ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ


Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունենացավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց ԱՌՀԻ-ի դերակատարությունը պաշտպանական կրթության բարեփոխումների համատեքստում և կարևոր համարեց միջգերատեսչական համագործակցությունը, որն ուղղված է գիտաուսումնական առաջավոր փորձի փոխանակմանն ու զարգացման ապահովմանը: Նախարարը նաև կարևոր ու նշանակալից իրադարձություն համարեց ԱՌՀԻ-ում ասպիրանտուրայի բացումը: Նա հատկապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ինստիտուտի կերպափոխման` Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման գործընթացի շրջանակներում, ասպիրանտուրայի և ռազմավարական անվտանգության ազգային դպրոցի հիմնադրումը պաշտպանական կրթության բարեփոխումների բարձրադիր բաղադրիչն են, ինչպես նաև կարևոր առաջընթաց են Ինստիտուտի համար, որը նպատակասլաց կերպով կատարում է ստանձնած պարտավորություններն ու իր առջև դրված խնդիրները: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունելի համարեց այն, որ ծրագրում հաջողությամբ համադրված են Բոլոնյան և «On the Job Training» (կրթվել` հետազոտելով) սկզբունքները, ինչը հնարավորություն կտա ասպիրանտուրայի յուրաքանչյուր հետազոտողի լիարժեք կերպով դրսևորել իր գիտելիքներն ու հարստացնել դրանք գիտահետազոտական աշխատանքի ընթացքում: Կրթության և գիտության նախարարն իր աջակցությունը հայտնեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտու տի` դեպի Պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխման հարցում և ավելացրեց, որ աշխարհի զարգացած երկրներում առաջատար ուսումնական կենտրոնների շարքը գլխավորում են հենց պաշտպանական ազգային համալսարանների կարգի գիտակրթական հաստատությունները, որոնց ճանապարհն է որդեգրել նաև ԱՌՀԻ-ն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն