Ոչ թե առևանգել էին, այլ խոպան էր գնացել


 

38-ամյա մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է հնչեցրել, որ Դավիթաշեն թաղամասում գտնվող բնակարանից դուրս գալուց հետո անհայտ անձն առևանգել է ամուսնուն` 41-ամյա Աշոտ Խ.-ին:

Կինը հայտնել է նաև, որ նույն օրը ուշ երեկոյան ամուսինն իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել` հայտնելով, որ իրեն խցկել են «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկն ու տանում են անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջորդ օրն իսկ բաժին են հրավիրվել տուրիստական ընկերություններից մեկի տնօրենն ու աշխատակիցը: Նրանք հայտնել են, որ Աշոտ Խ.-ն իրենց ընկերությունում պատվիրել է Երևան-Դոնեցկ երթուղու ավտոբուսի տոմս և ավտոբուսով մեկնել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաք:

Ոստիկաններին հաջողվել է հիշյալ փոխադրումն իրականացնող ավտոբուսի վարորդի հեռախոսահամարով կապ հաստատել Աշոտ Խ.-ի հետ: Նա էլ հայտնել է, որ իրեն չեն առևանգել և ազատությունից չեն զրկել, այլ իր ունեցած 35.000 դոլար պարտքերի պատճառով մեկնում է Ուկրաինայի Դոնեցկ քաղաք` աշխատելու նպատակով: Իսկ կնոջը նման հաղորդագրություն էր ուղարկել, քանի որ պարտքերի մասին չի կարողացել նրան հայտնել ճշմարտությունը: