Ո՞Վ ԷՐ ԱՍՈՒՄ


Ասում են, թե միայն վատ լուրերն են շուտ տարածվում: Թեև պատահում է, որ եթե լավ լուրն էլ վաղուց ու շատ սպասված է լինում, տարածվելիս նույն արագությունն է գրանցում: Այս առումով բավական ոգևորիչ էր օլիգարխ¬պատգամավորներից մեկ¬երկուսի հայտարարությունն` առաջիկա խորհրդարանական ընտրություններում չառաջադրվելու և միայն բիզնեսով զբաղվելու ու դրանով իսկ աննպատակ ու անարդյունք քաղաքական թափառումներին վերջ տալու մասին: Այս լավ լուրն իսկապես շատերին այնքան էր ոգևորել, որ արդեն սկսել էին կարծիքներ հնչեցնել, թե այդ մարդիկ վերջապես սկսել են իրենց տեղն ավելի լավ պատկերացնել և անելիքն ավելի լավ հասկանալ: Թվում էր, թե նրանց ինքնահաշվետվության զգացողությունը աճ է արձանագրել, և զուգահեռաբար մեծանալու է նաև նմաններից ձերբազատվել ձգտող խորհրդարանի հեղինակությունը: Բայց, ինչպես ասում են, ուրախությունը կարճ տևեց, ու այս օրերին գործող կամ Ազգային ժողովում երբևէ ներկայացված մեծահարուստների հին ու նոր սերունդները մեկը մյուսի հետևից ընտրություններում առաջադրվելու իրենց մտադրության մասին են հայտարարում: Որքան էլ միմյանցից անկախ, բայց վերջին օրերին առաջադրումների անխուսափելիությունը փաստող հայտարարությունների այնպիսի տարափի ականատեսը եղանք, որ Երևանն այս իմաստով այլևս «օկուպացված» կարելի է համարել: Ընդ որում, մեր օլիգարխներին մայրաքաղաքն արդեն նույնիսկ մի քիչ փոքր է թվում. ընտրատարածքները քիչ են, առաջադրվել պատրաստվողները` մի քանի անգամ ավելի շատ: Ուստիև, եթե անգամ հանրությունը որոշի համախմբվել և զանգվածաբար բոյկոտել պատգամավորացուների այս տեսակը, ապա պարզվելու է, որ հավանական այլընտրանքն էլ նույն «դասի» ներկայացուցիչն է: Այսինքն, Երևանն ընդգրկող ամեն մի ընտրատարածքի հետ արդեն իսկ մի քանի նման անուն է կապվում: Այնպես որ, երևանցիներս դարձյալ ստիպված ենք լինելու ընտրություն կատարել մականունավոր ների միջև: Իսկ եթե գտնվեն «շարքային» միամիտներ, ապա գոնե պետք է գիտակցեն, որ իրենք միմիայն գլխաքանակ են ապահովելու: Կամ, գուցե, անուն շրջանառելու, ինչո՞ւ չէ, մի քիչ էլ գումար վաստակելու: Նման դեպքերում, երբ փողն ու «ավտարիտետ» լինելն է հաջողությունը կանխորոշում, պատահականությունը երբեք չի կարող ընթացք փոխել: Այդպիսի նախադեպեր անհնար է հիշել: Ավելի հավանական է, որ օլիգարխների հետ որևէ մեկը չձգտի էլ անիմաստ պայքարի մեջ ներքաշվել... Սրանում արտառոց ոչինչ չկա: Մանավանդ, որ ընտրական սցենարները կրկնվելու սովորություն ունեն, իսկ սպասվող քվեարկությունը կարծեք թե չի խոստանում նախորդներից որևէ կերպով տարբերվել: