Ադրբեջանական բանակի ողբալիվիճակը


 

Թե´ Ադրբեջանում և թե´ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» ու «վերլուծաբան» կոչեցյալների` հոդված-հրապարակումներին` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ: Տխրահռչակ այդ հեղինակներն առիթ-անառիթ տարփողում են Ադրբեջանական ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը, անընդհատ շեշտելով, թե Հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:

Բնական է, որ նման հայտարարություններն ուղղված են միայն ներքին, այլև իրավիճակին անտեղյակ լսարանի համար: Խոսել Հայոց ազգային բանակի մարտունակության հարցի մասին` անիմաստ է, քանի որ վերջինս իր մարտական պատրաստության քննությունը հանձնել է 90-ական թվականների սկզբներին` ջախջախելով թվաքանակով իրեն գերազանցող և ավելի լավ զինված թշնամուն: Այդ քննությունը Հայկական բանակը հանձնում է նաև ամեն օր` անառիկ պահելով մեր պետության սահմանները և սպառիչ պատասխան տալով թշնամու ամեն մի սադրանքի:

Անդրադառնալով Հայկական բանակի զինծառայողների և սպաների սոցիալական ապահովության խնդրին` դա ևս անուշադրության չի մատնված: Օրինակ, միայն վերջին ամիսների ընթացքում հարյուրավոր զինծառայողներ պետության կողմից ստացել են ծառայողական բնակարաններ:

Նույնը չես կարող ասել միլիարդավոր դոլարներով ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի մասին: Ընդհակառակը, նավթադոլարների մեջ խեղդվող պետությունում զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու և բնակարաններով ապահովելու փոխարեն նրանց վտարում են սեփական բնակարաններից: Ահա այսպես, հունվարի տոներից հետո ադրբեջանական TurΖn լրատվական գործակալությունը տեղեկություններ տարածեց, որ Ադրբեջանի դրոշի հրապարակի հարակից տարածքում բնակվող ադրբեջանցի երկու զինծառայողների ընտանիքների վռնդում են իրենց բնակարաններից: Վտարվող ընտանիքներից մեկի կերակրողի` ռազմածովային ուժերի երկրորդ կարգի կապիտան Էմիլ Ազիզովի խոսքերով` իրենց ընտանիքներին վտարում են առանց որևէ այլ բնակարանով ապահովելու` որպես հատուցում առաջարկելով ընդամենը 10 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 12.500 ԱՄՆ դոլար): Դրանով անհնար է նորմալ կացարան ձեռք բերել Ադրբեջանի անգամ հեռավոր բնակավայրերում, էլ չասած` Բաքվում: Հետաքրքիր է, որ այդպես վարվում են սեփական ճակատագիրը հայրենիքին նվիրաբերած սպայի հետ, որը զինված ուժերում 30 տարվա ծառայությունից հետո այդպես էլ պետությունից բնակարան չի ստացել և հենց պետության «ջանքերով» էլ զրկվում է իր միակ տնից` ընտանիքի հետ միասին թողնվելով բախտի քմահաճույքին:

Ի դեպ, շատ հաճախ ադրբեջանցի սպաները ստիպված են լինում զոհաբերել իրենց և իրենց ընտանիքների ապրուստի միակ միջոց աշխատավարձը` զորամասում առկա խնդիրները լուծելու համար: Գրանցված դեպքերից հատկապես հիշարժան է անցած տարվա ամռանը ադրբեջանական մերձճակատային զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքը, երբ ուժեղ քամու պատճառով փլուզվել էր զորամասի տանիքը: Զորամասի հրամանատարությունը, հրաժարվելով վերանորոգել այն և դա պատճառաբանելով դրամական միջոցների բացակայությամբ, զորամասում ծառայող սպաներին հրամայեց տանիքը վերանորոգել սեփական միջոցներով կամ անհրաժեշտ գումարը հավաքել զորամասի զինծառայողներից: Շինանյութ ձեռք բերելու համար սպաները ստիպված են եղել իրենց աշխատավարձի քարտերը գրավ թողնել շինանյութի խանութում և վերանորոգել տանիքը: Զինծառայողները, անելանելիությունից դրդված, տվյալ իրավիճակի մասին հայտնեցին ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին` հույս ունենալով սույն տեղեկությունը հասցնել պետության գլուխ հանդիսացող Իլհամ Ալիևին: Սպաները բաց նամակում նաև տեղեկացրել էին, որ զորամասում խմելու ջուր ընդհանրապես չկա, զորամաս տանող բոլոր ճանապարհները քանդած են, իսկ զորավարժությունների անցկացման համար նախատեսված տարածքները յուրացվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով: Հատկանշական է, որ նորության հրապարակումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից եկած պաշտոնյաները միջադեպն ուսումնասիրելու փոխարեն ճնշում գործադրեցին սպաների վրա, և նրանց հայերի հետ համագործակցելու փաստով մեղադրանք առաջադրվեց: Ցավոք, ցայսօր այդ սպաների ճակատագիրն անհայտ է մնում:

Ադրբեջանական և տարածաշրջանային մամուլում արդեն սովորական են դարձել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կալվածքներում զինծառայողների` ստրուկի կարգավիճակով շահագործման մասին տեղեկությունները:

Ավելին, 2010 թ. ադրբեջանական «Յենի Մուսաֆաթ» թերթը հաղորդել էր, որ Նախիջևանում ծառայություն անցնող երիտասարդներին շատ հաճախ տեղափոխում են Իրան, որտեղ վերջիններս օգտագործվում են որպես ստրուկ: Հարկ է նկատել, որ տվյալ տեղեկատվությունը ոչ մի կերպ չի մեկնաբանվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից: Իսկ տվյալ հարցին նվիրված մամուլի ասուլիսին հրավիրված պաշտպանության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները այնպես էլ չներկայացան` առավելագույնի հասցնելով տարածված տեղեկության ճշմարիտ լինելու հավանականությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական բյուջեի միջոցներով սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելուն, ապա նախ` 2011թ. ամռանը Բաքվում, իսկ այնուհետև նույն տարվա սեպտեմբերին Երևանում անցկացված զորահանդեսները ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմակատեխնիկական պոտենցիալի միջև տարբերություն գրեթե չկա: Ընդհակառակը Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռազմական տեխնիկայի որոշ մասը` հատկապես «Կռունկ» անօդաչու թռչող սարքավորումները, հայրենական ռազմական արդյունաբերության նվաճումն են:

Հաշվի առնելով ադրբեջանցի սպաների սոցիալական վիճակը, ժամկետային զինծառայողների` երկրում և արտերկրում որպես ստրուկ օգտագործվելը, բանակի հրամանատա րության` զորավարժությունների փոխարեն գյուղատնտեսությամբ զբաղվելու գերադասությունը և պարտվածի հոգեբանությունը, անտրամաբանական է դառնում «ադրբեջանական բանակ» կոչվածի մարտունակ լինելու հարցի արծարծումը: Իսկ զինված լինելը բանակ լինելու ցուցանիշ չէ:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ