Չհրաժարվենք, բայց ա´ղբը մաքրենք


 

Հասարակության մեջ արդեն մեծ անհանգստություն է ձևավորվել սերիալների տևողության և բովանդակության առթիվ, հանրային նախաձեռնությամբ ստորագրահավաքներ են կազմակերպվում, իսկ հեռուստաընկերություններից մեկն էլ կազմակերպում է բանավեճ-քննարկում…ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Չհրաժարվենք, բայց ա´ղբը մաքրենք

Հասարակության մեջ արդեն մեծ անհանգստություն է ձևավորվել սերիալների տևողության և բովանդակության առթիվ, հանրային նախաձեռնությամբ ստորագրահավաքներ են կազմակերպվում, իսկ հեռուստաընկերություններից մեկն էլ կազմակերպում է բանավեճ-քննարկում…

- Սերիալները ներխուժել են մեր կյանք,-հայտարարեց հոգեբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը` այս «ներխուժման» հետ կապելով կանանց քաղաքական պասիվությունը:

Իսկ սիրահարների այգում էլ մայրաքաղաքի թիվ 20 դպրոցի աշակերտները սկսել են ստորագրահավաք` պահանջելով վերանայել հեռուստասերիալների բովանդակությունը և եթերային ծավալը` տեղ հատկացնելով ճանաչողական հաղորդումներին. «Հեռուստաեթերը հասանելի է բոլորին: Պահպանենք և ներկայացնենք մեր իրական ազգային արժեքները»: 

Իսկապես` ուշագրավ և սպասված նախաձեռնություն, որի ծնունդ տվողը հեռուստասերիալն է` գեղարվեստական մշակույթի աղավաղված ընկալում-տարատեսակը, ինչը դարձել է մեր հեռուստաընկերություններից մի քանիսի հիմնական «արտադրանքը», հեռուստատեսություն-ակնդիր կապը ձևավորող գրեթե միակ միջոցը: Ոմանք սերիալների առատությունը վտանգավոր են համարում հոգեբանական, գեղարվեստական, գեղագիտական առումներով, ոմանք էլ անտարբեր վերաբերմունքով փորձում են չնկատել երևույթը: Սերիալներում նկարահանվող դերասաններն էլ ցանկացած քննարկում ու ժխտողական կեցվածք իրենց դեմ ուղղված սադրանք են համարում, քանզի իրենք արդեն սկսել են լավ ապրել, լուծել նյութական և ստեղծագործական բավարարվածության խնդիրները: Իսկ հանրապետությունում հեռուստահաղորդումների վարկանիշային ցանկում 36 տոկոսը բաժին է հասնում սերիալներին, որոնց մի զգալի մասն «արտադրվում» է Հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններում: Դժվար է թերագնահատել և կամ գերագնահատել սերիալների դերն ու նշանակությունը մասնավորաբար հեռուստատեսային կինոյի ձևավորման մեջ: Այն նաև միջոց է` բացահայտելու դերասանական կատարումների նոր որակներ, մշակելու խաղային-արտահայտչական նոր միտումներ: Այս ամենն, անշուշտ, այսպես թե այնպես արտացոլված է մեր սերիալներում, որոնք նաև լրացրեցին այն պարապը, որն առաջացել է ազգային գեղարվեստական կինեմատոգրաֆում: Դրանք փոխարինեցին կինոսրահներին, որոնք Հայաստանում գտնվում են ողբալի վիճակում. կինոյի համաշխարհային տիրապետութ յան պայմաններում` մեր երկիրը զրկվել է կինոսրահներից:

Քայլ առ քայլ սերիալը կամ հեռուստանովելը վերածվում է ամենասովորական բիզնես-ոլորտի` առանց գաղափարախոսության, գեղագիտական և գեղարվեստական խնդիրների համակցման: Առաջնայինը եղել ու մնում է սերիալների գրական հիմքի` սցենարի խնդիրը, որն էլ հիմնականում դարձել է «աքիլլեսյան գարշապարը», առիթ տվել միօրինակութ յան և միապաղաղության: Սերիալաստեղծման դաշտում, բացառությամբ Անահիտ Աղասարյանի և Աստղիկ Սիմոնյանի և մասամբ էլ` Դիանա Գրիգորյանի, արհեստավարժ սցենարիստներ չկան: Այս ոլորտը բառացիորեն հայտնվել է պատահական, բրազիլական կամ մեքսիկական սերիալները թարգմանող-պատճենող մարդկանց ձեռքերում` նկարահանման հրապարակ տանելով «կիսաֆաբրիկատը»: Կինոդրամատուրգիայի հետ որևէ աղերս չունեցող սոսկական տեքստն էլ ծնում է դրամատուրգիական խոտանը, կերպարները վերածում «մարդ-թեզիսների», աղավաղում հարաբերություններն ու հոգեբանական դրսևորումները: Ասվածի արտացոլումներն ակնբախ են դարձել արդեն իսկ, բարեբախտաբար, իր կենսագրությունն ավարտած «Աննա», «Հրեշտակների դպրոցը» (Հ1), «Անուրջներ», «Եդեմի գաղտնիքը» («Շանթ»), «Եզրագծից այն կողմ» («Արմենիա») սերիալներում: Սյուժեի անհավանա կան-պարզունակ զարգացումները, հարաբերությունների հոգեբանական բացատրությունների բացակայությունը վաղուց ի վեր դարձել են «անբուժելի հիվանդություն»: Հայտնվում և անհետանում են գործող անձեր` առանց հիմնավորման և բացատրության, կրկնվում են տեսարաններ` չունենալով որոշակի գեղարվեստական, սյուժետային և հոգեբանական բացատրություն, վիճակները հարահոսի նման կրկնվում են` ձևավորելով տաղտուկն ու ձանձրույթը: Հաճախ էլ, չունենալով սյուժեի կառուցման կամ զարգացման այլ կռվաններ` ի հայտ են գալիս «ֆորս մաժորային» ծամծմված վիճակներ` գործողությունները տեղափոխելով հիվանդանոց: Հիվանդանոցն արդեն հայկական սերիալների բաղկացուցիչ մասն ու փրկօղակն է դարձել:

Նկարահանումները երբեմն իրականացնում են օպերատորները` հենց նկարահանման հրապարակում ծանոթանալով սցենարին և տակավին չունենալով պատկերացում ռեժիսորական սցենարի, կադրավորման և այլ անհրաժեշտ գործոնների մասին: Միզանսցենները թելադրվում են սցենարով` առանց ռեժիսորական վերաբերմունքի, արտահայտչական որոշակի ելակետերի:

Այս ամենը կանխելու, որոշակի սկզբունքների հաստատման, սերիալը կրկնաբանություններից ազատագրելու, արհեստավարժությունը գերակա դարձնելու համար ժամանակն է, որպեսզի վերջապես ձևավորվի խմբագրի «ինստիտուտը», սցենարներն ու արդեն նկարահանված նյութն անցնեն խմբագրի «ձեռքի տակով»` դրանք ձերբազատելով ավելորդա բանություններից, կինեմատոգրաֆիական, գրական և դերասանական անհաճո որակներից: Ի վերջո նաև կմաքրվի եթերից մատուցվող խոսքը, որի դեմ է ուղղված հանրային զայրույթը:

Էջի նյութերը` Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ