ԱՄԲԵՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է


 

«Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ». տասնամյակներ առաջ ասաց ամերիկացի նշանավոր նկարիչ Ռոքուել Քենտը և հպարտացավ, որ ինքն այդ թանգարանի «այցելուներից» է եղել: Մենք էլ հաճախ ենք հպարտությամբ խոսում մեր արժեքների մասին, սակայն մոռանում ենք, որ դրանք խնամել է պետք: Հիմա բավական ծանր վիճակում է հայտնվել Ամբերդ համալիրը, որը միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Մինչև հուշարձան ձգվող ճանապարհը տեղ-տեղ դարձել է անանցանելի, իսկ հենց կոթողի տարածքում կան մեծ թվով փոսորակներ: Պատերի վրա նկատելի են դարձել մեծ ճեղքերը, որոնք կարող են փլուզվել ցանկացած ուժի երկրաշարժի դեպքում:

Արագածոտնի մարզի իշխանությունները խոսում են, թե կամենում են Ամբերդը գայթակղիչ դարձնել զբոսաշրջության համար, սակայն մինչև օրս որևէ քայլ այս առումով չի ձեռնարկվել: Մարզային իշխանությունները պնդում են, որ խնդիրը պետք է մտահոգի Մշակույթի նախարարությանը, քանի որ նրա իրավասությանն են հանձնված պատմական հուշարձանները: Մշակույթի նախարարությունում էլ պատճառաբանում են, որ պետական բյուջեով նախատեսված միջոցները բավարար չեն համակողմանի աշխատանքներ կատարելու համար: Հուշարձանն էլ օրավուր մատնվում է անտերունչության և նմանվում այն բազմաթիվ տաճարներին ու վանքերին, որոնք այսօր հանձնվել են բախտի քմահաճույքին: