Ժամանակը թեքվել է հայերիս կողմը


 

Զարմանալի ազգ ենք. քարե դարում քարկոծեցին մեզ, իսկ մենք քարից կառուցեցինք: Կառուցածը քարկոծեցին, քարկոծելու փոխարեն շարունակեցինք կառուցել ու վերակառուցել:

Կրակե դարում մեզ վառում էին, մենք մոմեր վառեցինք, մոմ վառել սովորեցինք: Հրոսակների ժամանակներում վանքեր կառուցեցինք: Դրանք էլ ավերեցին:

Երկաթե դարում զենք կռելու փոխարեն կառուցում էինք. զենքով հիմնատակ արին, զինանոցների փոխարեն եկեղեցիներ կառուցեցինք (խոնարհվում եմ սուրբ մասունքների առաջ)` ավերակներ դարձրին: Այսօր էլ եկեղեցիներ ենք կառուցում (մայրս կասեր` երեսս դռանդ տակը):

Թուրքը չի կառուցում, դարանակալում է, հրոսակում ու տիրանում:

Աշխարհի ամենաքրիստոնյա, ամենահավատացյալ ժողովուրդն ենք և աշխարհի ամենավերքոտը, ամենացավածը:

Հայ երեխային, որ ոչ ոք ոչինչ էլ չասի, նահատակ նախնիների արյան կանչը նորածնի արյան միջով ասում է, թե ով է թուրքը

Մանկության տարիներին էր, աշուն էր, հոկտեմբերյան ոսկե աշուն, 8-ամյա դպրոցի բարձր դասարանցիներս դեռևս լողալու էինք գնում Թարթառ գետ: Օրերից մի օր, իրիկվա հովին տունդարձին պնդուկ, պոպոք, հոն ուտելով ու հավաքելով, բարձրանում էինք Երկուջրինղաթի անտառներով: Հանկարծ խիտ ծառերի արանքում նկատեցինք փոքրամարմին անծանոթի: Կլիներ 40-45 տարեկան, գլուխը դեպի ետ աճած, սեխի պես. դժվար չէր կռահել, որ թուրք է: Մոտեցանք, շրջապատեցինք. վախից քարացել էր: Մեր միջից բարձր տարիք ունեցողները` Արմանը, Ռադիկը, Ռաֆիկը, կցկտուր թուրքերեն գիտեին, հարցրին ո՞վ է: Ադրբեջանցին աղերսական ձայնով հասկացրեց, որ Մռովա սարից, Քյալբաջարից ոչխարի հոտը իջեցնող քոչվոր է. իբրև թե հոտից ոչխար է մոլորվել, փնտրում է: Նա աղերսանքներով չոքեց մեր ոտքերի մոտ, խնդրեց, որ իրեն չսպանենք. յոթ երեխա ունի, թողնեն, որ գնա: Մի պահ այլայլվել էինք: Մեր միջի տարիքովները պիտի որոշեին: Հավատացինք ու թողեցինք:

Թուրքի նկատմամբ մեր վարմունքը գյուղում ճիշտ համարեցին: Սակայն հետո պարզվեց, որ ամենևին էլ մոլորված ոչխար չէր փնտրում նա, այլ տեղանքն էր զննում ու հարմար պահի սպասում, որ մութն ընկնելուն պես գյուղի արոտներից ետ մնացած որևէ անասուն ձորերով քշի-տանի Քելբաջար-Եվլախ ճանապարհահատվածը, այնտեղից էլ... հայդա:

***

Ընդհանրապես, խորհրդային տարիներին անասնագողությունը Արցախում մշտապես մեծ չարիք է եղել: Նայենք քարտեզին` կտեսնենք, թե թուրք-ազերիների ո՞ր տարածքներն են շրջափակում Արցախը: Մեր պապերը և հայրերը պատմում էին, որ այդ տարածքները բնակեցված են ամենաավազակ թուրքերով, նրանք աշխատելու սովորություն չունեն. աշխատում են մի- միայն կանայք և երեխաները, տղամարդիկ ցերեկները քնում են, իսկ գիշերները դուրս գալիս Արցախի գյուղերը` գողության: Դա մեծ պատուհաս էր արցախցու գլխին, կենդանիներին քշում-տանում էին անասնապահական ֆերմաներից, գյուղի գոմերից, ամառային արոտավայրերից: Տանում էին տասնյակներով... Շատ անգամ հեղինակները հենց քիրվաներն են լինում, իսկ նրանց իրավապահների հետ հարց լուծելը պարզապես գլուխկոտրուկ էր: Այդ իսկ պատճառով անասնագողության գործերը մնում էին փակ, չբացահայտ ված:

***

Հայրենասերը նա է, ով չի ուզում նախագահ, վարչապետ դառնալ, սակայն կյանքի մաքառման ճանապարհը արժանիորեն նրան տանում է բարձունքներ: Մի՞թե կարծում եք այդքան հեշտ է Հայաստան երկիրը կառավարել. բանակ ստեղծել, անկախություն նվաճել, տնտեսություն, պատերազմ մղել ու հաղթանակներ տոնել...

Եկեք պատճառական կապ և սուբյեկտիվ գործոն չփնտրենք որևէ պետական պաշտոնի և այդ պաշտոնն զբաղեցնող պետական այրի ծննդավայրի, բնակավայրի, որտեղացի լինելու հետ: Պարզապես նորից սերտենք պատմության դասը. «Ո˜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

***

Հիմա մե´ր ժամանակն է, մե´ր ճանապարհն է, նրանք մեր անհատներն են: Պիտի ջանանք, որ անհատներ ծնվեն, անհատներ աճեն, անհատներ, որ ճանաչում ունենան աշխարհում: Չխանգարենք նրանց:

***

Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաղթանակով Թուրքիայում և Ադրբեջանում սկիզբ դրվեց մի նոր հիասթափության. մեզ համար անչափ անհրաժեշտ նրանց հիասթափությունը հավասար է, որ կշարունակվի մեր խաղաղ առաջընթացը:

Միջազգային ատյաններում, բանակցային գործընթացներում երկու նախագահները կրկին կանգնում են դեմ դիմաց: Հաղթողի հպարտ կեցվածքով` Հայաստանի նախագահը, և պարտվածի բարդույթով` հայերից տարածքներ մուրող Ադրբեջանի նախագահը: Այդ տեսնելիս յուրաքանչյուրիս չի կարող չհամակել ազգային հպարտության զգացումը:

***

Ժողովուրդը ողջախոհ է, ժողովուրդն իր անելիքը գիտե: Ժողովուրդը հարազատ պետության հետ է, ժողովուրդը «88»-ն է: