Փակե՞նք մեր աչքերը «մատի և մատանու» միջև


Սովորաբար անձրևից հետո են սնկերը շատանում, բայց մերօրյա իրականության մեջ առանց անձրևի էլ սնկի պես բարձրանում են նորակառույցները` մայրաքաղաքի ճարտարապետական ոճին անհարիր: Գյուղակադեմիա վերանվանված երբեմնի գյուղինստիտուտը, որը վաղուց անհրաժեշտություն ուներ գոնե կոսմետիկ վերանորոգմամբ փոխելու իր երկու մասնաշենքերի արտաքին ու ներքին տեսքը, այսօր փոխել է միայն անունը` Ագրարային համալսարան: Ու, իբր համալսարանի ավտոտնակների անփույթ շարքերը վարագուրելու նպատակով, համալսարանի ղեկավարությունը չգիտես ինչու` հսկայական տարածք է տրամադրել իր մասնաշենքերի թշվառությունն առավել ընդգծող ութհարկանի այն շենքին, որի մասին ամենատարբեր կարծիքներ են հնչում: Ավելի ստույգ` ոչ թե շենքի, այլ դրա տիրոջ կամ տերերի: Շենք, որը գտնվում է այդ հարթության մեջ, բայց չի պատկանում այն հարթությանը, որի մեջ «ծլարձակել» է` «էս ո՞վ է եկել, տիրացել թաքուն...»: Ո՞վ է կատարել հողահատկացումը, ե՞րբ և ո՞վ է տիրացել... Շենքի կառուցման ընթացքին ականատես մի քանիսը պնդում են, որ նախնական պայմանավորվածությունը (կամ` պաշտոնական թույլտվությունը) եղել է 3-4 հարկերի համար: Բոլոր նրանք, ովքեր չվախեցան նշել տարածքը ձեռք բերողի անունը, նշեցին, որ կառույցը ոչ վաղ անցյալում իր «աստեղային ժամերը» նաև այսպիսի շքեղություններով «ամրագրող» «Օրինաց երկրինն» է` հանձին նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի: Իսկ շենքի առաջին հարկում արդեն հասցրել են բացել գրախանութ, «Ֆեմիդա» անվանմամբ ակումբ և մթերային փոքրիկ սրահ: Ասել է թե` եղիցի օրինականությունը` թեկուզ առևտրի ձևով: Մնացած հարկերում էլ, երևի ինչ ուզեն կստեղծեն` հիմնարկներ, բնակարաններ, ում ի՞նչ գործն է, ի՞նչ փույթ թե ագրարայինի ուսանողին նաև մարզահրապարակ է անհրաժեշտ... Իսկ գուցե ավելի լուրջ մտածեն բուհի ղեկավարներն ու երկրիս իշխանավորնե՞րը: Ի՞նչ եք կարծում, պարոնայք, «մատի և մատանու» այս պարագայում նույն բուհի երկու մասնաշենքերի մասնատումը օրինական ու բարոյակա՞ն է:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ