Ինքնաշեն նավթամուղ


Բելառուսի պետական սահմանով անցնող նավթամուղը հայտնաբերել են ՊԱԿ¬ի աշխատակիցները, թեև այն լավ քողարկված է եղել (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը): Պոմպի օգնությամբ վառելիքը դրանով հոսել է «Բալթիական երկրներից մեկը»: Իսկ թե ո՞վ է այն տեղադրել` առայժմ անհայտ է: Պետանվտանգության աշխատակիցներն ամբարտակել են արտասահմանյան նավթի ապօրինի արտահանման մեկ այլ խողովակ ևս: Վիտեբսկի մարզի լոկոմոտիվային դեպոներից մեկի երկու մեքենավար կասկածվում են, որ օգտագործած վառելիքի իրական ծախսը մեծ թվերով են ներկայացրել և ավելցուկը վաճառել են արտասահմանում: Ինչպես պարզաբանել է գործակալությունը` Բելառուսում վառելիքը գրեթե 2 անգամ էժան է, քան Եվրամիության կազմում գտնվող հարևան երկրներում: Մինչ վերջերս մեքենատերերը կարող էին մի քանի անգամ մեքենաները լցավորել այնտեղ ու այդ կերպ բենզինն արտերկիր տեղափոխել: Բայց հունիսի 10¬ից, երկրի կառավարության որոշմամբ սահմանափակվել է ավտոլցավորումը. ֆիզիկական անձինք գործող ցածր գներով իրենց մեքենաները կարող են լիցքավորել 5 օրը 1 անգամ: Դրանից ավելի դեպքում ստիպված կլինեն արտահանման տուրք վճարել: Նման սահմանափակումներ են գործում նաև շաքարի, ալյուրի, պանրի, կենդանական յուղի, ծխախոտի և արտահանվող այլ ապրանքատեսակների համար: Ուսանելին, թերևս այն է, որ վերավաճառքի նպատակ չունեցող բելառուսցու համար առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկացել: