ԲԱՐԻՆ Է ՀԱՂԹՈՒՄ


Դեռևս 1960-ական թվականներից հայկական մամուլում հանդիպել եմ Ալբերտ Օհանյանի ստորագրությանը: Նրա հոդվածները, ակնարկները, բանաստեղծական շարքերը տպագրվում էին հատկապես «Ավանգարդ» երիտասարդական թերթի էջերում, որն այն տարիներին, անշուշտ, ամենասիրված ու զանգվածային պարբերականն էր մեզանում: Բայց ես գրեթե համոզված եմ, որ կարդալով նրա այս ժողովածուն` Ալբերտ Օհանյանին ճանաչող շատերը, որ նրան այսօր գիտեն առավելապես որպես գիտնականի, հասարակական գործչի, ով արդեն երկար տարիներ ապրելով ու աշխատելով Մոսկվայում, միշտ ուշադրության կենտրոնում է պահել հայ մշակույթի զարգացման ու հայապահպանության խնդիրները, ինչ-որ տեղ նորովի են ընկալելու, գնահատելու նրան: Ու անկասկած, համոզվելու են, որ գիտական, մանկավարժական, թարգմանական իր ակտիվ գործունեության ընթացքում նա շարունակաբար պոետական անկեղծ ու ինքնատիպ ներշնչումներ է ունեցել և կարողացել է իր ապրումները, ազնիվ խոհ ու մտորումները չափածո գեղեցիկ խոսքի վերածել: Ասել է թե` բանաստեղծը միշտ ապրել է նրա մեջ` սկսած դպրոցական տարիներից, պարզապես գործելով ավելի շատ «ընդհատակում»: Գրքում ամփոփված նրա բանաստեղծությունները ասվածի խոսուն վկայությունն են: Պարզ, մտերմիկ, անպաճույճ խոսքով Օհանյանը նախ պարզապես ինքն իր հետ է զրուցում, չափածո իր օրագրությունն անում կարծես: Բայց շնորհիվ հենց դրա էլ բանաստեղծի տրամադրություններն ու ասելիքը դյուրին փոխանցվում են ընթերցողին, արձագանքվում նրա մեջ: Տարբեր տարիների ստեղծագործություններ են ի մի բերված այստեղ, բայց, թերևս, առանց դրանց թվագրություններն աչքի անցկացնելու էլ կարելի է զգալ-հասկանալ, թե որ գործերում են դրսևորվում պատանեկան, երիտասարդական տարիների անխառն սերն ու հուզումները, երազանքներն ու ձգտումները և որտեղ են արդեն նկատելիորեն առկա կյանքի բովով անցած, նրա չարն ու բարին տեսած մարդու հայացքն իրականության հանդեպ, ապրած օրերի յուրովի իմաստավորումը: Իսկ ամբողջության մեջ ժողովածուի վեց բաժինները լրացնելով ու շարունակելով իրար («Մի լավ գործ թողնել մարդկանց», «Իմ հրեղեն տարիները», «Բախտիս եռանկյունին», «Խոպան ոսկեհեր», «Դիանա-սիրո աստվածուհի», «Հեռու և մոտ բարեկամներիս»), գծում են կյանքի հետաքրքիր մի ուղի` լի հույսերով ու սպասումներով, դժվարություններով ու հաղթանակներով, հուսախաբութ յուններով ու ուրախություններով… Թեթև ու դյուրին չի անցել այդ ճամփան Ալբերտ Օհանյանը, բայց անցել է արժանապատվորեն, դժվարություններից, ճակատագրի փորձություններից դուրս է եկել կոփված ու իմաստնացած: «Գրողի ծնունդը» հուզիչ բանաստեղծությունից իմանում ենք, որ նա աշխարհ է եկել բանվորական մի ընտանիքում, «որտեղ, ցավոք, դեռ գիրք չկար»: Սակայն` Բայց դեռ մանկուց գերել են միշտ Ինձ գրքերը մեսրոպատառ, Կախարդել են հոգի ու սիրտ` Որպես ոգու ջահեր անմար: Գիր ու գրականության հանդեպ այդ մեծ սերն էլ կանխորոշել է նրա ուղին: Առանց այդ նվիրումի Թբիլիսիից մինչև Երևան ձգվող նրա ճանապարհը չէր ունենա կենսագրական այն նշանակալից հանգրվանները, չէր իմաստավորվի աշխատանքային-ստեղծագործական այն լուրջ վաստակով, որն այսօր թույլ է տալիս հայ-ռուսական, հայ-վրացա կան գրական կապերի ջատագովներից ու անմիջական սատարողներից մեկը համարել նրան: Նրա ուսուցչի ու լավ բարեկամի` ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի խոսքերով` «Ալբերտ Օհանյանը մեր գրականության լիազոր ներկայացուցիչն է Մոսկվայում, և իր եռանդուն գործունեությամբ նպաստում է, որ մեր ազգային մշակույթը զարգանա Ռուսաստանի հայոց համայնքում»: Դե, իսկ եթե հիշեմ նաև, որ 2000 թ. Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հրամանագրով Ալբերտ Օհանյանին շնորհվեց Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում և արծաթե մեդալ, ապա անշուշտ պիտի ընդունենք, որ առհասարակ Մոսկվայում հարգանք ու հեղինակություն վայելող մտավորականներից մեկն է «Ապրել և սիրել» ժողովածուի հեղինակը: Արժե նշել նաև, որ նա որպես հմուտ և վաստակաշատ վրացագետ, արժանացել է վրացական պարգևների ևս. Ակակի Ծերեթելու անվան գրական մրցանակի դափնեկիր է, «Պատվո շքանշանի» ասպետ: Այս ժողովածուն գալու է մի նոր գիծ, նրբերանգ հաղորդելու Ալբերտ Օհանյանի մարդկային-ստեղծագործական դիմանկարին, և ես մաղթում եմ ու հավատում, որ այն գտնելու է իր ընթերցողներին, շատ սրտերի հետ է զրույց բացելու: Զրույց սիրո ու բարության, հայրենի հողի ու ջրի, սիրելի Երևանի, ծննդավայր Թբիլիսիի, իրեն գրկաբաց ընդունած և վաղուց հարազատ դարձած Մոսկվայի մասին: Այն մասին, որ Չարը պատժվում…բարին է հաղթում, Ես աշխարհը այս այդպե°ս եմ սիրում Ու սիրո, հույսի նոր երգեր գրում Իմ եռանկյունու բիլ ուղեծրում: Առհասարակ բարությունն է իշխում այս գրքում, ջերմ, անկեղծ մի մթնոլորտ է ուղեկցում ընթերցողին մինչև վերջին էջը, և չես էլ զգում` ինչպես համակվեցիր պայծառ մի լավատեսությամբ, ինչպես աննկատ նահանջեցին այն տագնապներն ու դառը մտածումները, որ ժամանակ առ ժամանակ արթնանում են քո մեջ` ներկա իրականության հակասությունների, ընդհանրապես կյանքի առեղծվածների ու անցողիկության շուրջ մտորելիս: Եվ քեզ թույլ չես տալիս ընկճվել, մթնել ամեն դատարկ բանից, երբ, ասենք, իր պարզության մեջ խորունկ ու լուսավոր այսպիսի տողերի ես հանդիպում. Կյա°նք, դու միշտ նոր ես, քեզ շատ եմ սիրում, Քիչ ափսոսում եմ, բայց չեմ դժգոհում. Այն, ինչ խլեցիր, տարար ինձանից, Պարգև ստացավ իմ որդին քեզնից; Այնպես որ, սիրելի ընթերցող, կարդալով բանաստեղծական գողտրիկ այս ժողովածուն, դու ավելի մոտիկից կհաղորդակցվես հեղինակի բարի ու մտերմիկ աշխարհին, հոգու ազնիվ թռիչքներին: Եվ ոչի'նչ, որ գրական բարձր չափանիշներ կիրառելու դեպքում որոշ տողեր կարող են այնքան էլ քննություն չբռնել: Դրանք չեն կարող ստվերել գիրքը: Ամբողջության մեջ այն հաճելի ու սպասված նվեր է պոեզիայի սիրահարներին, բոլոր նրանց, ովքեր հակված են կյանքը տեսնել բարու և գեղեցիկի պատուհանից, ինչպես Ալբերտ Օհանյանը:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ