Դիտորդները յոլա չգնացին


Կոմիտաս 29 հասցեում հանգրվանած «Հայերկրաբան» գիտահետազոտական ինստիտուտի և Բնապահպանության շրջակա միջավայրի մոնիտորինգի լաբորատորիայի շենքում էր տեղակայված թիվ 4 ընտրատարածքի թիվ 20 ընտրատեղամասը: Չգիտեմ, թե այստեղի պայմաններն ինչպես են ազդում այս հիմնարկների աշխատանքի արդյունքների վրա, բայց ընտրական տեղամասային հանձնաժողովին տրամադրված պայմանները, մեղմ ասած, հեռու, շատ հեռու էին քաղաքակրթության նվազագույն մակարդակից: Հանձնաժողովը ստիպված էր խցկվել քվեարկության համար չափազանց փոքր տարածքում, հանձնաժողովի նախագահ Նարինե Պողոսյանը անձամբ էր լեզու գտել էլեկտրիկների հետ` համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով, իսկ սանիտարահիգիենիկ պայմանները… - Յոլա գնացեք, միշտ էլ էսպես է եղել, ճար չկա, միջոցներ չունենք,- հանձնաժողովի դիմում-բողոքներին պատասխանում էր շենքի տնօրինությունը: Հանձնաժողովը յոլա գնաց` այդ մասին արձանագրելով իր մատյանում: Բայց ԵԱՀԿ դիտորդները յոլա չգնացին, և շենքային պայմանները տեղ գտան ընտրություններում եղած տեխնիկական թերությունների մասին նրանց արձանագրություններում: