Հանրապետականը բանակցել պատրաստ է


ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը 2007 թ. մայիսի 12-ի ընտրությունները համարել է 21-րդ դարում Հայաստանում անցկացված լավագույն ընտրությունները: Ի՞նչ է հաջորդելու Էդ. Շարմազանովի գնահատմամբ, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններին, որտեղ ՀՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների գերակշիռ մասը: Ապագա խորհրդարանում սպասվելիք շուրջ 65 մանդատը կուսակցությանը միանձնյա կառավարման հնարավորություն է տալիս: Սակայն, Էդ. Շարմազանովի պնդմամբ` դա կուսակցության համար գերակա նպատակ չէ, և ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել խորհրդարանական մյուս ուժերի հետ: Մասնավորապես ո՞ր ուժի հետ և ինչպե՞ս` պարզ կդառնա պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, քաղաքական բանակցությունների ընթացքում: Իսկ այսօր արդեն պարզն այն է, որ ՀՀԿ-ն և° գործադիր, և° օրենսդիր մարմնում կլինի որոշումներ ընդունող լուրջ և ծանրակշիռ ուժ: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, ապա, մամուլի պատասխանատուի խոսքով, դա կարող է տեղի ունենալ միայն գաղափարի և ծրագրերի շուրջ: - Մենք արդեն ունենք մեր գործընկերոջ` ՀՅԴ-ի հետ համագործակցելու փորձ,- ասում է նա: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա ՀՀԿ-ն կողմ է կառուցողական ընդդիմությանը և ողջունում է նրանց մուտքը խորհրդարան` բնական ու տրամաբանական համարելով համագործակցությունը նաև նրանց հետ: Միով բանիվ, ՀՅԴ-ի հետ համագործակցության փորձ արդեն իսկ ունենալով, ՀՀԿ-ն պատրաստ է բանակցել նաև թե° ԲՀԿ-ի, թե° «Ժառանգության» և թե° «Օրինաց երկրի» հետ: Միայն թե վերջինի պարագայում մի փոքր վերապահությամբ. «նույն գետը երկու անգամ չեն մտնում»: Սպասենք իրերի ընթացքին և տեսնենք, թե ինչ գետեր են իրար խառնվելու և ինչ ճամփով են հոսելու:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ