ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ


Օրերս մեզանում բավական հայտնի երկու քաղաքական գործիչների ասուլիսում արտահայտվեց մի տարօրինակ տեսակետ, թե «Հայաստանում արմատական ընդդիմութ յուն չկա»: Հնչեցվեց ավելի արտառոց մի հայտարարություն, թե «ընդդիմությունը պետք է պաշտպանի ժողովրդի շահերն` ընդդեմ իշխանությունների»: Ի՞նչ ասել է` «Հայաստանում արմատական ընդդիմություն չկա»: Ցանկացած իշխանություն իր ծննդյան պահից իսկ ծնունդ է տալիս իր ընդդիմությանը, այդ թվում` արմատական£ Այսինքն այն ուժերին, որոնք գերնպատակ են համարում ամեն գնով երկրի քաղաքական իշխանության նվաճումը: Հայ Ազգային Կոնգրեսն ու նրա շուրջ համախմբված 10-ից ավելի քաղաքական ուժերն այդպիսին չե՞ն, ամեն գնով իշխանության չե՞ն ձգտում: Ընդսմին, իշխանության ձգտելն ամենևին ամոթ բան չէ: Իրապես կայացած յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ կուսակցություն սեփական ծրագրերը կարող է լավագույնս կենսագործել միայն պետական իշխանության լծակների միջոցով: Եթե քաղաքական ուժը չի ձգտում իշխանության, ապա նա ընդհանրապես այդպիսին համարվելու բարոյական իրավունքը չունի: Սակայն այդպիսին համարվելու բարոյական իրավունք չունի նաև այն քաղաքական ուժը, որը իշխանության հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դնում: Դիմում է ամեն կարգի նենգությունների, զրպարտությունների, զազրախոսության, գործող իշխանություններին հասարակության աչքում վարկաբեկելու, նրա բոլոր քայլերի նկատմամբ անվստահություն սերմանելու, ի վերջո` երկրում արհեստականորեն ճգնաժամային իրավիճակ հրահրելու, անկառավարելի մթնոլորտ ստեղծելու միջոցներին: Դա արդեն հեղափոխական գործելակերպ է, որը ցանկացած ժողովրդավարական պետության մեջ համարվում է հակասահմանադրական և հանցավոր գործունեություն, պատժվում է օրենքով: Իհարկե, այս կերպ վարվող ուժերն իրենց այդ գործունեությունը հասարակությանն են ներկայացնում իբրև «իշխանություններից ժողովրդի շահերի պաշտպանություն»: Սակայն դա այլ բան չէ, եթե ոչ քաղաքական ամբոխավարություն: Քանզի դրանով փորձ է արվում ժողովրդական զանգվածներին ներշնչել, թե իշխանությունը, իբր, ժողովրդի «թշնամին» է, իսկ ընդդիմությունը` նրա «պաշտպանը»: Իրականում իշխանությունը չի կարող սեփական ժողովրդի «թշնամին» լինել: Այլապես ստացվում է, որ քաղաքական ուժերը ձգտում են իշխանության, որպեսզի «ժողովրդի պաշտպանից» վերածվեն... «ժողովրդի թշնամո՞ւ»: Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն էլ ընտրությունների միջոցով իրեն պատկանող իշխանության իրականացումը, այսինքն պետական իշխանության մարմինների ձևավորումը, պատվիրակում է քաղաքական ուժերին: Այն քաղաքական ուժերը, որոնք դուրս են մնում իշխանության մարմինների, առավելաբար` գործադիր մարմինների ձևավորման գործընթացից` համալրում են ընդդիմության շարքերը` եթե նույնիսկ ներկայացված են խորհրդարանում: Եվ այդ պահից ընդդիմության գլխավոր խնդիրը դառնում է առաջին հերթին այն, որ մատնանշեն իշխանության մարմինների վրիպումները, իրենց անխնա քննադատությամբ նրանց հարկադրեն կատարելու այն խոստումները, որ երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցրածները տվել են ժողովրդին` ընտրությունների ընթացքում: Ուստի, քաղաքական ընդդիմության հիմնական գործը ոչ թե իշխանությունների անխտիր բոլոր քայլերի թշնամական մեկնաբանությունն է, այդ քայլերի վարկաբեկումն ու սևացումը, ծաղրը, այսպես կոչված «այլընտրանքային ծրագրեր» առաջ քաշելը, ինչպես արել և անում են մեր գրեթե բոլոր վայ-ընդդիմադիրները, այլ հետևելը, որ ժողովրդի մեծամասնության հավանությունն ստացած ծրագրերը... կյանքի կոչվեն: Այսինքն, կառավարողները չշեղվեն ժողովրդին տված իրենց խոստումներից, չփորձեն ոտնձգություն անել ժողովրդին պատկանող իշխանության նկատմամբ և պետության ու հասարակության մեջ չհափռեն ավելի մեծ իշխանություն, քան իրենց վերապահված է Սահմանադրութ յամբ և օրենքներով: Որովհետև ցանկացած իշխանության հատուկ է պետության ու հասարակության մեջ սեփական ազդեցության շրջանակներն անվերջ մեծացնելու և ընդլայնելու ձգտումը: Այդ ձգտումը հատկապես գործադիր իշխանության «բնածին հիվանդությունն» է, նրա մեծագույն գայթակղությունը: Ընդդիմության իրական խնդիրը գործող իշխանություններին այդ հիվանդություններից ու գայթակղություններից զերծ պահելն է: Իրական ընդդիմադիրը, արմատական, թե ոչ-արմատական, նա չէ, ով առավոտից երեկո բոլոր հարթակներից ու սեփական լրատվամիջոցներից ցեխ է շպրտում իշխանությունների հասցեին` հաճախ սեփական տգիտությունը հասարակական լսարանին ներկայացնելով որպես «վերին ճշմարտություն»: Այդ կերպ մեր որոշ ընդդիմադիրներ անցած շաբաթ ծաղրում էին երկրի Նախագահին, որ Թուրքիայի վրայով դեպի Լոնդոն թռչելիս ուղերձ էր հղել իր թուրք գործընկերոջը` նրան անվանելով «ձերդ գերազանցություն»: Այս տգետ ծաղրի հեղինակները կատարելապես անտեղյակ էին, որ միմյանց տարածքների վրայով թռչելիս նման էլեկտրոնային նամակներ գրելը սովորական միջազգային պրակտիկա է, իսկ նախագահները սովորաբար իրար հենց այդպես են դիմում` անգլերեն «էքսելենս» կամ հայերեն «ձերդ գերազանցություն» կոչականով: Միջազգային պրակտիկայից սեփական անտեղյակությունը կարելի՞ էր դարձնել ընդդիմադիր ելույթների առանցք: Դա ընդդիմադիր կեցվածքի դրսևորում չէր, այլ սեփական անտեղյակության ցուցադրում: Իրական ընդդիմադիրն ամեն Աստծո օր ուղղակի Աստվածաշնչի պես պիտի կարդա հաղթած քաղաքական ուժի կամ ուժերի նախընտրական ծրագրերը, բոլոր հնարավոր ամբիոններն օգտագործի` այդ ծրագրերից մեջբերումներ անելու, դրանք երկիրը կառավարողներին ու ժողովրդին հիշեցնելու` հասարակական կարծիքի ուժով ուղղակի հարկադրելու, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ընդդիմությունը... համաձայն չէ իշխանությունների քայլերի հետ: Այսօր, ավաղ, մենք այդպիսի կազմակերպված, լրջախոհ, պետության ու հասարակության մեջ իր տեղն ու դերը, իր պատասխանատվության մեծությունը գիտակցող ընդդիմություն չունենք: Գրեթե բոլորն իրենց «պարտքն» են համարում զազրախոսել իշխանությունների հասցեին, նրանց հասարակության աչքում ներկայացնել որպես «ազգային շահերի դավաճաններ», երկիրը գիտակցաբար կամ անգիտակցաբար «կործանման տանող» հացկատակներ: Այդ համատարած հայհոյաբանության, էժանագին հեգնանքի, տգիտությունից բխող ծաղրի, թույն ու մաղձի ժայթքումներում նույնիսկ հատուկենտ արդարացի և սթափ քննադատական դիտողություններն ուղղակի կորչում են: Մինչդեռ իրական քննադատությունը իշխանություններին կօգներ` խույս տալու հնարավոր սխալներից, որոնցից աշխարհի ոչ մի իշխանություն ապահովագրված չէ: Ատելությունից կուրացած որևէ հայհոյանք, առավել ևս` նողկալի սուտ, էժանագին հեգնանք, թունավոր ծաղր, նենգափոխում, խեղաթյուրում և այլն, և այլն, որով անչափ առատ է մեր իրականությունը, չի կարող քննադատություն համարվել: Հայհոյանքն ու վիրավորանքը հակառակության ոգի են բորբոքում բոլորի, այդ թվում երկիրը կառավարողների մեջ: Իսկ հակառակության ոգին վատ խորհրդատու է և նպաստում է հնարավոր սխալների մեծացմանն ու խորացմանը: Բայց չէ՞ որ այդ իրական կամ երևակայական սխալներից ամենից շատ տուժում են պետությունն ու ժողովուրդը: Էլ ի՞նչ բարոյական իրավունքով են «ժողովրդի շահերն իշխանություններից պաշտպանողի» դիմակով հանդես գալիս բոլոր նրանք, ովքեր մինչև հիմա էլ չեն հասկացել, որ մեր երկրում կատարվող ամեն լավ ու վատի համար պատասխանատու են ոչ միայն իշխանությունները, այլև իրենց «ընդդիմադիր» հռչակած ուժերը: Իշխանությունն ու ընդդիմությունը երկրի քաղաքական դաշտը հավասարակշռող թևերն են: Նրանցից մեկը չի կարող «դժոխքի ծնունդ», մյուսը «հրեշտակ» լինել: Այդպես մտածելը, հասարակական լսարանին այս մտայնությամբ ներկայանալը, կուրծք ծեծելը, թե «ես իշխանություն եմ» կամ «ես ընդդիմություն եմ»` ուղղակի քաղաքական տխմարություն է: Իշխանությանը կամ ընդդիմությանը պատկանելը ոչ պատիվ է, ոչ անպատվություն: Մեծագույն պատասխանատվություն է: Ներքաղաքական վերջին զարգացումները վկայում են, որ մեր քաղաքական դաշտի երկու դերակատարները` Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», իբրև խորհրդարանական կուսակցութ յուններ, վերջապես հասել են այն գիտակցությանը, որ հարկավոր է ոչ թե մեկը մյուսի կոկորդ կրծել, թե իրենցից ո՞վ է «իրական ընդդիմությունը», այլ համագործակցել միմյանց հետ` խորհրդարանական ընդդիմության պատվավոր դերն իրենց ուսերին համատեղ և արժանապատվորեն կրելու համար: Քանի դեռ մեր քաղաքական դաշտի երկու թևերի` իշխանության և ընդդիմության անխտիր բոլոր ներկայացուցիչների միջև նման բարձր գիտակցություն չի առաջացել, քանի դեռ իշխանությունը և ընդդիմությունը չեն սովորել մեկը մյուսի մեջ ոչ միայն սխալներ ու սայթաքումներ, այլև գնահատության ու հարգանքի արժանի քայլեր տեսնել, բարձրաձայնել ու պաշտպանել դրանք` մեր պետությունն ու ժողովուրդը չեն կարող հավակնել քաղաքակիրթ պետություն և կայացած ժողովրդավարական հասարակություն համարվելու դերին:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ