18 հունիսի


1992 թ.Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասի զավթման, հանրապետության ավելի քան 40 հզ. բնակիչների տեղահանման, տասնյակ բնակավայրերի ավերման ու հրկիզման, հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու և գերեվարման հետևանքով ԼՂՀ-ում ստեղծվել էր ծանր կացություն: Այդ աննախադեպ հարձակման հետևանքները վերացնելու, հանրապետությունում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու, ռազմաքաղաքական իրավիճակն առողջացնելու նպատակով հունիսի 18-ին հրավիրվել է ԼՂՀ ԳԽ նախագահության նիստ, հայտարարվել արտակարգ դրություն և որոշվել հանրապետության ամբողջ տարածքում անցկացնել համընդհանուր զորակոչ, իսկ տեղերում սկսել պարտիզանական պատերազմ: ԼՂՀ Նախարարների խորհրդի 18.6.1992-ի N 41 որոշմամբ` հաստատվել է անցագրի տարբերակ, որը տրվել է հանրապետության սահմաններից դուրս մեկնողներին (հաշմանդամներ, հղի կանայք, թոշակառուներ և այն անձինք, ովքեր այլ հանրապետություններում ունեցել են համապատասխան գրանցում): ԼՂՀ Նախարարների խորհրդի որոշմամբ` հանձնաժողովին իրավունք է տրվել բռնագաղթածների տեղավորման համար օգտագործել բոլոր պիտանի շենքերը: