ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ


Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումն է շնորհվել նշանավոր կոմպոզիտոր Արամ Սաթյանին: Լուրը շատերին զարմացրեց, որովհետև գրեթե բոլորը համոզված էին, որ կոմպոզիտորը շատ վաղուց էր արժանացել այդ կոչմանը` այժմ սպասելով ժողովրդական արտիստի կոչմանը... Սակայն մեզանում երբեմն պարադոքսներն են գլուխ բարձրացնում` այդպես էլ ճիշտ ժամանակի մեջ չգնահատելով արվեստագետին: Ինքը` Արամ ՍԱԹՅԱՆԸ, շատ հանգիստ վերաբերվեց այս զարմանքին... ասելով. - Մի՞թե կարևոր է, թե երբ են գնահատում քեզ ու կոչման արժանացնում: Անհամբեր չեմ սպասել այդ կոչմանը, ջանք չեմ գործադրել դրա համար: Անգամ չեմ էլ նկատել, որ իմ անվան կողքին չեն եղել պատվավոր կոչումների շարքեր: Ստեղծագործել եմ ինձ համար, ունկնդրի համար, գրել եմ երգեր, այլ ստեղծագործություններ... Դրանք կատարվել ու կատարվում են: 1980-ականներին Արամ Սաթյանի երգերը հնչում էին ամենուրեք, զարդարում էին մեր բոլոր երգիչ-երգչուհիների երգացանկերը, հոգեմոտ զրույց վարում ունկնդրի հետ: Շատ երգեր մասնակցում էին միջազգային փառատոների` Սաթյանի միջոցով պատկերելով ժամանակակից հայ երգի շարժումն ու էվոլյուցիան. - Այդ ամենի համար նախապայմաններ կային: Մի քսան տարի առաջ, երբ երաժշտական շուկան Խորհրդային Միությունն էր, ես իրոք պահանջված երգահան էի: Այն ժամանակ ամեն ինչ կենտրոնացած էր Մոսկվայում, և ծանոթությունը, բարեկամությունն ու բարեխոսությունը չէին անցնում: Միայն որակն էր անցնում: Երբ ինձ ուղարկում էին արտասահման, համոզված էին, որ մրցանակով կվերադառնամ: Երբ 1970-ականներին Հունգարիայում եվրոպական երկրների մինչև 30 տարեկան կոմպոզիտորական ներկայացուցիչների մրցույթ-փառատոնում հաղթեցի, գիտե՞ք, թե ինչ էր դա նշանակում: «Սովետը» հասկանում էր... Այստեղ հիմա այն վիճակն է, կարծես արմունկով անընդհատ փորձում են հրել: Ես հրմշտել չեմ կարողանում: Այսօր սուտն ավելի շատ է: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ մասնակցել է միջազգային փառատոնի, նույնիսկ դափնեկիր է, և ոչ ոք չի էլ փորձում ճշտել` դա իսկապես այդպե՞ս է, թե՞ ոչ: Կարող են մասնակցել չորրորդ կարգի մրցույթի և այն ներկայացնել այլ լույսի ներքո: Իսկ այն մարդիկ, ովքեր իսկապես մասնակցում են առաջնակարգ մրցույթների, շատ չեն խոսում այդ մասին: Ինձ համար կարևորը ստեղծագործելն է: Պրոդյուսերական և և մենեջերական գործունեությունը մեզանում ճիշտ հիմքերի վրա դրված չէ, քանի որ նրանք չեն հետաքրքրվում լուրջ երաժշտությամբ ու լուրջ արվեստագետներով: Ավելի շահավետ է դրսից լավ երաժիշտներ, կատարողներ բերել և նրանց միջոցով գումար աշխատել, քան փող ծախսել` այստեղի երաժիշտներին դուրս տանելու վրա: Կարծում եմ, որ վիճակն աստիճանաբար կշտկվի: Փոփոխվող ժամանակների հետ շատ բան փոխվեց մեր կյանքում. այդ թվում և ճաշակները: Ու Արամ Սաթյանն էլ դարձավ մեկը մեր այն կոմպոզիտորներից, որոնց ստեղծագործությունները քիչ են կատարվում: Սակայն նրանք միշտ հիշվում են: Կոմպոզիտորը ստեղծեց «Լիլիթ» ռոք-օպերան, որն իր տեսակի մեջ առաջինն է մեզանում: Մշտապես և ամենուրեք կոմպոզիտորն իր համար առաջնային դարձրեց բարձր արհեստավարժությունը, համարեց, որ ցանկացած պահանջարկ պիտի բխի արհեստավարժ պահանջմունքներից. - Եթե պահանջարկը սիրողական է, արվեստն էլ է սիրողական դառնում: Նախկինում, երբ պրոֆեսիոնալների հետ էին երգիչներն աշխատում, պրոֆեսիոնալը նրանց թելադրում էր նաև ոճական որոշակի առանձնահատկություն: Արդյունքում` մեր այն ժամանակվա շատ երգիչներ հայտնի անուններ են: Այսօր ամեն ինչ այլ է: Ես էլ եմ գտնում, որ երգ պիտի գրի նաև երիտասարդ մարդը, բայց այդ երգում պիտի երևա նրա դեմքը, այն չպիտի դառնա կիսատ-պռատ պլագիատ: Գլուխ չգովեմ, բայց ժամանակին, երբ երգերս հնչում էին տարբեր բեմահարթակներում, պատկանելությունը իսկույն զգացվում էր: Թե չէ` այսօր երգեր են ստեղծվում, որոնց լեզուն եթե փոխես, կարող ես երգել և´ պարսկերեն, և´ անգլերեն, և´ ֆրանսերեն... Երգիչներն էլ կատարողական մակարդակ չունեն: Այսօր լայնաշունչ երգեր չեն գրվում, որովհետև այդպիսի երգեր չեն կարող կատարել... Առաջին անգամ, երբ ռադիոյում Զառա Բաբայանին լսեցի, զարմացա, Երվանդ Երզնկյանից հետաքրքրվեցի` ո՞վ է երգչուհին... Ցավոք, այսօր Զառա Բաբայանը կատարում է ոչ այն, ինչ թույլ են տալիս իր ձայնային հնարավորությունները: - Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ մշակութային ազգ ենք, որ դարեր ի վեր գոյատևել ենք մեր մշակույթի շնորհիվ: Ոմանք էլ մշակույթի կողքին դնում են գաղափարախոսություն բառը` այսպիսով կարծես մրցակցություն ձևավորելով գաղափարախոսության և մշակույթի միջև: Ըստ Ձեզ, իբրև գոյատևման առհավատչյա, ո՞րն է առաջնայինը: - Գաղափարախոսությունը հավերժ չէ, այն ժամանակ առ ժամանակ փոխվում է, ենթարկվում տվյալ պատմական ժամանակաշրջանի պահանջներին և հայեցակար գերին: Շատ ենք վիճում ազգային գաղափարախոսության շուրջ, բայց այդպես էլ չենք կարողանում հաստատել, թե ո՞րն է այդ ազգային կոչված գաղափարախոսությունը: Մինչդեռ մշակույթն իր գաղափարախոսությունը և իր գործառույթը չի փոխում, այն միշտ կոչված է ձևավորելու գեղեցիկը, վեհը, ոգեղենը: Իսկական արվեստագետն իր տաղանդով ու շնորհներով բարձրացնում է իր ազգի մշակույթը, հարստացնում այն, նրա մեջ ամբարում ազգի հոգևոր կուտակումները, որոնք ուղենիշներ են դառնում: Ինձ համար արվեստագետը զինվոր է, ով պահպանում է մեր ազգային դիմագիծը: Ուրեմն, բոլոր ժամանակներում արվեստն ու մշակույթն են առաջնայինը, մինչդեռ գաղափարախոսությունը չի կարող հավերժական լինել: Արվեստի հավերժական ներկայությունն է ապրեցնում ցանկացած ազգի: - Վերջին տարիներին մեզանում շատ բան է փոխվել, տարուբերվել են ճաշակներն ու ընկալումները: Հիմա բոլորովին այլ երաժշտություն է հնչում, որն էլ իր «գրգիռներն» է ծնում: Կարո՞ղ ենք հաստատել, որ երաժշտությունն ունենալով չափանիշ` կորցրել ենք մեր ազգային դիմագիծը: - Ազգային դիմագիծը ձևավորում են անհատները, հզոր անհատները, ովքեր իրենց մեջ խտացնում են ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը: Մեր կոմպոզի տորական դպրոցն ունի այնպիսի անհատներ, ովքեր այսօր ներկայացնում են մեր ազգը դրսում` արտասահմանյան երկրներում, ովքեր միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Նրանց կողքին, անշուշտ, կան միջակություններ, որոնք այսօր պարզապես հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց: Ցավոք, հիմա նրանք են թելադրում շատ հարցեր: Տեղին է հիշեցնել աֆորիզմը. «Տաղանդավոր մարդկանց պետք է օգնել, իսկ անտաղանդներն իրենց ճանապարհն իրենք կհարթեն»:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ