Ֆր. Նանսենը և նրա ոգու կրողները..


Ճակատագրի անակնկալ շրջադարձը մեր ժողովրդին նետեց կյանքի և մահվան սահմանագիծ: Բայց Բարձրյալի կամքով ողբերգական այդ պահերին էլ եղան անհատներ, ովքեր հավատացին հայի լուսավոր ապագային: Այդ երախտավորներից էր մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական, բևեռախույզ Ֆր. Նանսենը: Նրա հանդեպ միջազգային հանրության ջերմ վերաբերմունքը լավագույնս ամփոփում են նանսենյան գործի շարունակականության անմնացորդ նվիրյալի` Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանի մի շարք բնութագրերը` Մարդկային արժանապատվության դրոշակակիր, գթառատության ռահվիրա, ճշմարիտ եվրոպացի, Հայ դատի հենասյուն… Նանսենին նվիրված միջոցառումների շարքը նախաձեռնել էր արժանահիշատակ Անդրանիկ Մարգարյանը: Եվ դա պատահական չէ. նրա նշանակալից ավանդը կա հայ ժողովրդի, հայ պետականության կայացման ու զարգացման գործում, Նանսենի և հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ այլ մարդկանց իղձերը իրագործելու ձգտումի մեջ: Միջոցառումների շարքը եզրափակվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդիսավոր երեկոյով, որն աստվածային խորհրդով շաղկապեց երկու մեծ մարդասերների, հայասերների` Ֆր. Նանսենի և Անդրանիկ Մարգարյանի անունները: Տերունական աղոթքի լուսարար օրհնությամբ սկսվեց միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը: Ելույթներով հանդես եկան` ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի հիշյալ հիմնադրամի նախագահ Ֆ. Բախչինյանը, Արտգործնախարարի տեղակալ Արմեն Բայբուրթյանը: Հատկապես հայ որբերի հանդեպ Նանսենի մեծահոգությունն էր հիմք դարձել, որ հանգուցյալ Վարչապետը, դեռևս 2006-ին որոշում կայացնի` Գյումրիի մանկատունը նրա անվամբ կոչելու: Խորհրդանշական էր նաև արդեն ավանդույթ դարձած Ֆր. Նանսենի անվան հուշամեդալներով հայ ազգին իրենց ավանդը բերած անհատների պարգևատրման արարողությունը: Առավել ազդեցիկ էր հատկապես Ավանի թաղապետ Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻ պարգևատրումը: -Պարգևատրումը պարտավորեցնում է չմոռանալ ազգի նվիրյալներին և նրանց հիշատակը վառ պահել եկող սերունդների հոգում,- ասաց նա: Նույն հուշամեդալով պարգևատրվել էր նաև նրա հայրը: Իսկ Լիլիթ Ասատրյանի համար հուշամեդալին արժանանալը մեծ պատիվ է` օրվա խորհրդից բխող երկու պատճառներով` - Նախ որ մեծ հայասերի, մարդասերի անունն է կրում այդ հուշամեդալը և երկրորդ, որ այն հանձնվեց լուսահոգի Վարչապետի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: *** Այս ամենը թերևս ապացույցն է այն բանի, որ հայ ժողովուրդը կարողանում է գնահատել իր ազգի երախտավորներին. - Իսկ երբ ձեռք է բերել իրեն անմնացորդ նվիրված բարեկամներ, ոչ միայն սիրել է նրանց, այլև սրբացրել,- նշում է Ֆ. Բախչինյանը:- Ֆրիտյոֆ Նանսենը և նրա ոգու կրողները մեր լուսավոր ապագայի, մեր վաղվա օրվա առհավատչյան են… Ներկաները ջերմորեն ընդունեցին նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին, Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ Հայկ Քոթանջյանին, ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին, Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանին, Նիկոլայ Ստեփանյանին (Սպիտակում երկրաշարժից հետո հիվանդանոց կառուցելու համար. ի դեպ, այդ հիվանդանոցը կառուցել են նորվեգացիները, նախագծել է Նանսենի` մասնագիտությամբ ճարտարապետ թոռը, այն այժմ կոչվում է Նանսենի անվամբ) հուշամեդալով պարգևատրելու իրողությունը: Օրվա խորհուրդը լրացրին Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը (գեղ. ղեկ.` Լիլիթ Գրիգորյան), նույն եկեղեցու մանկական երգչախումբը, Գյումրիի մանկատան սաները: Վերջինների շուրթերից հնչող երգը կարծես հայ ժողովրդի լուսայգի հավերժող երգն էր…

Զ. ԴԻԼԱՆՅԱՆ