ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Համաձայնագիր` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում` Կրեմլի «Սբ Եկատերինայի» սրահում մեկտեղել էր Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահներին` քննարկման առանցքում ունենալով ավելի քան երկու տասնյակ հարց: Գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահը: 2008թ-ի սեպտեմբերից կառույցում նախագահող Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, ովքեր մասնակցել են նախագահների նեղ կազմով նիստին ու փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած պատվիրակությունների` «1+5» ձեւաչափով ընդլայնված կազմով հանդիպմանը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի ընթացքում նախագահներն ստորագրել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը, կից փաստաթղթեր, որոնք սահմանում են այդ ուժերի կարգավիճակը, ձեւավորման, գործունեության կարգը, կիրառության կանոնները, հավաքական ուժերի կազմը: