ՏՐՈՀՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ


ՀՀՇ-ն քայքայվում է: ՀՀՇ-ի հետ` նաև Հայ ազգային կոնգրեսը: Սա այսօր արդեն անառարկելի և անմերժելի փաստ է, որը սկսել է զբաղեցնել քաղաքագետներին, ովքեր դեռ վերջերս հայտարարում էին, թե քաղաքական դաշտում տեղի են ունենում առողջացման գործընթացներ, որոնց կենտրոնում Լևոն Տեր- Պետրոսյանի գլխավորած ուժն է: Այսօր այդ ուժն արդեն մասնատվում ու կոռոզիայի է ենթարկվում` այս իրողությամբ հանգեցնելով մտահանգման, որ Հայաստանի անկախ հանրապետության մեջ ավարտվում է մի մեծ պատմական ժամանակաշրջան` սկիզբ դնելով նորին: Սա լրագրողական հետևություն չէ լոկ: Հրապարակ գալով 2008-ի նախագահական ընտրություններից հետո և իր շուրջ համախմբելով տասնյակ հազարավոր մարդկանց` Հայ ազգային կոնգրեսն, ըստ էության, ոչ թե որդեգրեց նոր քաղաքական սկզբունքներ և միտումներ, այլ կրկնեց ՀՀՇ-ի շարժման «կորագիծը»` երկիրը վերադարձնելով 1988-ի նախագծին: Նո´ւյն հեղափոխական կոչերն ու ռոմանտիկական դրսևորումները, նո´ւյն վերջնագրերն ու իշխանական ամբիցիաները, նո´ւյն մեթոդաբանությունը, նո´ւյն վերլուծական-կրքոտ ելույթները, որոնք հանրահավաքները վերածեցին քաղաքական մեկնաբանություններով հարուստ դասախոսությունների` ցույց տալով ՀՀ առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հասունությունը... Սակայն այս ամենն արդեն անցած ուղու կրկնությունն էր, անցած ու մոռացվող մեթոդաբանության «ռեանիմացիայի» փորձ, որը, բնականաբար, չէր կարող արդյունավետ լինել փոփոխվող աշխարհում, նոր քաղաքական սկզբունքների հաստատման պայմաններում: Բազմամարդ հանրահավաքները ոչ թե հեղափոխական վերելքի, այլ` ընդդիմության քաղաքական-գաղափարական ճգնաժամի արտահայտությունն էին, հաստատումն այն իրողության, որ, իրապես, Երրորդ հանրապետության մեջ արդեն իսկ ավարտվել է մի մեծ շրջան: ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի արտասանած ճառը քաղաքագիտական մեծ արժեք էր, դասագրքերին արժանի երևույթ, որում նախկին Նախագահը ոչ թե նոր ուրվագծեր էր ներկայացնում, այլ, ըստ ամենայնի, ամփոփում էր մի ողջ պատմաշրջան, քաղաքական պայքարի արդեն հեռացող «գումարելիները»: Զարմանալի է, որ մեր քաղաքագետներն ուշադրություն չդարձրեցին այս փաստին, չուզեցին համակողմանի գնահատական տալ ճառին` ամփոփելու համար ընդդիմության անցած ճանապարհն ու այլևս «արխիվ» ուղարկելու պայքարի այդ ընթացքը: Այդ ճառը նաև յուրատեսակ քաղաքական հրաժեշտ էր, որի «հանապազակոծ» տրամադրությունները վարպետորեն թաքցրեց Լևոն Տեր-Պետրոս յանը` հերթական անգամ սպասման մեջ պահելով «կրիտիկական զանգվածին»... Այս ամենի հետևանքն է նաև ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի քայքայումը, որը տեղի է ունենում «բնականոն» ընթացքով` ի հայտ բերելով այն «խորդուբորդությունները», որոնք բնավորվել են այս ուժի ներսում: Որոշ վերլուծաբաններ այն միտքն են հայտնում, թե ՀՀՇ-ի քայքայման «ստարտը» տվել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը` կուսակցության 16-րդ համագումարում: Հենց նա կարողացավ համագումարի ընթացքում «շրջադարձ» գրանցել և փոխել ՀՀՇ-ի ղեկավարությունը` ձևավորելով 31 հոգուց բաղկացած վարչություն, որն այս դեպքում չափազանց «ձեռնասուն» էր և ենթարկվող: Կուսակցությունից հեռանալու առաջին քայլն արեց Կարապետ Ռուբինյանը` ամենահավասա րակշռված ու սեփական կենսագրությունը ստեղծած քաղաքական գործիչը, ով, բնականաբար, չէր կարող ենթարկվել այն «կանոններին», որոնք թելադրվում էին Տեր-Պետրոսյանի կողմից: Ռուբինյանը նաև տեսավ ու հասկացավ, որ քաղաքական պայքարը վերածվել է երևութական մի իրողության, որը հենվում է ոչ թե ծրագրերի, այլ ամբոխավարության հին ու մաշված սկզբունքների վրա` առաջ մղելով Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, եզակի կարծիքի մենաշնորհը: Ռուբինյանից հետո հեռացավ Խաչատուր Քոքոբելյանը, ինչը նշանակում էր, որ ՀՀՇ-ն իսկապես կանգնում էր լուրջ փորձությունների առջև, որովհետև հեռանում էին ոչ թե շարքային անդամները, այլ նրանք, ովքեր տարիներ շարունակ ջանացել էին պահել կուսակցությունը, զանգվածներին տրամադրել պայքարի ու հեղափոխական տրամադրությունների: Իհարկե, ոչ ոք չի ուզում նկատել այն հանգամանքը, որ «բեկումը» սկիզբ էր առել դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո, երբ շատ ու շատ ՀՀՇ-ականներ տեսան կատարվածի «ենթատեքստը», հասկացան, որ իրականում եղել են սադրանքներ, որ ընդդիմությունը բնավ էլ անմասն չէր այն ողբերգությանը, որը հրահրվեց... Այսօր ՀՀՇ-ն հայտնվում է ավերակների վրա` այլևս չունենալով գաղափարական և ծրագրային այն պաշարը, որով հնարավոր է լինելու երկխոսություն վարել և ստանձնել ընդդիմադիր զանգվածի առաջնորդի դերը: ՀՀՇ-ՀԱԿ ամուսնությունն էլ փլուզվում է, որովհետև նույն դեմքերով ու նույն առաջնորդներով այլևս հնարավոր չէ նոր քայլեր իրագործել: Ավելին, ՀԱԿ-ին փոխարինելու է գալիս «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի անունն իսկ հաստատում է, որ ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի ներսում հենց ժողովրդավարությունն է վտանգվել, որ այստեղ գործել են դիկտատորական մեթոդները` ընդդիմադիր շարժումը վերածելով մեկ անձի «ամբիոնի»: Քաղաքական գործընթացները երբեք չեն սիրում քայլերի կրկնություն և իմիտացիա: Մինչդեռ ՀԱԿ-ի շարժումն իմիտացիոն շարժում էր, որի գերնպատակը ոչ թե երկրում բարեփոխումների ալիք ձևավորելն էր, այլ` խորհրդարանում տեղեր զբաղեցնելը, ինչը, հավանաբար, տեղի կունենա, որովհետև իշխանության համար չկա առավել ընդունելի տարբերակ, քան` խորհրդարանում այսպես կոչված ընդդիմադիրներին տեղեր հատկացնելով` բավարարել նրանց ամբիցիաները: Չի բացառվում, որ 2012-ին իշխանության ձևավորման գործընթացներում կարող են ընդգրկվել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք, բնականաբար, չեն հրաժարվի նաև պաշտոններ ունենալ ու վերադարձնել իրենց նախկին «բարեկեցությունը»: Հունիսի 30-ին ՀԱԿ-ն իր հերթական հանրահավաքն է հրավիրել: Այն հաջորդելու է Կազանում նախագահների կայանալիք հանդիպմանը: Այժմ, վերջնականապես հաստատելով, որ չունի գործունեության ծրագիր և գաղափարախոսություն` ՀԱԿ-ը հենվելու է այն արդյունքների վրա, որոնք արձանագրվելու են Կազանում: Ուրիշ ասելիքներ այսօրվա դրությամբ այս ուժը չունի: Բայց կազանյան հանդիպման «բոցաշունչ» վերլուծությունը» հազիվ թե վերականգնի ՀԱԿ-ի հեղինակությունը, որովհետև հասարակության մեջ արդեն իսկ ակնբախվել է «հալոցքը», արդեն բոլորը տեսնում են, որ ներսից քայքայվող ՀԱԿ-ը ի զորու չէ ավարտին հասցնելու այն նախաձեռնութ յունները, որոնց մասին բարձրաձայնում էր երեք տարի շարունակ: Ուրեմն, իսկապես ավարտվում է մի մեծ փուլ` սկիզբ դնելով նորին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ