«Պապից ավելի կաթոլիկ»


 

Գորբաչովը երևի թե վաղուց հասցրել է մոռանալ, որ իր իշխանության օրոք` դիցուք Հայաստանում, բազում հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնք անցնում էին խաղաղ, և նույնիսկ ծեծկռտուքի մեկ դեպք անգամ չէր արձանագրվում: Իսկ ի՞նչ արեց ինքը` սովետական պրեզիդենտը: Զե՞րծ մնաց ուժի կիրառումից: Ոչ միայն ուժ կիրառեց, այլև ոչ ավել, ոչ պակաս` պարետային ժամ մտցրեց: Իսկ եթե դրան հավելենք «Կոլցո» օպերացիան Ղարաբաղում` խաղաղ բնակչության դեմ բռնի ուժի կիրառումով, նրա կերպարն ավելի ամբողջական կդառնա: Չէ, վերջին 20 տարիներին Գորբաչովը սերտել է ժողովրդավարության այբուբենը: Բայց միայն` սերտել է` առանց դրա ոգին ու բովանդակությունը ընկալելու և ընդունելու:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում երեկ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն իր տեսակետներն է արտահայտել Ռուսաստանում ընթացող իրադարձությունների շուրջ: Նա, մասնավորապես, անդրադարձել է «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանի տնօրենների խորհրդի փոփոխությանը և խիստ քննադատության ենթարկել այն: Հիշյալ ռադիոկայանի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է «Գազպրոմին»: Վերջինս փոխել է տնօրենների խորհրդի ամբողջ կազմը` ըստ Գորբաչովի նշանակելով այնտեղ Կրեմլի հնազանդների: ԽՍՀՄ նախկին նախագահը դա համարել է «ապտակ հասարակությանը» և ազատ խոսքի սահմանափակում:

Այստեղ արժե հիշել, թե «Պերեստրոյկայի» և «այլակարծության» առաջամարտիկ ներկայացող Գորբաչովը ԽՍՀՄ դեպուտատների համագումարի ժամանակ ինչպիսի քամահրանքով էր վերաբերում Սախարովի ելույթին` իրեն նվիրված պատգամավորներին դրդելով ամեն կերպ խանգարել և ծանր ու ծանակի ենթարկել աշխարահահռչակ ակադեմիկոսին:

Իսկ անկա՞խ էին արդյոք ԶԼՄ-ները «պերեստրոյկայի» տարիներին. սա արդեն հռետորական հարց է, որի դիպուկ պատասխաններից մեկն էլ այն ժամանակների ծախվածության «ավանդույթը» շարունակող որոշ լրատվամիջոցներն են` հետխորհրդային տարածաշրջանում:

Գորբաչովի հնչեցրած մի այլ զարմանալի կարծիք ևս: Պուտինի դեմ բողոքի ցույցերը և հանրահավաքները պետք է շարունակվեն. նույնիսկ` եթե Պուտինը կրկին նախագահ ընտրվի: Ինչո՞ւ, որովհետև դրանք «խթանում» են հասարակության առաջընթացը ու բացի այդ` անցնում են խաղաղ, առանց կռիվների և հասարակական կարգի խախտումների: Հետևաբար դրանց նկատմամբ ուժի կիրառումը նա համարում է անթույլատրելի: