Թուրքերը վերջապես զղջացին


Օրեր առաջ թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբը, նմանակելով հայ-ազատագրական հանրաճանաչ »Զարթի´ր լաո»-ի երաժշտությունը, ընդունեց նոր հիմն: Ադրբեջանա-թուրքական պլագիատաքաղաքականության (թույլ տվեք հնարել հատուկ տերմին մեր անփառունակ հարևանների համար) հերթական դրսևորումը ևս չվրիպեց մեր հասարակության ուշադրությունից` ինչպես և մյուս ոլորտների մշակութային արժեքների հափշտակումը: Որքան էլ զարմանալի է, բայց մեր թուրք «բարեկամներն» այս անգամ որոշեցին խոստովանել, որ երաժշտությունը հակաթուրքական տեքստով հայկական երգինն է, իսկ հիմնի «հիմնադիր» Հաքան Յավուզը վրդովված ասել է, որ իրենք այդ երգը այսուհետ չեն երգելու: Թե նա ում էր ուզում վախեցնել նման կեցվածքով, իր երգահենության համար ում էր «պռոշ անում»` փոքր-ինչ անհասկանալի է: Ամենաուշագրավը թերևս այն է, որ ադրբեջանական մամուլը, չկարողանալով մարսել նման «ստորացումը», չդիմացավ և կարծիք հայտնողի «լրջությամբ» բարբաջեց, թե «Զարթի´ր լաո» երգի երաժշտությունը վկայում է հայերի անտաղանդության մասին: Այսինքն, ըստ ադրբեջանական տրամաբանության, այն, ինչը չեն կարողանում մեզանից խլել, դա անճաշակ և միջակ մշակույթ է: Սա ո´չ ավել, ո´չ պակաս` պարզագույն դրսևորումն է հին հայկական ասացվածքի` «Աղվեսի դունչը խաղողին չհասավ` ասաց` խակ է»: Ցավոք, նման «վառված» կեցվածք մեր հարևանները ոչ միշտ են ընդունում և նախընտրում են օրինակ «Sari Gelin»-ը կամ «Սարի աղջիկը» դարձնել հին-հնագույն ազերիաթուրքական (սա էլ նրանց հիվանդ երևակայության արդյունքում առաջացած հասկացություն է) մշակույթի մաս, իսկ հայկական դուդուկն էլ աղավաղել են ինչ-որ «տյուտեկ»¬ի: Մի խոսքով, նման անհեթեթությունների շարքն անսպառ է: Անկեղծ ասած, չէի ցանկանա վիրավորել մեր ո´չ արևելյան, և ո´չ էլ արևմտյան հարևաններին, բայց ամենահմուտ մշակութահենն անգամ չի կարող պատմություն կոչվող փաստագրությունն աղճատել: Սա այն դեպքը չէ, թե ով շուտ ասի կամ բարձր ասի, նա էլ ճշմարտությունն է ասում, և կամ էլ կիրառի Հիտլերյան «PR» միջոցների հիմնաքարերից մեկը համարվող «Big Li»-ն կամ «Մեծ Սուտ»-ը, որը բառացիորեն առաջարկում է հետևյալը. - Եթե չեն հավատում քո ստին, ապա փորձիր այն հիմնավորել ավելի մեծ ստով: Այնպես որ, մեր հարևաններին մաղթենք համարձակություն, որպեսզի նայեն ճշմարտության երեսին, և հոգ չէ, փորձեն գտնել կամ ստեղծել իրենց տեղը աշխարհի մշակութային արևի տակ: Միայն թե` հանկարծ Չինգիզ խանի օրը չընկնեն, ով առաջին անգամ հայելու մեջ իր դեմքը տեսնելով` լաց է եղել:

Էրիկ ԵՐԻՑՅԱՆ