ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ «ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ»


Որքան էլ տարօրինակ լինի` այս շրջանում մեր հանրությունն ավելի շատ ոգևորվում է որոշ այլ երկրների տնտեսությունների վերականգնման մասին հայտարարություն ներից£ Միայն առաջին հայացքից տարօրինակ թվացող այս մոտեցումը, սակայն, հայրենի տնտեսության հեռանկարների հանդեպ անուղղակի չկամությամբ ու պարզ մարդկային հոռետեսությամբ չի կարելի բացատրել£ Ի վերջո, նույնիսկ պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա համար նախանշվող առաջընթացն ընդամենը 1,2 տոկոսի շրջանակում է սահմանափակվում, ինչն էլ ցանկությունների մեծությունից անկախ` հանրային կյանքի վրա նշանակալի ազդեցություն չի կարող թողնել£ Ընդ որում, չպետք է նաև անտեսել, որ առաջընթաց կանխատեսվում է ոչ թե նախքան ճգնաժամն ունեցած տպավորիչ ցուցանիշերի, այլ 14 տոկոսը գերազանցած տնտեսական անկման ավելի քան ցածր նիշի համեմատ£ Այսինքն, եթե ամեն ինչ կանխատեսվող սցենարով զարգանա, ապա տարին համեմատաբար մեղմ անկմամբ ենք փակելու... Իսկ մինչ այդ հանրությունը ստիպված է լինելու մեզ հայտնի այլընտրանքային գոյամիջոցներին ապավինել, և այս առումով անհնար է անտեսել վերջին շրջանում բնակչության մեծ մասի կենսապահովման հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձած մասնավոր տրանսֆերտների թեման£ Միանգամից նշենք, որ այլ տնտեսությունների վերականգնմամբ հրապուրվելու «գաղտնիքը» ավելի շատ օգնություններ ստանալու ակնկալիքն է բավարարելու£ Ասել է թե, դարձյալ մեծանում են մեր հայրենակիցների` նախկին չափով արտերկրից միջոցներ ստանալու հույսերը£ Ճգնաժամն անելանելի իրավիճակ էր ստեղծել նաև այս առումով, և նախորդ տարվա ընթացքում տրանսֆերտների հիմնական աղբյուրից` Ռուսաստանից, ոչ պակաս, քան 35 տոկոսով ավելի քիչ գումար էր մեր հանրապետություն ուղարկվել£ Եթե միայն բանկերի միջոցով կատարված փոխանցումները դիտարկենք, դա շուրջ 350 միլիոն դոլար է կազմում£ Եվ եթե մոտավոր հաշվարկ անելուց հետո ասվածին հավելենք, որ քիչ գումարներ չեն Հայաստան հոսում նաև այլ խողովակներով, ապա հաստատ կես միլիոնը գերազանցող թվի կհանդիպենք£ Սա միայն ՌԴ¬ից ուղարկված փողերը հանրագումարի բերելիս, իսկ մեր հայրենակիցների ամենուր սփռված մյուս «մատակարարների»` մասնավորապես Միացյալ Նահանգներից ու եվրոպական երկրներից ստացվող օգնությունները հաստատ կգերազանցեն 1 միլիարդ դոլարի սահմանագիծը£ Սա էլ հենց այն թիվն էր, որը թեև անուղղակի, բայց լրջագույն անդրադարձ է ունեցել տնտեսական անկման` մինչև վերջերս անպատկերացնելի թվացող ցուցանիշը ձևավորելիս£ Հետևաբար, ուզենք թե չուզենք` մասնավոր օգնությունների դերը նույն ջերմեռանդությամբ ստիպված ենք լինելու նաև այս տարի կարևորել, քանի որ մինչև հիմա հնչած և ոչ մի կանխատեսում հակառակ տրամադրությունների օգտին չի խոսում£ Իր հերթին Կենտրոնական բանկի` նախօրեին տարածած ամփոփումը ոչ ավել, քան մինչև հիմա հնչած տեսակետն է վերահաստատում£ Եվ ըստ նշված ամփոփման` որպես մեր տնտեսության անկման հիմնական մեղավոր, դարձյալ շինարարության ոլորտն է առանձնացվում` վերահաստատելով, որ մեր տունը դանդաղ է կառուցվում «շնորհիվ» քոչարյանական ժամանակներից սկիզբ առած շինարարական մոլուցքի դառը և առայժմ անուղղելի հետևանքների£ Նախորդ տարվա ընթացքում անկումն այստեղ բոլոր հնարավոր սահմանագծերը գերազանցելով` 36,6 տոկոսի հասավ£ Դժվար չէ վերհիշել, որ տարվա կեսերին մինչև անգամ հիսուն տոկոսը գերազանցող թվի մասին էր արդեն խոսվում£ Եվ այս տարի, անկախ ԿԲ¬ի հրապարակումից, արդեն իսկ պարզ է, որ մինուս 36,6¬ը պլյուս 36,6 հաստատ չի դառնալու£ Թեև առաջընթացի մասին է հիմա խոսվում, բայց եթե չլինեին հիմնականում վարկային միջոցների հաշվին իրականացվելիք մի քանի խոշոր շինարարական ծրագրեր, նման հնարավորություն այս տարի նույնպես չէր ընձեռվելու£ Նույն ամփոփումը փաստում է, որ մասնավոր հատվածում նախորդ տարվա 36 տոկոսը «կրկնակի դրսևորում» է ունեցել և 70 տոկոսով է արտահայտվել£ Այսինքն, շարքային քաղաքացիները հիմնականում բավարար միջոցներ չեն ունեցել` շինարարական գործեր ձեռնարկելու կամ կիսատ մնացածներն ավարտելու£ Ավելի տարօրինակ կլիներ, եթե հակառակ իրողության մասին խոսվեր£ Եվ իրոք, ի՞նչ հավելյալ միջոցների ու ծախսերի մասին կարող է խոսք լինել, երբ այս առումով հանրության թիվ 1 խնդիրը եղել և մնում է գնաճին դիմակայելը£ Իսկ թանկացումների վերաբերյալ հրապարակվող ցանկացած թիվ միշտ քիչ է թվում, քանի որ նախքան հրապարակվող տոկոսներին հետևելը, հանրությունն ինքն է տեսնում, որ խոսքը բոլորովին էլ միանիշ տոկոսներով արտահայտվող թանկացումների մասին չէ£ Եվ եթե ԿԲ¬ն որքան կոնկրետ, այնքան էլ օդից վերցված 7,4 տոկոս գնաճի մասին թիվ է հրապարակում ընթացիկ տարվա համար, ապա անգամ ամենալավատես քաղաքացին այն առնվազն երեքով է բազմապատկում£ Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ամեն ինչ 7-8 տոկսով կարող է թանկանալ միայն առաջին եռամսյակում, և այս առումով սպասվող հիմնական հարվածն ապրիլի 1¬ից է հասցվելու` առայժմ գազի ու ջրի, բայց հավանական է` նաև էլեկտրաէներգիայի թանկացմամբ£ Նախորդ տարի գնաճի համար ավելի համեստ թիվ էր նախանշվել£ Ապրիլի 1¬ից էլ գազն ու մնացած ամեն ինչը շատ ավելի քիչ թանկացան, բայց հո լավ տեսանք, թե ողջ տարվա ընթացքում գների հետ ինչ կատարվեց... Հիմա արդեն տեղի ունենալիքն արդարացնելու ուղիներ են ընդամենը որոնվում£ ԿԲ¬ն էլ ըստ էության ոչ թե կանխատեսում, այլ ընդամենը ոչ հեռու ապագայում առայժմ անխուսափելի թվացող զարգացումներն է փաստում£ Իսկ թե ինչու են մեր հայրենակիցներն այդչափ անհամբերությամբ սպասում մեծ երկրների խոշոր տնտեսությունների առողջացմանը, հիմա ավելի պարզ է, քան երբևէ£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ