ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանին նվիրված հուշ-ցերեկույթին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա -դասախոսական կազմը, ուսանողներ և ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից: Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը` Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Առանձնահատուկ կարևորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրա Պողոսյանը այն անհատներից է, որոնք կանգնած են Հայկական բանակի ստեղծման ակունքներում»: Խոսելով ազգային հերոսի թողած հոգևոր ժառանգության մասին` Պաշտպանության նախարարը նշել է, որ նրա պատգամները այսօր կատարում են Հայոց բանակի զինվորները` աչալուրջ հսկելով մեր հայրենիքի սահմանները: