Շտապում է ճանաչել Պուտինին


 

Միացյալ Նահանգները Ռուսաստանին առաջարկել է երկկողմանի գագաթնաժողով անցկացնել` Վլ. Պուտինի երդմնակալությունից մի քանի օր հետո: Այս մասին տեղեկացնելով, արտգործնախարար Ս. Լավրովը հավելել է.

- Վլադիմիր Վլադիմիրովիչն արդեն հաստատել է իր մասնակցությունը մայիսին Քեմպ-Դևիդում G8 հանդիպմանը: Վաշինգտոնը ցանկանում է և ռուս-ամերիկյան առանձին գագաթնաժողով անցկացնել:

- Ամերիկյան նախագահն ու նրա վարչակարգը կամենում են, պատկերավոր ասած` շոշափել Պուտինին: Նա, ինչպես եղել, այդպես էլ նրանց համար մնում է անհասկանալի և անկանխատեսելի` ի տարբերություն Մեդվեդևի,- կարծիք է հայտնել Քաղաքական իրադրության կենտրոնի առաջատար փորձագետ Մաքսիմ Մինաևը:

Փաստորեն Սպիտակ տունը փորձում է հասկանալ, թե ՌԴ նորընտիր նախագահը որքանով է պատրաստ Ամերիկայի հետ իրատեսական երկխոսության: Նախընտրական քարոզարշավում Պուտինն ընդգծում էր երկրի ազգային հետաքրքրությունները պաշտպանելու և պաշտպանունակությունը բաձրացնելու իր պատրաստակամությունը: Ու հիմա Օբաման փորձում է ըմբռնել, թե այդ հռետորաբանությունը որքանով է համապատասխանում նրա իրական դիրքորոշմանը:

Մոսկվայի հետ երկխոսություն ապահովելու համար ամերիկյան առաջնորդը լրացուցիչ այլ դրդապատճառներ էլ ունի: Իր երկրորդ ժամկետի համար ընտրարշավում շատ կարևոր է ցուցադրել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնումը» շարունակական է և հակամարտության չի վերաճի: Այնպես որ, քաղաքագետները չեն սխալվում. երկու գերտերությունների առաջնորդների հանդիպումը նախևառաջ ճանաչողական բնույթ է կրելու: Իսկ հարաբերությունների հետագա ընթացքը չի կարող չանդրադառնալ նաև մեր տարածաշրջանում հիմնախնդիրների լուծման ընթացքի վրա: Ի վերջո` թելադրանքներն այստեղ անխուսափելի են. իսկ երբ թելադրող երկու կողմերը հաշտ են, թելադրանքները սրացումներ չեն հրահրի: