (1970-74), Հայհամերգի (1976-79) գեղարվեստական ղեկավարը, ԵՊԿ ռեկտորը (1986-92), Հայաստանի մանկական ֆոնդի նախագահը (1988-95)... ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստը իր մահկանացուն 1998¬ին կնքել է որպես Երևանի պատվավոր քաղաքացի£ Էդգար Հովհաննիսյան մեծանուն մտավորականին ներկայացնող այս սեղմագրիցս, կարծում եմ, համապատասխան եզրահանգումներ կանի թե° մեր ընթերցողը, թե° ծննդյան ութսուներորդ տարեդարձը ի պաշտոնե նշանավորողը£ Գենետիկ հիշողության արժեքավոր ծալքերի հանդեպ հատուկ հոգածությամբ միայն կարող ենք պահպանել մեր ազգային ինքնագիտակցությունը£ Հառնել նախնիների առողջ արմատներից և ճիշտ բացահայտված ունակությունների անմնացորդ ներդրմամբ սեփական ավանդով հարստացնել ազգային մշակույթը XXI դարասկզբին համարժեք գրավչությամբ£ Ինչպես իրենց անշփոթելի հետագիծը թողած մեր մեծերը, այդ թվում և` Էդգար Հովհաննիսյանը£