Թագուհու ադամանդակուռ պատկերը


 

«Անգլիայի թագուհի» արտահայտությունը նույնացվում է ընդամենը խորհրդանիշի հետ: Բայց ժողովուրդը սիրում ու գնահատում է այդ խորհրդանիշը: Այդ գնահատանքի հերթական արտահայտությունը Ելիզավետա 2-րդի կառավարման 60-ամյա հոբելյանի առթիվ ինքնաբուխ բազում անակնկալներն էին:

Դրանց շարքից կարելի է առանձնացնել բրիտանացի վարպետների աշխատանքը. ադամանդի վրա նրանք կերտել են թագուհու մանրապատկերը, որն անտեսանելի է անզեն աչքով: Նոտինհեմի համալսարանի նանոտեխնոլոգիաների կենտրոնի պրոֆեսոր Մարտին Պոլյակոֆֆը, դոկտորներ Մայքլ Ֆեյդը և Քրիստոֆեր Պարմենտերը Ելիզավետա 2-րդի կիսադեմը փորագրել են գալիումի լիցքավորված ճառագայթների օգնությամբ:

- Դիմանկարը շատ նման է թագուհուն և գիտական տեսակետից շատ նման է այն լուսանկարին, որն օգտագործել ենք այն պատրաստելիս,- նշել է պրոֆեսոր Պոլյակոֆֆը:

Անզուգական այդ ստեղծագործությունը կնվիրվի պատկերի տիրուհուն:

Ի դեպ, պակաս ինքնատիպ ու արտասովոր չէր նաև Լոնդոնի քաղաքապետի նվերը: Բորիս Ջոնսթոնն անձամբ Բուքրնհեմյան պալատ էր գնացել ու միապետուհուն հանձնել հանրային փոխադրամիջոցներով երթևեկելու էլեկտրոնային քարտ: Ու քանի որ մշտական այդ տոմսը հոբելյանական նվեր էր` զարդարված էր հենց տիրուհու` Ելիզավետա 2-րդի դիմապատկերով: